• Հոլանդիայի գյուղատնտեսության առաջընթացի ուսումնասիրությունը եւ զարգացման նոր տեսլականի մշակումը Հայաստանի համար կարող է զգալի հաջողությունների սկիզբ հանդիսանալ

Նիդերլանդները՝ գյուղատնտեսության զարգացման մոդել

Գյուղատնտեսությունը ցանկացած երկրի ազգային տնտեսության անկյունաքարն է: Սա համընդհանուր կիրառության օբյեկտիվ տնտեսական օրենք է:  Մարդիկ չէին կարող գոյատևել, իսկ ոչ գյուղատնտեսական հատվածները չէին կարող զարգանալ առանց գյուղատնտեսության: Պարզ է նաև, որ արդի տնտեսությունը և հասարակությունը չեն կարող հիմնվել հետամնաց գյուղատնտեսության վրա: Երկրի տնտեսությունը «խեղվում» է, երբ գյուղատնտեսության  ոլորտը բավարար ուշադրության չի արժանանում տվյալ երկրի զարգացման ազգային ռազմավարության ծրագրում: Սակայն կան նաև հակառակ օրինակներ, երբ որոշ երկրներում վերելք ապրող գյուղատնտեսությունն ուղեկցվում է հետամնաց, ոչ գյուղատնտեսական ոլորտով կամ անգործունակ ազգային տնտեսությամբ: Եթե գյուղատնտեսությունը քիչ զարգացած է, ապա նման երկրում հնարավոր չէ զարգացնել առաջադեմ տնտեսություն և հասարակություն՝ անգամ համեմատաբար առաջավոր արդյունաբերական ենթահատվածների առկայության պարագայում: Մինչդեռ, եթե երկրի գյուղատնտեսությունն առաջընթաց է ապրում, ապա տվյալ երկիրը պետք է որ առաջադեմ ազգային տնտեսություն և հասարակություն ունենա: Ամեն դեպքում, գյուղատնտեսությունը պետք է լինի երկրի զարգացման հիմնաքարն ու առաջնահերթությունը, հատկապես, եթե խոսքը վերաբերում է մեր երկրի նման՝ ցամաքով և անկախատեսելի հարևաններով շրջապատված երկրի:

Երկրների գյուղատնտեսության զարգացման աստիճանը հիմնականում պայմանավորված է տվյալ երկրի կլիմայով,  աշխարհագրական դիրքով, հողի տեսակով և այլն: Սակայն պարբերականի այս բաժնում մեր նպատակն է ցույց տալ գյուղատնտեսության զարգացման համաշխարհային այն փորձը, ըստ որի զարգացած և զարգացող երկրների միջև գյուղատնտեսական առաջընթացի տարբերությունները պայմանավորվում են սոցիալ-տնտեսական կառուցվածքային, մարդու կողմից ստեղծված ռեսուրսներով` հողի սեփականությունը և վարձակալությունը, ֆինանսները, շուկայավարումը, կրթությունը, գիտահետազոտական ու խորհրդատվական համակարգերը, պետական քաղաքականությունը: Բնակլիմայական պայմաններն անհնար է երկրից երկիր տեղափոխել, սակայն սոցիալական ռեսուրսները և «նոու-հաուն» միանգամայն հնարավոր է: Սա նշանակում է, որ զարգացող երկրները կարող են հաղթահարել իրենց գյուղատնտեսական առաջընթացի տարբերությունները` սովորելով զարգացած երկրներից:

Նման երկրներից մեկի փորձը ներկայացնում ենք ստորև:

Նիդերլանդներ

Նիդերլանդների Թագավորությունը (այլ անվանումներով՝ Նիդերլանդներ, Հոլանդիա) զարգացած երկիր է, որի գյուղատնտեսությունը հայտնի է ամբողջ աշխարհում: Այս երկրի գյուղատնտեսության մասին խոսելիս օտարերկրացիներն առաջին հերթին հիշատակում են ծաղկաբուծությունը, որը Նիդերլանդների խորհրդանիշներից է և այդ երկրի գյուղատնտեսության մասն է կազմում: Վերջինս էլ իր հերթին «հոլանդական տնտեսական հրաշքի» հիմնական բաղադրիչն է հանդիսանում: Նիդերլանդներում գործում են հաջողված կառուցվածքային համակարգեր, որոնք նպաստում են գյուղատնտեսության բարգավաճմանը: Կարևոր է ու անհրաժեշտ ուսումնասիրել հոլանդական գյուղատնտեսության զարգացման փորձը և այն կիրառել Հայաստանում և այլ զարգացող երկրներում:

Հոլանդիայի գյուղատնտեսությունը բաժանվում է երեք ընդարձակ ոլորտի` հողագործություն, կաթնամթերքի արտադրություն/անասնաբուծություն և բուսաբուծություն/այգեգործություն: Գյուղատնտեսական հողերը համապատասխանաբար տրամադրվում են արոտավայրերի, երկրագործական և բուսաբուծական աշխատանքների համար: Երկրի ներքին ջրային ուղիների, պատվարների ու ամբարտակների ընդարձակ ցանցն ապահովում է հեշտ ոռոգելու հնարավորություն` նպաստելով հողերի բերրիության պահպանմանը:

Հողը և աշխատուժը թանկ են Նիդերլանդներում: Հոլանդիայի գիտնականները, ֆերմերներն ու պետությունը միշտ էլ սերտորեն համագործակցել են միմյանց հետ՝ նպատակ դնելով պահպանել մրցունակությունը, խթանել արտադրողականությունը և ապահովել բարձրարժեք արտադրանք:  Արդյունքն ակնառու է. Ռիկ Ցվան (RejikZwan) ընտանեկան ձեռնարկության արտադրած լոլիկի սերմերը ոսկու գին ունեն: Այսօր հոլանդական կովերը երկու անգամ շատ կաթ են տալիս, քան 1960 թվականին: Ամբողջ կյանքի ընթացքում ունեցած կաթնատվության ցուցանիշով հոլանդական կովերն աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում: Արդյունքում գյուղատնտեսական մթերքների արտահանման արժեքով երկիրը զիջում է միայն ԱՄՆ-ին, որի տարածքը 200 անգամ մեծ է Նիդերլանդներից:

Սոցիալիստական բլոկի փլուզումը Եվրոպա բերեց 800մլն արեւելաեվրոպացի սպառող եւ նպաստեց հոլանդական գյուղատնտեսության վերելքին

«Չկա չարիք…» եւ հակառակը

Նպաստավոր գործոններ

Հարթավայրային տեղագրություն

Նիդերլանդների բնակլիմայական պայմանները նպաստավոր են գյուղատնտեսության զարգացման համար, սակայն, կան նաև որոշ անբարենպաստ գործոններ:

Չկան սարեր կամ բլուրներ հիշեցնող բարձրություններ: Սա հարթավայրային երկիր է և Արևմտյան Եվրոպայի ափամերձ հարթավայրի մասն է կազմում: Հարթ տարածքը նպաստավոր գործոն է գյուղատնտեսության համար:

Կլիմա

Թեև Նիդերլանդները գտնվում է 54-51 հյուսիսային լայնության վրա, սակայն ափամերձ Հյուսիսատլանտյան տաք հոսանքի շնորհիվ նրա կլիման մեղմ ծովային է՝  ամառը՝ զով, ձմեռը՝ մեղմ: Թե՛ օրվա, թե՛ տարվա կտրվածքով օդի ջերմաստիճանի մեծ տատանում չի արձանագրվում: Հունվարին միջին ջերմաստիճանը 2°C աստիճան է, իսկ հուլիսին՝ 17°C: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 10°C: Տեղումների միջին քանակը (800մմ) տարվա ընթացքում բաշխվում է հավասարաչափ: Հողը հազվադեպ է սառչում:

 

Հարմար կապ

Նիդերլանդների կապը եվրոպական շրջանների հետ ապահովվում է բազմաթիվ ուղիներով: Աշխարհի ամենաբանուկ ծովը թափվող երեք մեծ գետերի շնորհիվ Նիդերլանդները դարձել է տրանսպորտային ամենամեծ և ամենակարևոր կենտրոններից մեկը: Ծովային բոլոր նավահանգիստները, հատկապես Ամստերդամը և Ռոտերդամը, փոխկապակցված են ներքին ջրային ուղիների բարդ համակարգով, որը տալիս է Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների հետ երկկողմանի ելքի ու մուտքի հնարավորություն: Տասնամյակներ շարունակ Ռոտերդամը եղել է աշխարհի ամենախոշոր ծովային նավահանգիստը, որտեղ տարեկան կառանվում է գրեթե 32 000 օվկիանոսային նավ` տեղափոխելով մոտ 300 մլն տոննա բեռ:

Ռազմավարական դիրքը

Աշխարհագրական առումով Նիդերլանդների ռազմավարական դիրքը խիստ բարենպաստ է:  Երկիրը ոչ միայն դարպաս է դեպի Եվրոպա և հակառակը, այլև հանդիսանում է եվրոպական տնտեսության կարևոր տարածաշրջաններից մեկը: Նման ռազմավարական դիրքը հնարավորություն է տալիս Նիդերլանդներին բավարարելու մայրցամաքի միլիոնավոր սպառողների կարիքները:  Հոլանդիայի գյուղատնտեսությունն անցյալում ևս օգտվել է երկրի բարենպաստ դիրքի առավելություններից: 1900 թվականից սկսած՝ հարևան երկրները՝Անգլիան, Գերմանիան, Բելգիան և Ֆրանսիան, հզոր թափով ձեռնամուխ եղան արդյունաբերական ոլորտի զարգացմանը: Այս երկրների զարգացման մակարդակի բարձրացմանը զուգընթաց աճեց նաև նրանց պահանջարկը՝ ունենալ ոչ միայն բարձրակարգ գյուղատնտեսական մթերք (կարագ, պանիր, ձու, բեկոն և բանջարեղեն), այլև հարակից արտադրանք (սոխարմատ, դեկորատիվ թփեր, արհեստականորեն վաղահաս մշակաբույսեր և այլն), որի մատակարարը Հոլանդիան էր: 1989 թվականին Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում կազմավորվեց մոտ 800մլն սպառող ունեցող միավորված շուկա: Վերացան Հոլանդիայի գյուղատնտեսական արտադրանքը Արևելյան Եվրոպա արտահանելու քաղաքական խոչընդոտները, ինչը թույլ տվեց արտահանել հոլանդական գյուղատնտեսական ապրանքները նշված տարածքներ:

 

Հոլանդիայում կան նաև գյուղատնտեսության զարգացմումը խոչընդոտող որոշ անբարենպաստ գործոններ:

Ամեն բան ունի երկու կողմ: Բնական պայմանների առումով Հոլանդիայի գյուղատնտեսությանը ևս սպառնում են որոշ անբարենպաստ գործոններ:

Անբարենպաստ գործոններ

Սպառնալիք ծովից

Ծովը Նիդերլանդների թե՛ բարեկամն է, թե՛ թշնամին:  Հոլանդացիները դարեր շարունակ սեր-ատելություն փոխհարաբերության մեջ են ծովի հետ:

Նիդերլանդները ցածրադիր երկիր է (այստեղից էլ Նիդերլանդներ՝ §ստորին հողեր¦ անունը): Երկրի ընդհանուր տարածքի ավելի քան 25%-ը  ծովի մակերևույթից ցածր է, իսկ ծովի մակերևույթից ամենացածր կետը մոտ 6.7մ է ցածր: Այդ շրջաններում է բնակվում Նիդերլանդների ընդհանուր բնակչության մոտ 60%-ը: Ժամանակակից պատվարներն ու ջրամբարտակները պաշտպանում են երկրի տարածքի մոտ 40%-ը ծովային հեղեղներից: Գյուղատնտեսությանը սպառնացող վտանգը Հոլանդիայում բազմաբնույթ է: Գարնանային բարձր մակընթացությունները հաճախ քանդում են պատվարները, լվանում տանում են ափամերձ հողերը, ծովի ջրերը էստուարների և ջրթող համակարգերի միջոցով հեղեղում են գյուղատնտեսական հողերը: 1953 թվականի ջրհեղեղի արդյունքում  երկիրը կորցրեց մոտ 150,000 հա գյուղատնտեսական նշանակության հող:

Արեւի լույսի սակավություն

Ծովի պատճառով Նիդերլանդների երկինքը գրեթե միշտ ծածկված է ամպերով: Արևոտ ժամերի տարեկան միջին թիվը կազմում է ընդամենը 1,570 ժամ:  Ամռանը արևի լույսի սակավությունը թույլ չի տալիս զբաղվել որոշ տեսակի մշակաբույսերի մշակությամբ:

Ժողովրդագրական իրավիճակը

Ընդամենը 41526 քառ. կմ տարածքի վրա ապրում է ավելի քան 15.5 միլիոն մարդ: Բնակչության միջին խտությունը մոտ տասն անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը եւ կազմում է մեկ քառ. կիլոմետրի վրա ավելի քան 450 մարդ: Այսպիսով, Նիդերլանդները համարվում է երկրորդ ամենախիտ բնակեցված երկիրը աշխարհում: Բնակչության նման խտությունը լրացուցիչ բեռ է սահմանափակ գյուղատնտեսական ռեսուրսների համար: Հետևաբար, ինչպես ցույց է տալիս պատմությունը, գյուղատնտեսության զարգացումն ավելի ինտենսիվ է: Թեև գյուղատնտեսությունը զարգանում է արագ տեմպերով, սակայն այդ  ինտենսիվ բնույթը բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա: Արդյունքում, երկրի գյուղատնտեսության առջև ծառանում են նոր տեսակի մարտահրավերներ:

Էկոլոգիական խնդիրներ

Նիդերլանդներում ագրոսննդի ոլորտը լավ զարգացած է: Հետպատերազմյան ժամանակաշրջանում գիտության ոլորտի զարգացումը հիմնականում ուղղված էր բարձր արտադրողականությամբ գյուղատնտեսության խթանմանը:  Չնայած նշված մոտեցման  հաջողությանը՝ այսօր ակնհայտ է դառնում, որ այն ունի թերի կողմեր: Մասնագիտացումը հանգեցնում է ոչ միայն շահույթի ստացմանը, այլև էկոլոգիական ճնշումներ է գործադրում շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև «ոտնձգություն» է կատարում հանրային նշանակության տարածքների նկատմամբ: Ագրոսննդի ոլորտը ստեղծում է բնապահպանական ու սոցիալական խոչընդոտներ: Ակնհայտ է, որ այդ ոլորտում անհրաժեշտ է կիրառել կայուն զարգացմանն ուղղված նոր մոտեցումներ: Սա հնարավորություն է ստեղծում ուշադրությունը բևեռել ոչ միայն ոլորտի «բարգավաճման», այլև «մոլորակի» ու «մարդկանց» վրա:

Փաստերը վկայում են

  • երկրի գյուղատնտեսական մթերքների արտահանման ընդհանուր արժեքը՝ 75,4 մլրդ եվրո,
  • սննդի արտադրության բաժինը ՀՆԱ-ում՝ 52,5 մլրդ եվրո,
  • սննդի արտադրության բաժինը Հոլանդիայից արտահանվող ապրանքների մեջ՝ 20%,
  • կարտոֆիլի արտահանման բաժինը համաշխարհային ծավալի մեջ՝ 22%,
  • ֆերմերների եւ գյուղատնտեսությամբ զբաղվող ձեռներեցների քանակը՝ 50 000 մարդ,
  • ոլորտում ներգրավված աշխատատեղերի քանակը՝ 660 000 մարդ,
  • ջերմոցային տնտեսությունների ծավալը՝ 10000 հա, որի կեսը օգտագործվում էր բանջարեղենի արտադրության համար` հիմնականում լոլիկ, բիբար և վարունգ:

Հեռանկար

Իր զարգացման պատմության ընթացքում դառնալով երկրի տնտեսության կարևոր ճյուղը, 20-րդ դարի երկրորդ կեսին արձանագրելով նշանակալից աճը` երկրի գյուղատնտեսությունը հասել է իր ֆիզիկական (մշակվող տարածքների առումով), էկոլոգիական և հասարակական կարողությունների սահմաններին: Առաջիկա տասնամյակում Հոլանդիայի գյուղատնտեսությանը սպասվում են նոր մարտահրավերներ: Գիտական, քաղաքական եւ գործարար ոլորտները աշխատում են առավելագույնս արագ արձագանքել անցումային փոփոխություններին եւ պահպանել առաջատարի դիրքերը գյուղատնտեսության մեջ:

Հեղինակ՝ Գագիկ Սարդարյան