Պոտենցիալ մոդել Հայաստանի համար

Այս մոդելը հատուկ նախագծված է բարձրադիր, քամիներով առատ և սառը կլիմայական գոտիների համար: Այսպիսին է Կութը և Հայաստանի շատ այլ լեռնային բնակավայրեր

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ: Բարձրադիր այս գոտում կլիման բավականին ցուրտ է և քամոտ. կան օրեր, երբ գրանցվում է ջերմաստիճանի կտրուկ անկում մինչև -40°C-ի: Վերջին երկու տասնամյակում համայնքում գրեթե ոչինչ չի փոխվել. չկա ոչ՛ սոցիալական, ոչ՛ տնտեսական զարգացվածության անգամ մի նշույլ: Այստեղ մարդիկ ապրում են անցյալում թողած լավ տարիների մասին հիշողություններով։ Գյուղը հիմնականում բնակեցված է 1988 թվականին Ադրբեջանից բռնագաղթված հայերով և կազմում է շուրջ 70 տնտեսություն, որոնց ապրուստի միակ միջոցը անասնապահությունը և բանջարաբուծությունն է: Ժամանակ առ ժամանակ գյուղաբնակ տղամարդիկ մեկնում են Ռուսաստան՝ սեզոնային աշխատանքի:

Վերջերս այստեղ հայտնվել է սլացիկ, անսովոր ուրվագծերով մի կառույց. սա նոր տիպի,պասիվ արևային ջերմոց է, որը կառուցել է Երևանում հիմնադրված «Բիոջեռուցման լուծումների հետազոտողներ» հասարակական կազմակերպությունը՝ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Կարևորելով էներգախնայողությունը՝ այս նախաձեռնությունը նպատակ ունի ներկայացնելու պասիվ ճարտարապետության և այլընտրանքային էներգիայի տեխնոլոգիաների կիրառման համադրությունը՝ ի շահ գյուղի աշխատավորի:

Պասիվ արևային ջերմոց կառուցելու որոշումը պայմանավորված էր տեղի կլիմայական սաստիկ պայմաններով, մեկուսացված և սահմանամերձ գոտի լինելու հանգամանքով, ինչպես նաև տարածաշրջանում՝ էներգիայի, սննդի և աշխատանքային հնարավորությունների սղության պատճառով:

Յուրահատուկ ճարտարապետություն

Պասիվ արևային ջերմոցը տարբերվում է ավանդականից իր յուրահատուկ կառուցվածքով։ Ջերմոցը երեք կողմից ունի պատեր, իսկ ճակատային՝ հարավային մասը պատված է պոլիէթիլենային ծածկով: Այսպիսով, շինության արևելյան, արևմտյան և, որ ամենակարևորն է, հյուսիսային հատվածները մեկուսացված են:

Հյուսիսային պատի ետևում նաև կառուցվել է պահեստային տարածք՝ ստացված բերքը պահելու համար, որը հնարավորություն է տալիս այն պահպանել հնարավորինս երկար և շուկայահանել ճիշտ ժամանակահատվածում։

Ավանդական ջերմոցը՝ ապակե կամ թափանցիկ թաղանթով պատված կառույց է, որի ջեռուցումը իրականացվում է ինչպես արևի ճառագայթների ներթափանցման միջոցով, այնպես էլ լրացուցիչ ջեռուցման համակարգերի կիրառմամբ։ Սակայն այս տեսակի ջերմոցները չեն պարունակում ջերմակուտակիչ նյութեր, և արևի բացակայության դեպքում շատ արագ սառչում են։ Հայաստանում այս տեսակի ջերմոցները հիմնականում ջեռուցվում են բնական գազով։

Ի տարբերություն ավանդական ջերմոցի՝ պասիվ արևային ջերմոցում արևի ճառագայթները օրվա ընթացքում ներթափանցում են ջերմոց՝ տաքացնելով պատերը (ջերմային զանգվածը), և երբ շրջակա միջավայրի ջերմաստիճանը իջնում է ջերմային զանգվածի ջերմաստիճանից, պատերը վերադարձնում են տաքությունը ջերմոց:

 

Ճշգրիտ դիրքավորում

Պասիվ արևային ջերմոցի տեղանքի ճիշտ ընտրությունն էական նախապայման է արևային ճառագայթների ներթափանցելիությունն առավելագույնի հասցնելու, տաք հոսանքներ կլանելու և ջերմոցի ընդհանուր արդյունավետությունն ապահովելու համար: Այս ճարտարապետության առավելությունը կայանում է նրանում, որ արևի ճառագայթները օրվա ընթացքում ներթափանցում են ջերմոց՝ տաքացնելով պատերը (ջերմային զանգվածը), մասնավորապես 35 մետր երկարությամբ և 3.8 բարձրությամբ հյուսիսային պատը: Երբ երեկոյան շրջակա միջավայրի ջերմաստիճանը իջնում է ջերմային զանգվածի ջերմաստիճանից, պատերը վերադարձնում են տաքությունը ջերմոց:

Նյութերի ընտրություն

Պակաս կարևոր չեն նաև շինարարական նյութերը, որոնք մեծ դերակատարություն ունեն ճառագայթների միջոցով հաղորդվող ջերմության կլանման, կուտակման և պահպանման գործում: Ջերմոցում առկա ջերմային զանգվածները կլանում են տաք հոսանքները, որոնք էլ գիշերային ժամերին, ինչպես արդեն նշեցինք, արտամղվում են ջերմոց: Իսկ հյուսիսային հատվածի հերմետիկ մեկուսացումը նվազեցնում է ջերմության կորստի հավանականությունը:

Այդ նպատակով ջերմոցի պատերի կառուցման համար (հատկապես հյուսիսային պատի) կարող են օգտագործվել շինարարական այնպիսի խիտ նյութեր, ինչպիսիք են աղյուսը, քարն ու ցեմենտը (բացառություն է կազմում մետաղը):

Մինչդեռ պատերը հերմետիկ փակելու համար օգտագործվում են ցածր խտության շինարարական նյութեր` ծղոտ, չոր խոտ և պենոպլաստ, որոնք տեղադրվում են բետոնե նյութերի արանքում: Վերը նշված երկու տեսակի նյութերը կլանում ու պահպանում են ջերմությունը` այսպիսով հանդես գալով որպես ջերմային զանգված:

Չնայած նրան, որ, պասիվ արևային ջերմոցն էներգաարդյունավետ կառույց է, որը զգալիորեն նվազեցնում է ջեռուցման ծավալները, տեղի խիստ բնակլիմայական պայմաններում ժամանակ առ ժամանակ կարող է լրացուցիչ ջեռուցման անհրաժեշտություն ծագել: Այս նպատակի համար, օգտագործելով բիոջեռուցման (փելլեթներ) համակարգ, կարելի է էականորեն կրճատել ծախսերը՝ գազի կամ էլեկտրաէներգիայի ջեռուցման ծախսերի համեմատ:

Ի՞նչ է բիոջեռուցման (փելլեթ) համակարգը

Բիոջեռուցման համակարգը (biomass pellet heating system) այլընտրանքային էներգաարդյունավետ ջեռուցման միջոց է, որը նախատեսված է պասիվ արևային ջերմոցի, ըստ անհրաժեշտության, լրացուցիչ ջեռուցման համար: Այն բաղկացած է էներգաարդյունավետ ջեռուցման վառարանից և փելլեթների բիոզանգվածից։

Այս համակարգը Կութում դեռևս տեղադրված չէ, և ներկայումս դիտարկվում է տեղի եռակցողին գործընթացին ներգրավելու տարբերակը, ով, ըստ գծագրերի, կպատրաստի վառարանը: Աշխատանքներ են տարվում մյուս սարքի՝ մամլիչ-գրանուլատորի ընտրության և ձեռքբերման ուղղությամբ: Այս տեսակի, ածխաթթու գազի նվազագույն արտանետումներով, ավելի մաքուր վառելանյութը ջեռուցման այլընտրանք է ներկայումս ջերմոցներում կիրառվող անկայուն ջեռուցման համակարգերի համար։

Հետագա քայլեր

  • «Ջերմոցի կառուցումը համախմբեց մեզ համայնքի բնակիչների հետ։ Նրանցից մեկն ինձ ասաց, որ մտածում է տնամերձ հողամասում սեփական ուժերով փոքրիկ ջերմոց հիմնել: Հետագայում ծրագրում ենք այստեղ ավելի շատ ջերմատներ կառուցել: Լավատեսական սցենարով հաջորդ տարում Կութում կկառուցենք ևս տասը ջերմատուն: Հեռահար նպատակն է Կութը վերածել օրինակելի համայնքի՝ հյուրատներով, ռեստորանով: Այն կդառնա յուրահատուկ մագնիս՝ Ղարաբաղ մեկնող և այնտեղից վերադարձող զբոսաշրջիկների համար: Դրանից հետո նախատեսում ենք զբաղվել….եկեք այստեղ կանգ առնենք. փորձենք հերթով իրականացնել մտածածը»,- ասում է «Բիոջեռուցման լուծումների հետազոտողներ» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Միքայել Օհլինը (Mikael Åhlin):

Ինչպես արդեն նշվեց, արդյունաբերական ջերմատները հիմնականում ջեռուցվում են բնական գազով, որի գնի թանկացումն ու վառելանյութի որակի վերահսկման բացակայությունը տեղիք են տալիս մտածելու, որ հանրապետությունում կիրառվող ջեռուցման պրակտիկայի մեջ կարող են լինել մեծ փոփոխություններ: Այս տեսակետից ծրագիրն արդիական է, քանի որ հնարավորություն է տալիս փորձարկելու, գնահատելու և հիմնավորելու բիոջեռուցման (փելլեթ) համակարգի կիրառման արդյունքները ջերմոցում։ Ջերմոցի էներգաարդյունավետ ճարտարապետության և բիոջեռուցման համակարգերի համադրությունը այլընտրանքային մոդել է, որը հնարավորություն կընձեռի ֆերմերներին ողջ տարին բերք ստանալու նվազագույն ջեռուցման ծախսերով ։

 

 

 

 

 

Քրիստինե Հովհաննիսյան,

«Բիոջեռուցման լուծումների հետազոտողներ» ՀԿ, հիմնադիր և գործառնական տնօրեն