«Հաջողված ձեռնարկ» բաժնում ներկայացնում ենք մարդկանց, ովքեր հաջողություն և ձեռքբերումներ են ունեցել գյուղատնտեսական այս կամ այն ճյուղում՝ հիմնվելով սեփական փորձի, գիտելիքի և հավատի վրա

«Դուստր Մելանյա» պանրագործարանի հիմնադիրներ Ռուբեն և Ասատուր Հարություննյանների հետ զրուցեց գլխավոր խմբագիր Եվա Շահվերդյանը

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

Ու էն Լոռվա ձորերից մեկում՝ Տաշիր քաղաքում, իրենց քրտնաջան աշխատանքով Հարությունյանների  ընտանիքի կողմից 1996թին հիմնադրվածԴուստր ՄելանյաՍՊ ընկերությունում գիշերուզօր աշխատում են պանրագործները:
Ընկերության աշխատակիցներ, եղբայրներ  Ռուբեն և Ասատուր Հարությունյանները համոզված պնդում են,որ՚ Դափնիները կայացած ֆերմերինն են,իսկ պանրագործությունը բոլորովին էլ բիզնես չէ,այլ հոգեվիճակի պես մի բան., միևնույն ժամանակ պանրագործությունը, ունի մեծ ռազմավարական նշանակություն. այն ապահովում է երկրի սահմաններին ապրող մարդկանց զբաղվածությունը, ֆերմերների համար կայուն շուկա, Ստեղծում է որոշակի աշխատատեղեր, մարդկանց կապում է իրենց հեռավոր բնակավայրերինԴուստր Մելանյա¦ ՍՊ ընկերությունում նախապես աշխատել է 3-4 հոգի։ Այն համագործակցել է 16-ից 18 գյուղի ֆերմերի հետ և ունեցել օրական 500 լիտր կաթ։Իսկ այսօր արդեն ձեռնարկությունում աշխատում են 20-25 հոգի և համագործակցում են գրեթե 300 հոգու հետ՝ ստանալով տարեկան մոտ 2 մլն լիտր կաթ։

 Նշենք,որ ընկերության արտադրանքի մոտ 50%-ը շուրջ 14 տարի է, ինչ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

 

Տաշիրում գործարան հիմնելու գաղափարը, որոշումը ինչպե՞ս ծագեց:

Ռուբեն Հարութունյան. (ժպտում է) – Չի եղել հատուկ մտածված ծրագիր, իրադարձություններն են հանգեցրել դրան: Ի սկզբանե 6-7 հոգի էինք՝ եղբայրներով։Հիմնական կորիզը մնացել է։ Պետական կառույցը փլվել էր, գործարանը՝ սեփականաշնորհվել: Մենք գործարանում աշխատում էինք՝ որպես մասնագետ: Փաստի առաջ կանգնեցինք. հասկանո՞ւմ եք՝ ընտանիք պահելու խնդիր էր, ինքնասիրության խնդիր էր: Ինչո՞վ պետք է զբաղվեինք: Մեր մասնագիտությունն էր, մեր գործն էր: Դրանով էլ որոշեցինք զբաղվել:  Տուն կառուցեցի: Բնակարանից տեղափոխվեցինք, որ էդտեղ ապրենք երկրաշարժից հետո. երկրաշարժից հետո էլ երկիրը քանդվեց: Հանգամանքներն էնպես դասավորվեցին, որ արտադրությունը հիմնեցինք մեր տան տարածքում: Հետո տունն էլ բլոկադայի մեջ մնաց, բակն էլ վերածվեց արտադրական մակերեսի, ու էդպես ձևավորվեց գործարանը:

Ասատուր Հարությունյան (միջամտում է)  –Այն պանրագործարանում, որը գործում էր սովետական տարիներին, Ռուբենն ու իր կինն աշխատել են մոտ 20 տարի: Երբ այդ գործարանը սեփականաշնորհվեց, մարդիկ անգործ մնացին, քանի որ սեփականաշնորհված գործարանը չի աշխատում: Եվ, ինչո՞վ կարող էինք զբաղվել մենք: Մենք կարող էինք անել այն ինչ գիտեինք՝ պանիր պատրաստել: Սկսեցինք, որպես ընտանեկան բիզնես, ընտանեկան բիզնեսին համապատասխան փոքր ծավալներով, սեփական կաթի բազայի վրա: Այն ժամանակ նույնիսկ կաթի առք ու վաճառքի ավանդույթ էլ չկար: Մարդիկ անգամ չէին էլ պատկերացնում, որ կաթը կարելի է վաճառել, և մեկ ուրիշ մարդ էլ կարող է գնել այն, վերամշակել: Էսպես աստիճանաբար ձևավորվեց:

Ռ.Հ. –Այն տարներին, երբ ստեղծվեցին կաթի վերամշակման ձեռնարկությունները, դեռ կային կոլեկտիվ, պետական տնտեսություններ: Դրանց հումքն էր վերցվում և վերամշակվում: Ժամանակի ընթացքում, աստիճանաբար դրանք քայքայվեցին, վերացան, իսկ այդ ընթացքում առաջացան գյուղատնտեսական մանր տնտեսություններ: Սկսվեց նոր գործընթաց: Հիմա նոր, տարբեր հատվածներում նորից ֆերմերական տնտեսություններ են առաջանում: Տեղեր կան նույնիսկ խոշոր տնտեսություններ են ձևավորվում: Համենային դեպս, ձևավորման գործընթացը մեկ օրում չի լինի:

Իսկ ինչո՞ւ հենց Դուստ Մելանյա:

Ռ.Հ. – Աղջկաս անունն է: Ասեմ նաև, որ միտումնավոր չենք դրել: Սկզբում գործարանը գրանցված էր §Սարգիս ընտանեկան ձեռնարկություն¦ անվանմամբ՝ տղայիս անունով: Երբ ընտանեկան ձեռնարկությունները վերացան, և գրանցում էինք հիմնարկությունը նոր ՍՊԸ-ի անվան տակ պարզվեց, որ Սարգիս անունով ձեռնարկություն արդեն կա, չէինք կարող այդ անունով գրանցել: Եվ գրանցեցինք դստերս՝ Մելանյայի անունով:

Քանի՞ ֆերմերի հետ եք համագործակցում: Ի՞նչ սկզբունքով եք աշխատում ու ի՞նչ հարաբերություններ եք պահում:

Ռ.Հ. – Աշխատում ենք պայմանագրերով՝ հիմնականում անհատ ձեռներեցների՝ մանր տնտեսություններ հետ: Կաթի մթերման ու վաճառքի գծով զբաղվող անհատ ձեռներեցները, տնտեսվարողներ գնում են կաթը գյուղացիներից, վաճառում հիմնարկին: Հիմնական մասը այդ բազայի վրա է: Բացի դրանից կան նաև մարդիկ, ովքեր գնման ակտերի միջոցով կաթ են վաճառում մեզ: Դրանք հիմնականում մոտակայքում բնակվողներն են՝ մարդիկ, ովքեր քիչ թե շատ անասնագլխաքանակ ունեն: Իսկ հումքը մեր տարածքինն է՝ Տաշիրի, Ստեփանավանի հումքն է:

Ինչո՞վ է Ձեր արտադրանքը տարբերվում մյուսների արտադրանքից: Ինչո՞վ եք յուրահատուկ;

Ռ.Հ.– Պանրագործությունը հին ոլորտ է ու իր պատրաստման տեխնոլոգիան ունի: Ձեզ այդ մթերքը կարող է դուր գալ, իսկ մի 5 հոգու դուր չգալ: Դա չափանիշ չէ: Տաշիրի բարձրությունը ծովի մակերևույթից, Տաշիրի բնակլիմայական պայմանները, հոսող ջրերը… Մեր դաշտերում աճում է 400 տեսակի խոտաբույս: Այդ խոտաբույսերը, անասնապահության ավանդույթները, դրանք բոլորը ստեղծում են այն ընդհանուր պայմանները, որտեղ արտադրված կաթը բարձր համային հատկանիշներ է ստանում: Մեր առանձնահատկությունը դա է:

 Իսկ պանրի արտադրման արտասահմանյան տեխնոլոգիան ուսումնասիրե՞լ եք: Նրանց փորձը ձեզ համար կիրառելի՞ է:

Ռ.Հ.– (ծիծաղում է) Պանիրներին մեկ տեխնոլոգիա կա: Բոլոր պանիրները նույնն են: Բոլոր պանիրները կաթից են: Անպայման մերվում են, անպայման սպիտակուցն ու յուղը իրար են խառնվում,զանգված են դառնում: Էդ բոլոր մանիպուլացիաները պանրի տեսակների հետ կապված, դրանք բոլորը մոտեցումներ են: Մի քիչ էսպես, մի քիչ էնպես, էս պանիրը փափուկ պանիր է, մյուսը պինդ, սրան մի փոքր բորբոս տանք, բորբոսով լինի… Բազան, հիմքը նույնն է: Ոչնչով չի տարբերվում: Նոր տեխնոլոգյա, նորամուծություններ, դրանք ընդունում եմ, դրանք բոլորը կան, բայց, միևնույն է, դրանք, ըստ էության, ոչինչ չեն փոխում: Մենք ուտելու ենք յուղ, սպիտակուց, հանքային աղեր, այն ամբողջ գամման, որը կա կաթի մեջ: Պանրի մակարդման պրոցեսից հետո ստանում ենք զանգված, թե ինչ անել ու ինչպես պահել այդ զանգվածը արդեն հարցի երկրորդ կողմն է:

Կաթը, որը ստանում եք գյուղացուց, սանիտարահիգիենիկ վերահսկման ենթարկվո՞ւմ է։ Եվ էստեղ գործարանում, ինչպե՞ս է իրագործվում վերահսկման գործընթացը։

Ա․Հ․-Մեր ձեռնարկությունն աշխատում է Սննդի անվտանգության համակարգով, որը կոչվում է Վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետեր (HACCP-խմբ․)։ Այսինքն արտահանման բոլոր էտապներում այն վերահսկման տակ է։ Մենք աշխատում ենք բոլոր գյուղացիների հետ։ Հիմնականում մատակարարների միջոցով ենք կազմակերպում աշխատանքը։ Մի բան  է, երբ իրենք առանց վերահսկողության և առանց օրենքի են աշխատում, և այլ բան, երբ օրինական ճանապարհով են աշխատում՝ գրանցված ձեռնարկատերեր են, փոխադրամիջոց ունեն, հարկեր են վճարում, կաթը 3,5,10  լիտրով հավաքում են և դրան զուգահեռ անասնաբուժական ծառայության, սննդի վերահսկողության ծառայության հետ, որը տրամադրում է կենդանիների առողջության մասին վկայող անասնաբուժական փաստաթղթեր, կազմակերպում կաթի ստուգումներ խմբաքանակներով և ըստ դրա՝ տրամադրում է փաստաթղթեր այն մասին, որ մատակարարներն առողջ կաթ են հանձնում գործարանին։ Դրանից հետո մեր լաբորատորիան է գործի  անցնում։ Ստուգում է կաթի անվտանգության պարամետրերը՝ թթվայնությունը, մեխանիկական մաքրությունը, բակտերոլոգիական մաքրությունը, այնուհետև կաթը ընդունելու թույլտվություն է ստանում, ընդունելուց հետո անցնում է մաքրման կրկնակի պրոցես՝ մեխանիկական և կենտրոնախույզ մաքրման, որից հետո գնում է արտադրություն։ Եթե կաթի մեջ խնդիր է հայտնաբերվում լաբորատոր մակարդակում, կազմվում է վերադարձի ակտ, ու կաթը վերադարձվում է բերող կազմակերպությանը։ Եթե անհամապատասխանությունը հայտնաբերվում է ընդունումից հետո, ապա այդ արտադրանքը պարզապես խոտանվում է։ Ցանկացած տեղամասում, երբ հայտնաբերվում է, որ այն կրիտիկական սահմաններից դուրս է եկել , խոտանվում է։ Եթե այն կրիտիկական սահմաններում է կամ պարամետրերը պահպանվում են, և հաջորդ էտապում դեռ հնարավոր է ուղղել, ուղղվում է և առաջ գնում։ Այս ողջ ընթացը  փաստաթղթավորված է։ Ընդհանուր առմամբ վերահսկման գործընթացը սա է։

Ձեր բոլո՞ր պանիրներն են հայկական, թե՞ ունեք նաև, օրինակ, ֆրանսիական ծագման պանիրներ:

Ռ.Հ.– Մոտ տասը տեսակ ունենք, արտադրում ենք: Դրսի պանիրներից §Գաուդա» ունենք: Մնացածը տեղական պանիրներ են: Ունենք մեր սեփական տոխնոլոգիայով արտադրված պանիրներ: Որպես նորույթ, շուկայում ունենք պանրատեսակներ, որ խորհրդային տարիներին չեն եղել, հետխորհրդային  տարիներին էլ որոշակի արտադրող չի եղել: Ու կարևորն էն է, որ մենք ստեղծել ենք պանրատեսակներ հեղինակային իրավունքով ու նաև փաստաթղթավորել ենք, հիմնավորել ենք, որ դա մե՛ր ապրանքատեսակն է, մե´ր մշակածը ու մե´զ է պատկանում և ո´չ մեկ ուրիշին: §Ալաշկերտ¦ պանրի մասին է խոսքը: Մեր սեփականն է, մեր §Լալվարը¦ մեր սեփական մշակվածն է: §Տաշիրն¦ էլ մերն է: Մենք ենք մշակել, մենք ենք փորձարկել: Ու արդեն գրեթե 7-8 տարի է՝ մենք արտադրում և իրացնում ենք:

Ձեր մասնագետները, ովքեր ներգրավված են պանրամշակման մեջ, անցե՞լ են մասնագիտացում, թե՞ աշխատանքի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն են:

Ռ.Հ.– Ջահել պրակտիկներ են: Մենք ենք պատրաստել մեր մասնագետներին: Հիմնականում Ասատուրն է զբաղվել, սովորեցրել, բացատրել, աշխատել է հետները տարիներով։ Տարվա ընթացքում էլ դասընթացներ ենք անցկացնում մեզ մոտ՝որակի հարցով զբաղվող մասնագետների օհգնությամբ; Ասատուրն ինքն է հաճախ գնում վերապատրաստման:

Բացի ձեր եղբորից, ընտանիքի մյուս անդամները և՞ս ներգրավված են գործընթացին:

Ռ.Հ.– Կինս է աշխատում մեզ հետ: Տղաս էլ, ավարտել եկել է, արդեն 2-րդ տարին է: Բարեկամներից ունենք աշխատողներ կաթի հավաքման և մատակարարման, ինչպես նաև սպասարկման ոլորտում, արհեսավորներ, աշխատողներ պահեստային մասում և լաբորատորիայում։

Մոտեցումն աշխատանքին ինչպիսի՞ն է: Սեփական բիզնեսի զարգացմա՞նն է ուղղված, թե՞ ընկալվում է որպես աշխատանք, որն արվում է, որովհետև անհրաժեշտ է:

Ռ.Հ. (վրդովվում է)– Բիզնես հասկացությունը պանրագործությանը չի վերաբերում: Եթե լիներ էնպիսի երկրներում, որտեղ այդ ոլորտը մենաշնորհ է, կարող է բիզնես կոչվեր: Պանրագործությունը փոշիացած ճյուղ է, ու աշխարհում էլ էդպես է: Խոշոր պանրագործարաններ կան՝ ժողովրդի կարիքներն են հոգում, մնացածը մանր արտադրամասեր են և իրենց աշխատանքն են անում, իրենց կոլեկտիվն են պահում: Էդտեղ բիզնես չկա: Բավական է պանրագործությանը մի փոքր սեղմել, պանրագործության շունչը կկտրվի անմիջապես, որովհետև ինքը շատ չնչին եկամուտներով ճյուղ է: Ավելի շատ սիրողական աշխատանք է, քան թե բիզնես: Եթե պանրագործությանը բիզնեսի աչքով նայենք, այն չի կարող գոյատևել: Դա տվյալ օրվա արտադրություն չէ, որ արտադրես, իրացնես ու հասկանալի լինի անելիքդ: Արտադրանքդ հնարավոր է 5-6 ամիս պահեստում մնա: Էդ ընթացքում դու չգիտես՝ ինչքան ծախսեր կանես: Չգիտես՝ ինչ գներ կփոխվեն: Չգիտես ինչ գնով դրանք հետագայում կիրացնես: Էլ չեմ ասում ռիսկերը: Էդ ընթացքում մթերքը խնամել է պետք, պահել: Միշտ չէ, որ դա հաջողվում է: Եվ գումարած դրան ֆինանսական կողմը, շրջանառվող միջոցները: Չէ՞ որ դու անընդհատ պետք է ներդրում անես, գումար է պետք, որ էդ բոլորը վերցնես, արտադրես ու սպասես, թե երբ դա կիրացվի, որ հետո վերցրածդ գումարը հետ տաս: Ի վերջո, պետության նկատմամբ պարտավորություններ կան, աշխատողի նկատմամբ պարտավորություններ կան, սոցիալական խնդիրներ կան, վճարումներ: Դրանք բոլորը Ձեր ասած բիզնեսի հետ զուգահեռ գնում են: Միշտ ամեն մի ճյուղ ասում է, մյուսը լավն է, մեր ճյուղը շատ ռիսկային է: Ես էլ միշտ, որպես սննդամթերք, ասում եմ, սննդամթերքը միշտ է ռիսկային:

Եթե կարիերան վերստին սկսելու հնարավորություն տրվեր , ինչո՞վ կնախընտրեիք զբաղվել:

Ռ.Հ.– Երբ մեկին նման բան են հարցնում, պատասխանում է §Ես, որ նորից հետ գնայի, նորից նույն բաները կանեի¦: Եթե ես ամեն բան նորից սկսեի, հաստատ պանիր չէի պատրաստի:

ինչու՞

Ռ.Հ.– Որովհետև սա, ինչպես գյուղատնտեսության ցանկացած ճյուղ, առանց ընդմիջման, առանց հանգստի իրավունքի, առանց շաբաթ ու կիրակիի, առանց արձակուրդի ճյուղ է: Իրեն թողնել չի լինում: Հնարավոր չէ: Խանութ չէ, որ փակես, թողնես, գնաս հանգստանալու: Ասատուրը գիտի՝ ես միշտ օրինակ եմ բերում: Կարուսելը երեխեքին հաճելի է չէ՞: Բայց որոշակի ինտերվալով՝ նստում ես 5 րոպե պտտվում ես, անջատում են, իջնում ես: Սա կարուսել է, որը միացնում են, բայց չեն անջատում: Եվ նա, ով նստում է մինչև կյանքի վերջ պետք է պտտվի: Առավոտվա հերթափոխը ավարտվեց, պետք է նախապատրաստվես, հաջորդ առավոտ պետք է աշխատես: Շունչ քաշելու ժամանակ էլ պետք է արտադրամասը պատրաստես, որ մյուս հերթափոխին աշխատի:

Վերոնշյալ նույն հարցն ուղղում եմ Ասատուրին.

Ա.Հ. (Ծիծաղում է)Ես արդեն փոխել եմ: Ես ուրիշ ոլորտից պանրագործություն եմ եկել: Ես մասնագիտությամբ անասնաբույծ եմ եղել:

Ռ.Հ. (Ծիծաղում է)- Գիտությունների թեկնածու, անասնաբույծ․մեր արտադրության առանցքային աշխատողն է Ասատուրը: Միշտ համեստություն է անում: Պատասխանատվության առումով ամեն բան իր վրա է:

Ինչպե՞ս համոզեցիք Ձեր եղբորը փոխել մասնագիությունը:

Ռ.Հ.– Ոչ թե համոզեցի, այլ Ռուսաստանից բերեցի: (ծիծաղում է)

Ա.Հ. (ընդհատում է)– Համոզելով չէ: Ամեն ինչ ստացվում է էնպես, ինչպես ստացվում է: Հասարակարգը փոխվեց, ու մենք բոլորս մնացինք անգործ և ես այդ թվում: Ես էլ տնտեսությունում էի աշխատում: Շատ երկար պատմություն է: Սկզբում անասնաբույծ էի աշխատում, հետո տնօրեն դարձա, հետո տնտեսությունները սեփականաշնորհվեցին ու ես մնացի առանց գործ: Հետո, երբ մենք կազմակերպեցինք ու սկսեցինք պանիր արտադրել, այդ օրվանից դարձա պանրագործ:

Չե՞ք փոշմանել:

Ա.Հ. – Ո´չ, բոլորովի´ն: Գիտե՞ք, պանրագործությունը շատ բարդ արտադրություն է՝շրջանառու միջոցնե պահանջող:Այն սեզոնային մթերման վրա է հիմնված՝  հատկապես Հայաստանում: Սկսվում է գարնան ամիսներից, ավարտվում է աշնան ամիսներին: Դու մթերում ես, արտադրում ես ամբողջ քո ծավալով ՝ ակնկալիքով, որ հետո կվաճառես: Ու այդ բոլոր ամիսների ընթացքում, մոտավորապես 6 ամիս, սպասողական վիճակ է: Շուկան անընդհատ կարող է փոփոխվել: Ու հազվադեպ է լինում, որ փոփոխությունը արտադրողի շահերից է բխում: Պանրագործությունը այն բնագավառն է, որը սեզոնային արտադրած կաթը կարողանում է մթերել: Եթե պանրագործությունը չգործի, այդ կաթը գետի նման կհոսի, կգնա, կկորչի: Որովհետև մածուն արտադրելով, կամ կաթ վաճառելով, կամ պաղպաղակ արտադրելով հնարավոր չէ այդ կաթը սպառել: Դա կգնեն մեկ օր, երկու օր ու հետո էլ չեն գնի: Ու ի՞նչ կանեն իրենք: Կանեն այն ինչ անում էին 20 տարի առաջ: Բոլորն իրենց տներում կսկսեն պանիր պատրաստել: Ու մենք բոլորս մեր շուկայում կունենանք անհամապատասխան արտադրանք: Պանրագործությունը գյուղացուց կաթ է վերցնում տարվա մեջ 365 օր շարունակ: Մի մետր էլ ձյուն գա, միևնուն է՝ կաթի մեքենան գնալու է, 3 լիտր, 5 լիտր կաթ բոլորից մեկ-մեկ վերցնելու է: Մենք աշխատում ենք տարվա բոլոր օրերին։ Մենք չենք կարողանում չաշխատել:

Թվեք 3 կարևորագույն ունակություններ, որոնք անհրաժեշտ են հաջողակ ձեռնարկատեր դառնալու համար:

Ա.Հ. – Ես հաջողակ ձեռնարկատեր չեմ, ես հաջողակ մասնագետ եմ: Չգիտեմ իրականում երեքն են, թե 13-ն են, բայց առաջին հերթին գիտելիքն է, երկրորդ հերթին ազնվությունը, թեև ազնվությունն և ամենակարևորը աստվածավախությունն է, որ մարդուն դարձնում է մարդ: Էս բոլորի հետ՝ մարդը կարող է նաև հաջողակ էլ լինել:

Ինչպե՞ս եք պատկերացնում գործարանի ապագան 10-20 տարի անց:

Ա.Հ. – 10-20 տարին շատ հեռու է, չեմ պատկերացնում, բայց որ լավ եմ պատկերացնում անշուշտ էդպես է: Պարզապես չեմ կարողանում պատկերացնել, թե նույն ծավալով և նույն տեղո՞ւմ կլինի, թե՞ ուրիշ: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի, որովհետև մեր երեխաներն են էստեղ աշխատում: Եթե նրանք մեզ հետ են, եթե մենք կարողանանք պահել ու փոխանցել՝ ամեն ինչ լավ կլինի: Մարդիկ պանիր միշտ էլ ուտելու են: Եվ այդ պանիրը միշտ պետք է տալ իրենց: