Երվանդաշատը խորհրդավոր ու գողտրիկ մի անկյուն է Արաքս և Ախուրյան գետերի խառնարանում, որտեղ հայտնվելուն պես ակամայից տեղափոխվում ես Երվանդունիների դարաշրջան և զգում այնտեղ տիրող թագավորական շունչը։
Այս գյուղը, որը հնուց ի վեր հայտնի է որպես չրարտադրության կենտրոն, այցելուներին ողջունում է իր հյուրընկալությամբ, անմիջականությամբ, հյութալի մրգերով, բազում հետաքրքիր պատմություններով և, իհարկե, համեղ թագավորական չրերով։ Այո՛, թագավորական, քանզի չրագործ Արկադի Խաչիկյանի խոսքերով, Երվանդ Դ թագավորի կառուցած որսորդական պալատի պեղումների ընթացքում խոհանոցի հատակին հայտնաբերվել է մի բուռ չիր, որն արդեն ածխացած էր, սակայն ուրիշ ոչնչի հետ շփոթել հնարավոր չէր։ Այսինքն` կարելի է ենթադրել, որ մրգեր չորացնելու ավանդույթը մոտ 3000 տարվա պատմություն ունի այդ տարածաշրջանում, և արքունական սեղանն անուշահամ ուտեստներից զատ` զարդարված էր նաև չորացրած մրգերով։
Երվանդաշատում գրեթե յուրաքանչյուր ընտանիք` մեծ, թե փոքր, զբաղվում է մրգեր չորացնելով: Արմավիրի մարզը չրագործության բացառիկ գաղտնիքներով ու արտադրության ծավալներով համարվում է Հայաստանի Հանրապետության առաջատար մարզը:
Արկադի Խաչիկյանը Երվանդաշատի խոշորագույն չրարտադրողներից է: Երբ հարցրինք, թե որն է նրա հաջողության գաղտնիքը, պատասխանեց. §Մենք հաջողակ ծնվել ենք¦: Պարզվում է՝ գյուղում նրանց ընտանիքը հայտնի է որպես §քարափ քանդող Խեչիկենք¦: §Երբ գյուղում դեռ ճանապարհ չկար, մեր Խաչիկ պապը՝ պապիս պապը, հավաքում է գյուղացիներին և ասում, որ մտադիր է ճանապարհ կառուցել, ինչը կօգնի ապրանքը տանել-բերելուն: Սկզբում գյուղի բնակիչները թերահավատորեն են վերաբերվել այս գաղափարին: Մտածել են՝ քարերի մեջ անհնար է ճանապարհ կառուցել: Պապս բարկացել է ու միայնակ սկսել աշխատանքը: Երբ մոտեցել է գրեթե կեսին, բնակիչները տեսել են, որ, միևնույն է, ավարտին է հասցնելու, միացել են և միասնական ուժերով ավարտել ճանապարհի շինարարությունը: Այստեղից էլ մեր անվանումը¦:
Թեև պարոն Խաչիկյանը ծնվել է Երևանում, սակայն Երվանդաշատի հետ կապված է բազմաթիվ թելերով: Պատմում է, որ չրարտադրությամբ սկսել է զբաղվել դեռևս իրենց պապը: Հայրը որոշել է նորարարություն մտցնել չրագործության մեջ և 1994 թվականից սկսել է անկորիզ չրի արտադրությունը §Սաթենի¦ անվանմամբ: Խորհրդային Միության ժամանակաշրջանում ծնողներն ընդգրկված են եղել կոոպերատիվի կազմում: Խորհրդային Միության փլուզումից հետո կոոպերատիվը դադարեց գործել, սակայն մնացել էր միասին աշխատելու սովորույթը: Ուստի, կառավարումն առավել դյուրին և արդյունավետ դարձնելու նպատակով 2010 թվականին Արկադի Խաչիկյանի ղեկավարությամբ ստեղծվեց նոր՝ §Երվանդաշատ գյուղ ասոցիացիա սպառողական կոոպերատիվը¦: Կոոպերատիվն աջակցում է գյուղացիական աշխատանքների համատեղմանը, որակի բարելավմանը և մեծաքանակ հումքի ձեռքբերմանը: Թեև կոոպերատիվի անդամները Երվանդաշատից են, սակայն այն սպասարկում է նաև հարևան Բագարան գյուղի բնակիչներին: Կոոպերատիվում ընդգրկված է 35 անդամ, որոնցից 6-7 հոգի զբաղվում են չրարտադրությամբ: Կոոպերատիվի անդամ Արմեն Սարգսյանը, ով 1992 թվականից զբաղվում է չրարտադրությամբ, նշում է. §Կոոպերատիվի միջոցով մասնակցել ենք չրարտադրության վերաբերյալ մի շարք դասընթացների, որոնք կազմակերպել են տարբեր միջազգային ծրագրեր¦:
Արկադի Խաչիկյանը նշում է, որ կոոպերատիվին անդամակցելու միակ պայմանը բարձրորակ արտադրանքի ապահովումն է, ուստի կոոպերատիվի անդամները ձեռք են բերում միատեսակ հումք և միակերպ են իրականացնում արտադրական գործընթացը: Որակյալ արտադրանք ապահովելու մեկ այլ կարևոր պայման է մրգերի հավաքման գործընթացի ճիշտ կազմակերպումը: Այստեղ նույնպես կան որոշակի գաղտնիքներ: Եթե այլ վայրերում ֆերմերները ծառից միանգամից քաղում են ամբողջ միրգը, ապա Երվանդաշատում բերքահավաքն ընթանում է 3 փուլով: Սկզբում հավաքում են վերին ճյուղերի հասունացած միրգը, այնուհետև՝ մեջտեղի, իսկ վերջում՝ ստորին հատվածի, որպեսզի միրգը հասցնի իր մեջ կուտակել արևի էներգիան ու շաքարը: Արտադրական գործընթացի վերջին քայլը փաթեթավորումն է: Այն իրականացվում է պարոն Խաչիկյանի արտադրամասում, որտեղ փաթեթավորում են երկու տարբերակով՝ վակուումով և ազոտով: Կոոպերատիվում համագործակցություն չի հաստատվում այն չրարտադրողների հետ, ովքեր չունեն արևային չորանոցներ: Արդեն մի քանի տարի է, ինչ Երվանդաշատի չրարտադրողները ձեռք են բերել էլեկտրական չորանոցներ, որոնց շնորհիվ հաջողվում է բարձորակ, մաքուր չիր արտադրել և ընդլայնել արտահանման ծավալները:
Ծավալներն ամեն տարի փոփոխվում են: Չրարտադրողները նշում են, որ եթե համայնքում ծիրանի բերքը առատ է, յուրաքանչյուր ֆերմեր տարեկան արտադրում է 1 տոննայից ավելի չիր: Այս տարի, օրինակ, նրանց չհաջողվեց չորացնել անհրաժեշտ քանակությամբ միրգ, քանի որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չունեցան սեփական հումքը, իսկ այլ տարածաշրջաններից գնելու համար միջոցները չէին բավարարում:
Երվանդաշատում բոլոր չրագործները, առանց բացառության, որպես գլխավոր խոչընդոտ են նշում եղանակային անկանխատեսելի պայմանները, որոնք անդառնալի հետևանք են ունենում արտադրության արդյունքների, հետևաբար, գյուղացիների համար: §Հայաստանում գյուղատնտեսությունը չափազանց ռիսկային է: Մատների վրա կարելի է հաշվել, թե այգիները տնկելուց հետո քանի անգամ ենք բերք ստացել: Հիմնականում խանգարում են ցրտահարությունն ու կարկուտը¦, – ասում է Արկադի Խաչիկյանը:
Երվանդաշատի չրագործները հպարտությամբ նշում են, որ արդեն իսկ բազմացրել են մոտ 30.000 տնկի: Հիմնականում արտադրում են ծիրան, երկու տեսակ սալոր, տանձ, դեղձ, պատվերների դեպքում՝ նաև խնձոր: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում առավել պահանջված է դեղձի չիրը: Արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանն է: Պարոն Խաչիկյանը հավաստում է, որ Ռուսաստանում անհրաժեշտ է պահպանել հայկական չրերի համբավը. §Տեղի է ունենում սերնդափոխություն, և նոր սերունդը նույնպես պետք է տեղյակ լինի մեր չրերի և դրանց որակական առավելությունների մասին¦: Ցանկությունը մեծ է նաև ներթափանցելու եվրոպական շուկա, սակայն հիմնական խոչընդոտները կապված են ինչպես միջազգային հավաստագրերի բացակայության, այնպես էլ ժամանակի սղության հետ: Արտահանելու համար անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել շուկան և կապեր հաստատել: Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղձի չրի պահանջարկ կա նաև եվրոպական շուկայում, որտեղ այն շատերի համար նորություն է: Թեպետ այս դեպքում կարող է առաջանալ ծավալների ապահովման խնդիր: Այս պատճառով էլ այժմ աշխատում են չրերի մշտական ռեզերվային բազայի ստեղծման ուղղությամբ: Տեղական շուկայում Երվանդաշատի չրերը մեծամասամբ իրացվում են Երևանում, Հրազդանում և Սևանում:
Մի քանի տարի առաջ «Սաթենի» ապրանքանիշի չրերը հայտնվել են նաև Արարատ լեռան գագաթին: Լեռնագնացների խումբը մի քանի տուփ ծիրանաչիր էր վերցրել՝ ճանապարհին էներգիայի անհրաժեշտ պաշարը հավաքելու: Գագաթին հասնելով՝ նրանք մի տուփ չիր թողել են այնտեղ՝ խառնելով Մասիսի հավերժական ձյանը:
Հեղինակ՝ Մարգարիտ Հովհաննիսյան