Selected Semen սերմնահեղուկի կիրառությունը հնարավորություն է տալիս ֆերմերին ստանալ էգ մատղաշ

Արդեն տասը տարի է, ինչ ընտրված սեռով սերմնահեղուկը շուկայում  է, և մեծ հաջողություն է վայելում ողջ աշխարհում։ Կաթարտադրողներին այն հնարավորություն է ընձեռնում բարձրացնելու տնտեսական արդյունավետությունը՝ ընտրելով էգեր, ինչը բարելավում է նախրի գենետիկ ներուժը և ավելացնում շահույթը։

 

Այս հոդվածն անդրադառնում է անասնաբուծության զարգացման համար հույժ կարևոր` խոշոր եղջերավոր կենդանիների գենետիկական հատկանիշների բարելավման հարցերին: Եթե այժմ Հայաստանում միջին կաթնատվությունը տարեկան կազմում է 2000 -2200 կգ, ապա արտասահմանյան, մասնավորապես մեզ հետ համեմատելի մերձբալթյան, փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ տնտեսություն ունենալու համար այդ ցուցանիշը պետք է բարձրանա մինչև 5-6հազար  կգ:

Ինչպե՞ս հասնել այս ցուցանիշին:

Առաջին հերթին հարկավոր է անցնել բարձրարժեք գենետիկական, մթերատու հատկանիշներով օժտված սերմնահեղուկի կիրառմանը, որը միտված է փոխարինել խորհրդային տարիներից ժառանգված և մինչև հիմա օգտագործվող սերմնահեղուկին: Քառասուն տարվա վաղեմություն ունեցող այս սերմնահեղուկը ոչ միայն կորցրել է իր գենետիկական որակը, այլև դրա կիրառումը իր մեջ պարունակում է նեղ ազգակցական բուծման վտանգ, քանի որ, որպես աղբյուր, տասնամյակներ շարունակ օգտվում են նույն կայանների սերմնահեղուկից:

Ամերիկյան Վորլդ Վայդ Սայրս կազմակերպությունը ( World Wide Sires, Ltd.) 2005 թվականից սկսած  «ՔԱՐԴ – Ագրոսերվիս» ՓԲԸ-ի միջոցով Հայաստան է ներմուծվում գենետիկական բարձր ցուցանիշներով սերմնահեղուկ: Սերմնավորման արդյունքում Հայաստանում բարելավված և ծնված F1(առաջին սերնդի) և F2 (երկրորդ սերնդի) կովերը իրենց կաթնատվությամբ գերազանցում են մայրական կազմը 35 և ավելի տոկոսով՝ նույն կերակրման և պահվածքի պայմաններում: Եվ իսկապես, եթե ելակետային, տեղական խառնացեղ կենդանիների մոր կաթնատվությունը 2200 կգ է, այսօր նրանից ստացված սերունդը կարող է տալ 3500 կգ-ից ավելի կաթ: Զարմանալի չէ, որ գնալով ավելանում է ֆերմերների թիվը, ովքեր, ականատես լինելով հարևան տնտեսության արդյունքներին, սկսում են կիրառել արհեստական սերմնավորումը նոր տեխնոլոգիայով:

Չնայած այն բանին, որ վիճակագրությունը ցույց է տալիս, թե ծնված արուների ու էգերի թիվը միջինում հավասար է, վերջին տարիներին ֆերմերները մտահոգոված են այն փաստով, որ ծնելիության անկանխատեսելի լինելու պատճառով ավելի շատ արուներ են ծնվում: Այս դժգոհությունը առկա է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում՝ կաթնային ֆերմաները ուզում են ստանալ էգ մատղաշ: Արձագանքելով այս պահանջին՝ ամերիկյան Սելեքտ Սայրս ( Select Sires) ընկերությունը կյանքի կոչեց ընտրված սեռով սերմնահեղուկի (sexed semen) կիրառությունը, որը հնարավորություն է տալիս ֆերմերին արհեստական սերմնավորումից ստանալ ավելի մեծ թվով էգ մատղաշ (90% և ավելին): Հայաստանում այն տնտեսություններում, որտեղ հաջողությամբ կիրառում են արհեստական սերմնավորում, փորձնական նպատակով ներդրվել է Սելեքտ Սայրսի առաջավոր տեխնոլոգիան։ Կենդանիներին սերմնավորել են իրենց ընտրված սեռի սերմնահեղուկով, որի արդյունքը պարզ կդառնա վերարտադրման ցիկլի ավարտից՝ ծնից հետո: Եվ այսպես, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  Սելեքտ Սայրսի մասնագետների կազմած վերլուծական հոդվածը՝ ֆերմերների կողմից վաղուց սպասվող եզակի հատկություններով այս նոր սերմնահեղուկի վերաբերյալ:

ԱՄՓՈՓ

  • Ավանդականի փոխարեն ընտրված սեռով սերմնահեղուկի օգտագործման հետևանքով նույն ժամանակահատվածում ավելի շատ երինջներ են ծնվում, ինչը ավելացնում է հոտի գենետիկական արժեքը:
  • Ապագայում այս ներդրումներից մեծ եկամուտներ ստանալու համար հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել թե՛ երինջների բուծման, թե՛ կառավարման հարցերին:
  • Հայաստանում փորձնական նպատակով մի շարք տնտեսություններ սերմնավորել են իրենց կենդանիներին ընտրված սեռի սերմնահեղուկով, որի արդյունքները պարզ կդառնան ծնից հետո:

Անասնաբուծության ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքները շոշափելի են դառնում այն ժամանակ, երբ առկա է ֆերմերանասնաբույժ փոխհամագործակցությունը», – ասում է Արման Օհանյանը:

Ընտրված սեռով սերմնահեղուկն ու երինջների կառավարումը. առավելագույն օգուտ ձեր ներդրումից

Սելեքտ Սայըրես ընկերությունը իր հիմնադրման պահից ի վեր միշտ ունեցել է «ընտրված սեռի» սերմնահեղուկի տեսլականը: Գաղափարը մեկն էր՝ ցլիկների քանակության համեմատ ավելի շատ երինջներ ստանալ: Հետազոտողներին այսպիսի սերմնահեղուկ ստանալը երբեմն  իրականություն էր թվում, երբեմն էլ անիրականանալի երազանք: Վերջապես, տարիների հետազոտություններից և փորձարկումներից հետո, նրանք իրականացրեցին ընտրված սեռի սերմնահեղուկ ստանալու գաղափարը՝ այն շուկա հանելո genderSELECTed™ ապրանքանիշի տակ: Հյուսիսային Ամերիկայում սերմնահեղուկ մատակարարող այս ամենախոշոր ընկերությունը, որն աշխարհի ավելի քան 73 երկրներում հայտնի  է նաև Վորլդ Վայդ Սայըրես անվամբ, ի վերջո սկսեց արտադրել այս՝ գիտության վերջին խոսք հանդիսացող սերմնահեղուկը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Սելեքտ Սայրեսի տեխնոլոգիան հնարավորություն է տալիս նվազագույնը 90% հավանականությամբ ճշտել և սեռի ընտրություն կատարել սերմնահեղուկի սպերմատազոիդների միջև: Նոր տիպի այս սերմնահեղուկի մասսայական տարածման հիմնական խոչընդոտը նրա համեմատաբար ցածր բեղմնավորման գործակիցն է, որը սովորաբար կազմում է ավանդական սերմնահեղուկի բեղմնավորման 80%: Ֆերմերները կոմպենսացնում են այս թերությունը` ուշադրություն դարձնելով սերմնահեղուկի պահպանման կանոններին և սերմնավորման ժամանակի ընտրությանը: Նրանք սերմնավորում են առողջ երինջներին ու հիմնականում գոհ են արդյունքներից:

Այնուամենայնիվ փաստ է, որ ամերիկյան ֆերմերները հասել են հաջողության և genderSELECTed-ի սերմնահեղուկը համարում են այն տեխնոլոգիան, որն իրենց հստակ առավելություն է տալիս բիզնեսում:

Գենետիկա.  Ավելի շատ երինջներ ստանալու ընթացքում գենետիկան չի տուժում: Սելեքտ Սայրեսը սերմնահեղուկ է ստանում ամենաբարձր կարգի, էլիտար ցլերից: Այն ապահովում է ամենաբարձր կարգի սերմնահեղուկով՝ անկախ նրանից, թե ֆերմերը սերմնավորում է ցեղի  բարելավման,  առողջական հատկանիշների բարելավման, թե այս հատկանիշների համադրության համար:

Պտղաբերություն. genderSELECTed սերմնահեղուկի կայուն, առանց տատանումների արդյունավետություն ապահովելու համար Սելեքթ Սայըրեսը հետևողականորեն ստուգում է և՛ սերմնահեղուկի որակը, և՛ ցլի ավանդական սերմնահեղուկով ստացված սերունդները, և՛ նրանց մթերատվությունը: Սերմնահեղուկի պտղաբերության շեղումները վերահսկելու համար ընկերությունը հետևողականորեն տեղեկություն է հավաքում սերմնավորումների բեղմնավորման գործակցի մասին և խոտանում ցածրորակ ցլերին:

Հնարավորություններ. Նոր սերմնահեղուկ օգտագործող կաթնային անասնապահությամբ զբաղվող ֆերմերները բարձր են գնահատում նրա ընձեռած հնարավորությունները՝ ավելի շատ էգ հորթերի վաճառքի, մայրական կազմի համալրման, քանակի արագ ավելացման համար: Բացի այդ, նորածին հորթերը, լինելով ավելի փոքրամարմին, հեշտացնում են ծնի ընթացքը և ավելի քիչ առողջական խնդիրներ առաջացնում մոր մոտ: Այսպիսով, ընտրված սեռի սերմնահեղուկով ավելի մեծ շահութաբերության հասնելու հնարավորությունները շատ են և ակնհայտ:

Ի՞նչ են ասում ֆերմերները…

Առավելությունը, որ մենք տեսնում ենք SELECTed սերմնահեղուկի օգտագործումից, այն է, որ առաջին լակտացիոն շրջանում գտնվող կովերը, որոնք էգ հորթ են ծնել, ավելի շուտ են սեռացանկության գալիս և ավելի շուտ են սկսում կաթնատվությունը: Իմ կարծիքով դա պայմանավորված է ավելի փոքրամարմին հորթերի ծնելիությամբ»,-ասում է կանադացի ֆերմեր Վեռն Բաասինգը ՝ Բեյլեսվիլից:
Հաջողության գաղտնիքը՝

  • Այս ապրանքը կարող են օգտագործել միայն արհեստական սերմնավորման ոլորտում փորձառու տեխնիկները։
  • Սերմնավորե´ք միայն առողջ, առաջնածին էգ մատղաշին (երինջ), որը հասել է իր հասուն տարիքի քաշի 60 տոկոսին 14 ամսական հասակում և ունի մարմնի կառուցվածքի միջին կամ բարձր ցուցանիշ։
  • Հետևե´ք երինջի սեռացանկությանն ու վարքին օրական երկու անգամ նվազագույնը 20 րոպե շարունակ։
  • Կիրառե´ք §առավոտ-երեկո¦ օրենքը` ընտրված սեռով սերմնահեղուկով սերմնավորելու համար: Սերմնավորեք սեռացանկության գալուց 12 ժամ անց։
  • Օգտագործե՛ք ծնի դյուրինությունն ապահովող ցլերի սերմնահեղուկ, որը թույլ է տալիս խուսափել դժվար ծնից, հատկապես երինջների դեպքում:
  • Զերծ պահեք սերմնահեղուկը կտրուկ ջերմաստիճանային փոփոխություններից:
  • Խուսափե՛ք սերմնավորել բարձր սթրեսային շրջանում, հատկապես ամռանը, երբ բեղմնավորման գործակիցը ցածր է նորմից:

Վորլդ Վայդ Սայըրսը առաջարկում է մի շարք ցեղատեսակի ցլերի ընտրված սեռով սերմնահեղուկ, որը կարող է բավարարել յուրաքանչյուր ֆերմերի ակնկալիքները՝ անկախ ֆերմերի՝  ֆերմայի կառավարման ոճից: Սակայն, որպեսզի նախրի ապագայի մեջ այս ներդրումներից մեծ եկամուտներ ստացվեն, պահանջվում է հատուկ ուշադրություն դարձնել թե ՛  բուծման և  թե ՛ երինջների կառավարման հարցերին:

Ավանդականի փոխարեն ընտրված սեռով սերմնահեղուկի օգտագործման հետևանքով նույն ժամանակահատվածում ավելի շատ երինջներ են ծնվում, որի արդյունքում բարձրանում է հոտի գենետիկական որակը:

Սերմնահեղուկի պահպանում

Ընտրված սեռով սերմնահեղուկը փաթեթավորված է 0.25 մլ ձողիկների մեջ, որոնք ավելի զգայուն են ջերմաստիճանի փոփոխության հանդեպ, քան 0.5 մլ ձողիկները: Դրանց ոչ պատշաճ պահպանումը կարող է բացասական ազդել սերմի կենսունակության վրա և նվազեցնել պտղաբերությունը: Ձողիկները հատկապես զգայուն է ջերմային փոփոխության հանդեպ, որը կարող է առաջանալ ծղոտին ձեռքով դիպչելիս  կամ հալեցման սխալ ռեժիմից: Խուսափելու համար, սառեցված սերմնահեղուկի հետ պետք է աշխատել ունելիով (աքցանով), և 45 վայրկյանում հասցնել 35⁰-ից մինչև 37⁰ C: Սերմնավորումը պետք է տեղի ունենա հալեցումից 5 – ից 10 րոպեի ընթացքում:

Հեղինակ Արման Օհանյան՝ Կաթնատու նախրի կառավարման ծրագրի խորհրդատու, «ՔԱՐԴ Ագրոսերվիս»