Պարզվում է, որ ընտանի հավերը բավականին խելացի են և լավագույնս կողմնորոշվում են իրենց շրջակա միջավայրում։ Նման բացահայտումը մեզ լուրջ մտորելու տեղիք է տալիս թռչնաբուծարաններում նրանց խնամքի պայմանների մասին։

Որևէ մեկին զարմանք չի պատճառում այն հանգամանքը, որ որոշ կենդանիներ ավելի խելացի են, քան մյուսները: Մասնավորապես, թռչունների մեջ կան բավականին հնարամիտ արարածներ, որոնք ցուցաբերում են, նախկինում միայն մարդկանց հատուկ համարվող, ինտելեկտուալ ունակություններ: Օրինակ՝ կաչաղակները ճանաչում են իրենց արտացոլանքը հայելում, իսկ նորկալեդոնյան ագռավները (Corvus moneduloides) ստեղծում են աշխատանքի գործիքներ. ընդորում, երիտասարդ թռչուններն այդ հմտությունները  սովորում են իրենց ծնողներից: Աֆրիկյան թութակը կարող է պահել առարկաների հաշիվը և դասակարգել դրանք ըստ գույնի ու ձևի. այդ թութակներին կարելի է անգամ սովորեցնել մարդկային խոսքի ըմբռնմանը: Սակայն, հազիվ թե որևէ մեկը սովորական ընտանի հավին համարի խելացի թռչուն:

Այդուամենայնիվ, վերջին տարիներին գիտնականները պարզել են, որ հավերը խորամանկ արարածներ են, որոնք պարզապես ձևացնում են, թե հիմար են և, որ հաղորդակցման ոլորտում հավերը տիրապետում են որոշ պրիմատներին հատուկ ունակությունների` իրենց մտադրությունների մասին հաղորդման համար  օգտագործելով ազդանշանների բարդ համակարգ: Որոշումներ կայացնելու գործընթացում հավերը հիմնվում են նաև սեփական փորձի և շրջակա իրադրության մասին իրենց ունեցած գիտելիքների վրա: Նրանք ի վիճակի են լուծելու բավականին բարդ խնդիրներ և անգամ ապրումակցել վտանգավոր իրավիճակում հայտնված իրենց ցեղակիցներին:

Շատախոս թռչուններ

Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում համատեղ աշխատանքների արդյունքում Նիկոլասը և  Էլսի Կոլլիասը (Nicholas & Elsie Collias) դասակարգեցին թռչունների ձայները և գտան, որ հավերի §երգացանկում¦ կան մոտ 24 տարբեր ձայնային ազդանշաններ, որոնցից շատերն ակնհայտորեն օգտագործվում են միայն որոշակի պայմաններում: Այսպես, վերևից (օրինակ` որս փնտրող արծվից) սպառնացող վտանգին դիմակայելիս, հավերը սեղմվում են գետնին և հանում են տագնապալից «ի-ի-ի» թույլ ձայն: Իսկ «կչկչոց» ձայնարկումը, որը մարդկանց մեծ մասը սովորաբար կապում է հավերի հետ, իրականում նախազգուշացում է, որն ազդարարում է վերգետնյա գիշատչի հայտնվելու մասին: Կեր գնտելիս աքլորը սովորաբար հանում է համառորեն հնչող ձայնային ազդանշանների շարք` «դոկ-դոկ», հատկապես այն դեպքում, երբ ծագում է աքլորի ուշադրությանն արժանացած էգի մոտ հետաքրքրություն առաջացնելու հնարավորություն:

ամփոփ

  • Նոր հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ սովորական ընտանի հավերը շատ ավելի խելացի են, քան ընդունված է համարել:
  • Այդ թռչունները նենգ են ու խորամանկ, և բացի այդ, նրանք ընդունակ են կարեկցել և ապրումակցել:
  • Հավերի մոտ բարձր զարգացած ինտելեկտի առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ իմացական ունակությունների առկայությունը կենդանական աշխարհում այդքան էլ եզակի երևույթ չէ, որքան ընդունված էր համարել նախկինում:
  • Աշխարհն ընկալելու հավերի առանձնահատկությունների մասին նոր պատկերացումն իր մեջ ներառում է էթիկական խնդիր՝ կապված արտադրության մեջ նրանց խնամքի պայմանների հետ:

1990-ականներին տեխնոլոգիայի զարգացումը գիտնականներին հնարավորություն տվեց մանրակրկիտ ուսումնասիրել տարբեր վարկածներ՝ հավերի հանած ձայների իրական նշանակությունը պարզելու համար: Հենց այդ ժամանակ Սիդնեյի Մաքուորի համալսանի գիտաշխատող Քրիս Էվանսը (Chris Evans) և այլ հետազոտողներ սկսեցին կիրառել թվային ձայնագրող սարքեր և հեռուստաէկրաններ, որպեսզի պարզեն ազդանշաններով բավականին հարուստ հավերի ««լեզվի¦ այս կամ այն ձայնի նշանակությունը: Հետազոտական այդ աշխատանքի էությունը կայանում էր նրանում, որ վանդակների շուրջ տեղադրված հեռուստաէկրանների միջոցով հավերի համար պետք է ստեղծվեր մի ամբողջ §վիրտուալ իրականություն¦, որը տալիս էր տարբեր էակների (զուգընկեր, ախոյան, գիշատիչ) հետ §կոնտակտի մեջ¦ մտնելու հնարավորություն. միաժամանակ, ձայնագրվում էր փորձարկվող թռչնի պատասխան ռեակցիան այս կամ այն իրավիճակին: Մերթ ընդ մերթ, փորձարկվող հավերին ցույց էին տալիս նրանց գլխավերևում ճախրող բազեին, կամ նրանց կողմ վազող աղվեսին, կամ էլ §դոկ-դոկ¦ ձայնը հանող ցեղակից աքլորին:

Ընդհանրացնելով նշված փաստերը՝ կարելի է պնդել, որ  հավերի կողմից արձակվող ձայներն ավելի շատ բան են արտահայտում, քան պարզապես նրանց ներքին վիճակը` §ուզում եմ ուտել¦ կամ §վախենում եմ¦ մակարդակով: Բացի այդ, նրանք ըմբռնում են տեղի ունեցող իրադարձությունների իմաստը և արձագանքում են դրանց ոչ թե պարզ բնազդային (ռեֆլեկտոր) մակարդակով, այլ լավ մտածված գործողությունների օգնությամբ: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ մինչև որևէ բան անելը հավերը մտածում են, և այդ վարքը մոտեցնում է նրանց ոչ այնքան այլ թռչուններին, որքան կաթնասուններին, որոնց ուղեղը շատ ավելի մեծ չափսերի է:

Հնարավոր բոլոր միջոցներով

Դեռևս 20-րդ դարի 40-ական թվականներին արդեն հայտնի էր, որ կեր հայտնաբերելիս հավերը սկսում են բարդ պարեր պարել: Դրանցից առավել դիտարժանն այսպես կոչված §համեղ պատառ» պարն է (tidbitting), որը բաղկացած է շարժումների շարքից, որոնց միջոցով աքլորը՝ ալֆա որձը, փորձում է ցույց տալ էգին, որ վերջինիս համար համեղ կեր է գտել:  Այդ ընթացքում աքլորը կատարում է գլխի արագ վեր-վար կամ կողք-կողք շարժումներ` բարձրացնելով և նետելով գտնված համեղ պատառը: Այդ ներկայացումն այն հիմնական հնարքն է, որի միջոցով աքլորը գրավում է հավի ուշադրությունը:  Գիտնականները ենթադրում էին, որ մյուս աքլորները չպետք է ցուցաբերեն նույն վարքը, որպեսզի խուսափեն ալֆա-աքլորի ագրեսիայից:          Ինչպես և սպասվում էր, փորձաթռչունների յուրաքանչյուր խմբում ալֆա-աքլորը անընդհատ §ծուղրուղու¦ էր կանչում, որպեսզի մյուսներին հիշեցնի զբաղեցվող տարածքի նկատմամբ իր իրավունքների մասին: Բնականաբար, հենց նա էլպարում էր «համեղ պատառ» ոգեշնչող պարն իր էգերի համար և նախազգուշացնում ամբողջ խմբին, երբ նրանց վտանգ էր սպառնում վերևից։  Այդուհանդերձ, իսկական անակնկալ մատուցեցին հենց այն աքլորները, որոնք ավելի համեստ դիրք էին զբաղեցնում հիերարխիայում,: Թվում էր, թե հետազոտողների համար ակնհայտ էր, որ այդ աքլորներն իրենց պետք է հնարավորինս զգույշ պահեին, որպեսզի խուսափեին ալֆա-աքլորի հետ կոնֆլիկտից, քանի որ վերջինս կարող էր հետապնդել, խփել նրանց բիտերով` իր §հարեմի¦ առջև իրենց ցուցադրելու փորձի համար: Սակայն, տեսախցիկների և միկրոֆոնների շնորհիվ հետազոտողների առջև բացվեց շատ ավելի բարդ տեսարան:  §Երկրորդ կարգի¦ որձերն ընտրել էին այլ` թաքնված տակտիկա, որը նախկինում անհնարին էր համարվում թռչունների համար: Նրանք կատարում էին պարի միայն շարժողական մասը` չհանելով որևէ ձայն: Այդ հնարքը թույլ էր տալիս նրանց լուռ գրավել էգերին` ալֆա-աքլորին չտալով ագրեսիայի ցուցաբերման որևէ պատճառ:

Հետազոտողներին հաջողվեց պարզել հավերի նենգության ողջ խորությունը միայն այն ժամանակ, երբ կատարելագործվեցին ձայնա-տեսագրման սարքերը՝ թռչունների վարքն ավելի ճշգրիտ ուսումնասիրելու նպատակով։ Գիտնականներին հատկապես հետաքրքրեց հավերի ռեակցիան վտանգի ժամանակ: Նախկին դիտարկումները ցույց տվեցին, որ թռչող գիշատչի (օրինակ` բազեի) հարձակման դեպքում  որձը հաճախ §կրակն իր վրա է վերցնում¦ վտանգի մասին բարձրաձայն ահազանգելով և դրանով իսկ իրեն ենթարկելով նկատվելու և զոհ դառնալու ռիսկին: Հետազոտողները բացատրում էին դա նրանով, որ աքլորի համար էգին և իր ճտերին պաշտպանելը կենսական կարևորության խնդիր է: Սակայն, Քերոլին Սմիթին հետաքրքրում էր այն, թե կան արդյոք որևէ այլ հանգամանքներ, որոնք ազդում են նմանօրինակ վարքի դրսևորմանը:Հետազոտությունները ցույց տվեցին, որ այդպիսի գործոններ իսկապես առկա են։ Իր հայտնագործած սարքի օգնությամբ, որը հնարավորություն էր տալիս մշակելու և ուսումնասիրելու հավերի կողմից արձակվածազդանշանների ամենանուրբ ելևէջները,  Սմիթը կարողացավ ապացուցել, որ §փողհարելով¦ վտանգի մասին՝ որձերը, շատ հաճախ, ղեկավարվում են բացառապես եսասիրական նկատառումներերից ելնելով: Վտանգի սպառնալիքի դեպքում որձերը համեմատում են վտանգից խուսափելու իրենց հնարավորությունները մրցակից այլ աքլորների հնարավորությունների հետ և տագնապի ազդանշանները դարձնում են ավելի հաճախակի, եթե գտնում են, որ իրենց անվտանգության հնարավորությունն ավելի մեծ է, քան մրցակիցներինը։ Սովորաբար որձերն ավելի հաճախ են արձակում տագնապի ձայներ հատկապես այն ժամանակ, երբ իրենք թաքնված են լինում թփերի մեջ, իսկ իրենց մրցակիցները գտնվում են բաց տարածքում` քաղցած գիշատչի տեսադաշտում: Հանգամանքների հաջող ընթացքի դեպքում խորամանկ աքլորը կարող է §մեկ զարկով երկու նապաստակ սպանել¦` և′ պաշտպանել իր էգին, և′ ազատվել ախոյանից:

Գիտության մեջ այդպիսի ռազմավարությունը հայտնի է որպես §ռիսկերի փոխհատուցում¦ և այն վարքի ևս մեկ ընդհանուր գիծ է, որը հատուկ է թե′ հավերին, թե′ մարդկանց: Ապացուցվել է, որ մեզանից շատերն ավելի մեծ ռիսկ են վերցնում իրենց վրա այն ժամանակ, երբ կան ինչ-ինչ §մեղմացուցիչ¦ հանգամանքներ: Օրինակ՝ վարորդն ավելի ուժեղ է սեղմում արագության ոտնակը, եթե ամրագոտին կապված է: Նույն կերպ և աքլորը. նա ավելի վստահորեն ռիսկի կենթարկի իր կյանքը հատկապես այն դեպքում, երբ բավականաչափ պաշտպանված է զգում իրեն:

Հոգատար մայրիկներ

         Հավերի իմացական ունակությունների ցանկն ավելանում է յուրաքանչյուր նոր հայտնագործության հետ միասին:  Իտալիայի Տրենտո համալսարանի գիտաշխատող Ջորջիո Վալորտիգառան (Giorgio Valortigara) ապացուցեց, որ երիտասարդ հավերը կարող են տարբերել թվերը և անգամ օգտվել երկրաչափության սկզբունքներից: Այսպես, թռչունները, որոնց ցուցադրվում էր ամբողջության չնկարված եռանկյունի, ի վիճակի էին ճանաչել նկարի իսկական ձևը: Իսկ Ջոան Էդգարի (Joanne Edgar) և Անգլիայի Բրիստոլի համալսարանի նրա գործընկերների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքների հրապարակումը 2011 թվականին ցույց տվեց, որ նենգությունից բացի` հավերն ունեն շրջապատող արարածներին անկեղծ ապրումակցելու ունակություն:

Նշված փորձին մասնակցում էին թխսկան հավեր, որոնց ստիպում էին հետևել, թե ինչպես են իրենց ճտերն օդի հոսանքի շթից ստանում անվնաս ու անցավ հարվածներ, որոնք ընդամենը խառնում էին նրանց փետուրները:

Փորձի այդ բոլոր արդյունքները ցույց տվեցին, որ հավերն ընդունակ են զգալու ցեղակիցներիցավը․ սա բավականին յուրահատուկ վարքագծի դրսևորում է, որը նախկինում վերագրվում էր որոշակի սահմանափակ տեսակներին, օրինակ` ագռավներին, սկյուռիկներին և, իհարկե, մարդկանց: Այն փաստը, որ սովորական ընտանի հավը, որը որևէ ցեղակցական կապ չունի իրենց մտավոր ունակություններով մեզ քաջ հայտնի թռչունների տեսակների հետ, տիրապետում է  նման արտասովոր ինտելեկտին, բանականության ծագման շուրջ մտորելու տեղիք է տալիս։ Հնարավոր է, որ §բանական լինելը¦ շատ ավելի  հատուկ է կենդանական աշխարհին, քան ենթադրվում էր նախկինում։Հավանական է նաև որ այն դրսևորվում է ամենուր, որտեղ առկա է կյանքի սոցիալական ձև, և չի կազմում այնպիսի բացառություն, որ դժվարահաս է կենսաբանական էվոլյուցիայի համար: Ամենայն հավանականությամբ, հավերը ժառանգել են հզոր իմացական շնորհ իրենց վայրի նախնիններից` հարավային և հարավ-արևելյան Ասիայի անտառներում բնակվող թփուտային վայրի հավերից: Այդ վայրերում հավերի նախաընտանիքները ձևավորվում էին համեմատաբար երկար ժամանակահատվածում միմյանց հետ բնակվողխմբերից, որոնց կազմում կային տարբեր տարիքի 4-ից 13 առանձնյակներ։

Յուրաքանչյուր այդպիսի խումբ գլխավորող դոմինանտ որձ և էգ, ինչպես և հատուկ է կենդանիներից շատերին, խմբի այլ անդամների այս կամ այն չափով ճնշման արդյունքում ստանում էին լավագույն պատառը՝ լիներ սնունդ, գոյատևման համար տարածք, թե զուգընկեր։ Որձերն իրենց ժամանակի մեծ մասը ծախսում էին էգերին գրավելու և սննդով մատակարարելու վրա, իսկ էգերը ուշի ուշով հետևում էին որձերին գնահատելով և մտապահելով նրանց գործողությունները և արարքները, որպեսզի հետագայում խուսափեն ստոր կամ անբարյացակամ վերաբերմունք դրսևորող որձերից։ Էգերի հետ հաջող և երկարաժամկետ շփման համար յուրաքանչյուր աքլորի «համբավը» մեծ նշանակություն ուներ, քանի որ էգերին գրավելու համար մրցակցությունը բավականին թեժ էր։

Սակայն, ընտանիքի ներսում մրցակցությունը միակ գործոնը չէ, որը խթանում է թռչնի խելքի զարգացումը։ Արտաքին սպառնալիքի առկայությունը, այդ թվում նաև թռչող և քայլող գիշատիչների, օրինակ՝ աղվես և արծիվ, հանգեցնում է փրկության տարբեր ռազմավարությունների ի հայտ գալուն, որոնք փոփոխվում էին գիշատչի վարքի փոփոխությանը զուգընթաց։ Դա ստիպում էր թռչուններին մշակել միմյանց հետ «համագործակցելու» առավել բարձր ինտելեկտուալ միջոցներ, ինչպես նաև փնտրել առաջացող իրավիճակների «քննարկման» ուղիներ։ Վերը թվարկված բոլոր հատկանիշներն  ընտանի հավերը հիմա էլ ունեն։

Հեշտ չէ միանգամից համակերպվել այն մտքի հետ, որ ինտելեկտուալ ունակությունների այս երկար ցանկը վերաբերում է թռչուններին, որոնց մարդիկ, միլիոնավոր տարիներ շարունակ, օգտագործել են որպես սննդի անխափան աղբյուր: Ակամա ծագում է նրանց խնամքի ու բուծման պայմանների մասին հարցը: Վայրի բնության մեջ փոքր խմբերով ապրող այս թռչուններին մարդիկ պահում են թռչնաբուծարաններում, անհավանականորեն խիտ միջավայրում` մեկ կառույցում մոտ 50 հազար գլուխ թռչուն: Վայրի բնության մեջ 10 տարի ապրող թռչունների կյանքի տևողությունը թռչնաբուծարաններում կրճատվում է` կազմելով 6 շաբաթ, եթե դրանք բուծվում են մսի արտադրության համար: Թռչունները սպանդի են ենթարկվում երիտասարդ տարիքում` խուսափելու համար այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են` սրտի հիվանդությունները, օստեոպորոզը և ոսկորների ջարդվածքները: Սրանք հատուկ ընտրված մսատու ցեղատեսակների գերարագ աճի անխուսափելի հետևանքն են: Այս առումով թխսկանների «բախտը» համեմատաբար բերել է, քանի որ նրանց կյանքի տևողությունը երկարացվում է մինչև կես տարի` չնայած այն բանին, որ նրանք ապրում են Ա4 ձևաչափի թղթի մակերես ունեցող վանդակում: Ընտանի հավերի ճկունությունն ու հարմարվողականությունը որը նրանք ժառանգել են իրենց երամային վայրի նախնիներից՝ թփուտային վայրի հավից, չար կատակ են խաղացել նրանց հետ հնարավորություն տալով նոր տեսակին գոյատևելու ամենևին ոչ նորմալ, սթրեսային պայմաններում։ Եվ հազիվ թե որևէ բան փոխվի, քանի որ մարդկանց մեծ մասին չի հետաքրքրում, թե որտեղից է գալիս մեր սնունդը, և որքան մեծ թվով արտառոց ինտելեկտի տեր արարածների կյանք է զոհաբերվում հանուն այդ նպատակի։

Այդուհանդերձ, աստիճանաբար լուսավորվում են անգամ քաղքենիները։ Ներկայումս, Եվրոպայում և Հարավային Ամերիկայի որոշ նահանգներում օրինակ` Կալիֆորնիայում,  ընդունվում են նոր օրենքներ, որոնք սահմանում են թխսկան հավերի խնամքի պայմանների բարելավման պահանջները: Այս գործընթացը նախաձեռնել են հենց գնորդները, որոնց մտահոգում են ինչպես կենդանիների առողջության, այնպես էլ սննդի որակի բարելավման խնդիրները: Ավստրալիայի արտադրողներն արդեն տեղեկացնում են, որ իրենք բարելավել են հավերի խնամքի պայմանները թռչնաբուծարաններում` աճող մրցակցության պայմաններում ցանկանալով գրավել հետզհետե ավելացող, §ոչ անտարբեր¦ սպառողների հատվածը: Սակայն, դեռ շատ անելիքներ կան: Լայն հանրությունը բավարար տեղեկացված չէ մսատու հավերի խնամքի պայմանների մասին:

Գիտնականները նոր են սկսում բացահայտել ինտելեկտի այն տեսակի էությունը, որը հատուկ է հենց հավերին. սակայն, կա մի փաստ, որն այլևս տարակուսանքի տեղիք չի տալիս, այն է  §հավի խելք¦, §հավի պես հիմար¦ և նմանատիպ այլ տարածված արտահայտությունները, որոնք ակնարկում են հավերի մոտ խելքի իսպառ բացակայության մասին, այսուհետև պետք է համարվեն անաքրոնիզմ:

www.sciru.org

  • В МИРЕ НАУКИ», [01] ապրիլ, 2010թ.

Սառա Զելինսկի (Sarah L. Zielinski)

լրագրող Վաշինգտոնից, մասնագիտացումը` գիտական թեմաներ:

Նրա հոդվածները տպագրվել են այնպիսի ամսագրերում,

ինչպիսիք են` «Science», «Science News» «Smithsonia» և այլ հրատարակչություններ:

Քերոլին Սմիթ (Carolynn L. Smith)

Սիդնեյի Մաքուորի համալսանի (Ավստրալիա) գիտաշխատող՝ 

Հետազոտում է տարբեր կենդանիների (հսկայական կաղամարներից մինչև փղեր)

հաղորդակցման և իմացողական գործընթացները: 2010թ.-ին արժանացել է Ավստրալիայի թանգարանի «Էվրիկա» մրցանակին

թարգմանեց՝ Գայանե Պետրոսյանը