«Իմանալով կաթնատու տավարի կճղակների հիվանդությունների առաջացման պատճառները և դրանց կանխարգելման ձևերը` անասնատերը կարող է կազմակերպել կճղակների ճիշտ խնամք, ինչը զգալիորեն կնվազեցնի տնտեսական վնասները»
Տիգրան Գաբրիելյան
Կճղակների ճիշտ խնամքը ձեր կովի առողջության գրավականն է
Կաթնատու կովն առավելագույն մթերատվություն է ապահովում այն պարագայում, երբ առողջ է և իրեն հարմարավետ է զգում: Միայն առողջ կովն է ի վիճակի բավականաչափ ուտել, մեծ քանակությամբ կաթ արտադրել և բարձր վերատրադություն ապահովել: Կովերի խնամքի բաղկացուցիչ մաս է կազմում կճղակների խնամքը: Կաթնատու կովը պետք է կարողանա քայլել, նստել, հագստանալ առանց խնդիրների, առանց կաղալու: Կովի կաղությունը հետևանք է կճղակի եղջրային մասի գերաճի և տարատեսակ վարակների: Վերջույթների պատշաճ խնամք ապահովելու դեպքում ֆերմերը կարող է մեծ խնայողություններ անել՝ նվազեցնելով անասնաբուժական ծախսերը և խոտանվող կենդանիների թիվը, և արդյունքում բարձրացնել կենդանիների մթերատվությունը:
Ըստ անատոմիական կառուցվածքի՝ կճղակը համապատասխանում է մարդու եղունգներին և, ինչպես եղունգը, այն կարող է աճել: Այժմ պատկերացնենք, թե մենք չունենք հնարավորություն կտրելու մեր եղունգները հինգ ամիս շարունակ. արդյոք հնարավո՞ր է դրան երկար ժամանակ դիմանալ: Մարդն անշուշտ կշտապեր կտրել եղունգները, սակայն կովերին բնությունը նման հնարավորությամբ չի օժտել: Բացի այդ նրանց անհրաժեշտ է կթել ամեն օր և օգնել տարին մեկ անգամ հորթ ունենալ: Չպետք է մոռանալ նաև, որ մեծաթիվ տնտեսություններում կովերը զրկված են ակտիվ մացիոնից՝շարժվելու հնարավորությունից: Կենդանու վերջույթները դիմանում են նրա հսկայական կենդանի զանգվածին, որը կշռում է 450-ից 700կգ: Այս պարագայում կճղակները քայլքի ժամանակ մեղմիչի դեր են կատարում:
Կճղակների հետ կապված հիվանդություններից առաջացած վնասը
- Կենդանի զանգվածի թերզարգացում
- Կաթնատվության նվազում
- Քաշաճի անկում
- Վերարտադրության ֆունկցիոնալ խանգարումներ
- Սերմնավորման ծախսերի ավելացում
- Կաթում սոմատիկ բջիջների ավելացում
- Բարձր մթերատու կենդանիների խոտանում
- Առողջ կենդանիների վարակվելու մեծ հավանականություն
- Հիվանդ կենդանիների բուժման ծախսեր:
Կովի կաթնատվությունը նվազում է, երբ նա հիվանդ է, չի հանգստանում և քիչ է ուտում: Երբ կովը խնդիրներ ունի կճղակների հետ, նա դժվարությամբ է ոտքի կանգնում՝ կերակրվելու կամ ջրվելու գնալու համար, կանգնած ժամանակ չի ուզում նստել, հանգստանալ, քանի որ հետո կանգնելու համար նորից լրացուցիչ ջանք պետք է թափի: Խոնավ հատակին և տաք անասնաշենքում, որտեղ միկրոբների զարգացման ամենանպաստավոր պայմաններն են ստեղծված, երկար նստելու հետևանքով կովերի մոտ մեծանում է նաև մաստիտով վարակվելու հավանականությունը:
Եթե կենդանու մոտ նվազում է կաթնատվությունը և կաթի մեջ ավելանում է սոմատիկ` մարմնական, բջիջների քանակը, սակայն արտաքինից կենդանին ունի առողջ տեսք, ապա խնդիրը պետք է փնտրել կճղակների մեջ:
Կճղակների հիվանդությունները բավականին մեծ տնտեսական վնասների են հանգեցնում՝ գրավելով 3-րդ տեղը՝ մաստիտների և վերարտադրողական հիվանդություններից հետո: Նաև, կճղակների հիվանդությունների բուժումը ամենածախսատարն է կաթնային անասնապահության մեջ:
Կճղակների հիվանդությունները և կենդանիների կաղությունը բազմապատճառային են՝ սանիտարական վատ պայմանների պատճառով առաջացող տարատեսակ վարակներ, կովերի սխալ հաշվարկված կերաբաժիններ և այլն: Կաղ կովերը երկար ժամանակ պառկում են, ընդունում են քիչ քանակի կեր և ջուր, որն իր ազդեցությունն է թողնում կաթնատվության վրա: Նրանք պահանջում են երկարատև խնամք և բուժում: Նույնիսկ եթե շատ օպերատիվ կազմակերպվի կենդանու բուժումը, միևնույն է, լիակատար ապաքինման համար երկար ժամանակ է պահանջվում:
եթե կովն առողջ տեսք ունի, սակայն նվազել է կաթնատվությունը և կաթի մեջ ավելացել է սոմատիկ բջիջների քանակը, ապա խնդիրը կճղակների մեջ է
Կենդանիների պահվածքը նախածնային շրջանում
Որպես կանոն, կովը պետք է հանգստանա օրական 12-14 ժամ: Եթե նստելատեղը անհարմար է և կեղտոտ, կրճատվում է հանգստի ժամի տևողությունը, մեծանում է կճղակների հիվանդությունների և կաղության առաջացման հավանականությունը:
Քանի որ կովը լակտացիայի առաջին շրջանում մեծ քանակությամբ կաթ է տալիս, ուստի նրա կաղալու հետևանքով մենք կաթի մեծ կորուստ ենք ունենում: Այդ իսկ պատճառով կճղակների ֆունկցիոնալ մշակման ճիշտ ժամանակն է ցամաքի սկիզբը, որպեսզի կովը նոր ծինը սկսի արդեն իսկ առողջ կճղակներով: Նախածնային շրջանում, հանգստի շրջանի կրճատման դեպքում կենդանու կճղակի մաշվելուն զուգընթաց նկատվում է կճղակի եղջրային գոյացության դանդաղ աճ: Երբ կովը երկար ժամանակ չի հանգստանում և այդ ընթացքում կանգնում է մաշված կճղակի ներբանին հենված, նրա մոտ ի հայտ է գալիս կաղություն: Երկար ժամանակ կանգնելու հետևանքով մեծանում է կճղակի փափուկ հյուսվածքների վնասվելու հավանականությունը, որի հետևանքով առաջանում են արյունազեղումներ և հետագայում նաև ներբանի խոցեր:
Կերակրում
Երբ կենդանու կերաբաժնում օսլայի քանակությունը գերազանցում է թաղանթանյութի քանակը, այն ի վերջո հանգեցնում է կտրիչի ացիդոզի առաջացմանը՝ երբ արյան մեջ ավելանում է ացետոնային մարմինների քանակը: Իսկ ացիդոզը, անկասկած, կաղություն առաջացնելու նախատրամադրող գործոն է, որը կարող է ի հայտ գալ հիմնականում ծնից անմիջապես առաջ և հետո: Այլ դեպքում, կերաբաժնում սպիտակուցի մեծ քանակությունը կարող է հանգեցնել լամինիտների (կճղակի ներբանի ոչ վարակիչ բնույթի բորբոքում) առաջացման:
Պահվածքի հիգիենա
Վատ պահվածքի հետևանքով, երբ կենդանիների համար նախատեսված կանգնելատեղերում գերակշռում է խոնավությունը, կճղակներն ավելի փափուկ են դառնում, իսկ խոնավ կճղակներն ավելի խոցելի են վարակիչ հիվանդությունների հանդեպ:
Փորձի արդյունքում պարզվել է, որ կենդանիներին առնվազն 10 օր խոնավ պայմաններում պահելու դեպքում նրանց միջկճղակային դերմատիտով (մորտելարոյի հիվանդություն) հիվանդանալն անխուսափելի կլինի: Այս պարագայում թրիքի հեռացման ճիշտ կազմակերպումը և հեղուկ ֆրակցիաների համար նախատեսված դրենաժների առկայությունը թույլ է տալիս կճղակները պահել ավելի չոր վիճակում: Կարևոր է նաև օդափոխության ճիշտ կազմակերպումը անասնաշենքում՝ ամոնիակը և խոնավությունը հեռացնելու համար:
Առաջնածին երինջները առավել զգայուն են կճղակների հիվանդությունների նկատմամբ: Ներբանային վնասվածքները և կաղությունը կարող են նկատվել արդեն ծնի առաջիկա շաբաթում: Ուստի առաջնածին երինջների կճղակների մշակումը պետք է սկսել նախքան ծինը կամ դրանից անմիջապես հետո: Շատ կովեր լակտացիայի սկզբում խոտանվում են և նույնիսկ ենթարկվում են հարկադիր մորթի հենց կճղակների և ստորին վերջույթների հիվանդությունների պատճառով:
Կճղակների ֆունկցոնալ մշակումը 2 նպատակ ունի
- Ստեղծել կճղակների ձևավորման և կովերի հեշտ տեղաշարժի համար օպտիմալ պայմաններ;
- Բացահայտել և բուժել կճղակների խնդիրները վաղ շրջանում՝ նախքան կաղության և լուրջ խնդիրների ի հայտ գալը:
Կճղակների մշակումը պետք է իրականացնել ֆիքսատորներում: Այն նախատեսված է կովին անշարժացնելու և վերջույթները առավել հեշտ բարձրացնելու համար: Այստեղ կենդանիների առջևի և հետևի վերջույթները հեշտորեն բարձրացվում են և միաժամանակ նվազեցնում հղի կենդանիների վիժման վտանգը: Սա պատասխանատու աշխատանք է, որ պետք է իրականացվի փորձառու մասնագետի կողմից: Հաճախ անասնատերերը համապատասխան մասնագետին հրավիրում են շատ ուշ, երբ կենդանու մոտ արդեն իսկ նկատվում է զգալի կաղություն: Այնինչ մինչև մշակումը և դրանից հետո՝ վերականգման ընթացքում, անասնատերը բավականին մեծ գումար է կորցնում կաթի նվազման պատճառով:
Այսպիսով, կաթնատու տավարաբուծության մեջ, կանխարգելելով կովերի վերջույթների, մասնավորապես, կճղակների հիվանդությունները, կարելի է բարձրացնել կենդանիների մթերատվությունը, կաթի և մսի որակը, ապահովել տնտեսության էկոլոգիական անվտանգությունը և վերջնական արդյունքում լավացնել տնտեսական ցուցանիշները:
Հեղինակ՝ Տիգրան Գաբրիելյան