«Միայն ինձ ճանաչողները կարող են ասել, թե ինչ կարգի եմ սիրում իմ անասուններին և թե ինչքան կապված եմ նրանց հետ»,- պատմում է Խնձորեսկի միակ կին ֆերմեր Վարսենիկ Հայրյանը, ով ամեն անգամ իր ֆերմայի անասունների մասին խոսելիս համակվում է նախանձելի ոգևորությամբ ու անսահման սիրով:

Նրա սերը անասնապահության ու կենդանիների հանդեպ գալիս է մանկուց: Պատմում է, որ հայրը անասնապահությամբ զբաղվել է 17 տարեկանից: Խորհրդային Միության տարիներին սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում է ստացել անասնապահության ոլորտում: «Փոքր տարիքից ես հորս հետ եմ եղել, տեսել ու սիրել եմ կենդանիներին», – նշում է Վարսենիկը: Երկու տարի առաջ հայրը մահացավ, և այսօր մոտ 40 կենդանի ունեցող ֆերմայի ողջ պատասխանատվությունն ընկած է երիտասարդ կնոջ ուսերին: «Բոլոր 40 կովերին գիտեմ,  անուն առ անուն: Փոքրերին դեռ անուններ չեմ տվել: Սպասում եմ` մի քիչ մեծանան, կազմավորվեն՝ գույնով, պոզերով, նոր ընտրում եմ համապատասխան անունը: Այս սովորությունը հորիցս եմ ժառանգել: Գիտեմ նաև յուրաքանչյուր կովի բնավորությունը: Զարմանում եմ, երբ տեսնում եմ, որ մարդիկ երբեմն դաժան են վարվում կենդանիների հետ: Ասում են՝ եթե կովին հարվածես, կաթը ներս կքաշվի, ու այդ պահին կաթ չի տա»: Վարսենիկը սիրում է իր կովերին, նրանք էլ առատորեն վարձահատույց են լինում:

Վարսենիկն իր ողջ կյանքն անցկացրել է գյուղում և հետագան էլ այնտեղ է պատկերացնում: Առաջին դասարան հաճախել է Երևանում, սակայն քանի որ չի սիրել քաղաքի կյանքը, տեղափոխվել են Խնձորեսկ, որտեղ էլ ավարտել է դպրոցը: Դպրոցից հետո սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում`  հոգեբանության ֆակուլտետում: Սակայն քաղաքի կյանքը նրան երբեք չի հրապուրել: «Երբ իմացա, որ ընդունվել եմ ինստիտուտ, ժամերով լաց էի լինում: Շատ երկրներում եմ եղել, սակայն դա ինձ չի խանգարել, որ դադարեմ գյուղի մասին մտածելուց: Ինձ չեմ պատկերացնում գրասենյակային որևէ աշխատանք կատարելիս: Ես սիրում եմ գյուղը, գյուղի ազատությունը»:

Երիտասարդ գործարարը մեծ պատվով ու հպարտությամբ է կրում իրեն բաժին հասած բոլոր դժվարությունները՝ երբեք չդադարելով ընդլայնել իր գործունեության ոլորտները: Ֆերմայի գործերը տնօրինելուց զատ, նա զբաղվում է նաև առևտրով, ինչպես նաև ունի ընտանեկան փոքր արտադրություն: Արտադրում է պահածոներ՝ կոմպոտներ, մուրաբաներ, թթուներ և հիմնական մասն արտահանում Ռուսաստան: Ամռանը երիտասարդ ֆերմերի ծանրաբեռնվածությունը հասնում է գագաթնակետին: Տնտեսության հետ կապված աշխատանքներում նրան օգնում են քույրը և քրոջ աղջիկը:

Աշխատանքին անսահման նվիրվածության շնորհիվ մի քանի ամիս առաջ նրան վստահվեց Խնձորեսկի Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի (ԳԱՍԿ) ղեկավարումը: «Սիրով համաձայնեցի ղեկավարել Կենտրոնի աշխատանքները, քանի որ շատ եմ սիրում անասնապահություն, բացի այդ, մեծ ցանկություն ունեի նոր թափ հաղորդելու Կենտրոնի գործունեությանը: Մեր գյուղը բավականին մեծ է. ունի մոտ 300 տնտեսություն, իսկ բնակչության 80%-ը զբաղվում է անասնապահությամբ: Խնձորեսկում գրեթե չկան մեկ կով ունեցող ֆերմերներ. բոլոր տնտեսություններն ունեն նվազագույնը 10-20 կով: Բացի այդ, ունենք հիանալի պայմաններ անասնապահության համար` խոշոր արոտավայրեր, բարենպաստ եղանակ: Նման պայմաններում ես պետք է անեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի  գյուղատնտեսությունը Խնձորեսկում նոր մակարդակի հասնի», – ասում է Վարսենիկը:

Կենտրոնը մատուցում է անասնաբուժական բազմատեսակ ծառայություններ, տրամադրում անվճար խորհրդատվություն, ինչպես նաև կազմակերպում է ուսումնական դասընթացներ Խնձորեսկի և հարակից համայնքների ֆերմերների համար: Կենտրոնի հետ Վարսենիկը մեծ հույսեր է կապում: Ներկայում միակ խնդիրը նա համարում է հմուտ անասնաբույժի պակասը, ով կմատուցի արհեստական սերմնավորման ծառայություններ:  Գյուղում կա գենետիկայի բազմազանության խնդիր, քանի որ մարդիկ ցանկանում են տարբեր ցեղատեսակի կովեր ստանալ՝ մսատու կամ կաթնատու:

Վարսենիկը մեծապես կարևորում է նաև հաճախորդների ակտիվ ներգրավումը: Ինչ ստանձնել է կենտրոնի ղեկավարի դերը, դրա դռները գրեթե ողջ օրը բաց են ֆերմերների համար ծառայությունները առավելագույնս հասանելի դարձնելու նպատակով: Այնտեղ չի գործում հանգստյան օրերի սկզբունքը: Կենտրոնի դռները կարող են բացվել ցանկացած օր և ցանկացած ժամի, եթե ֆերմերին դա անհրաժեշտ է: Վարսենիկն իր հիմնական նպատակը համարում է Կենտրոնի մատուցած ծառայությունների միջոցով Խնձորեսկ համայնքում անասնապահության որակի բարելավումը:

Վարսենիկը համաձայն չէ այն մտքի հետ, որ գյուղում աշխատանք չկա: Նրա խոսքով, Հայաստանում առաջ գնալ կարելի է միայն գյուղատնտեսությամբ: Անելու աշխատանք շատ կա, ոլորտներն էլ անսահման են: Եթե չես ցանկանում զբաղվել անասնապահությամբ, կարող ես զբաղվել ջերմոցագործությամբ կամ այլ աշխատանքով: Թեպետ ընդունում է, որ գյուղացիները շատ հաճախ են տուժում բնական աղետներից: Մեծ խնդիր է նաև բնամթերքի իրացումը: Ինքը նույնպես դժվարություններ է ունեցել: Երկու տարի առաջ վարակ էր տարածվել կենդանիների շրջանում, ինչի պատճառով 7-8 կենդանի սատկել էր: Բացի ֆինանսական մեծ կորուստներ կրելուց, Վարսենիկին շատ է վշտացրել կենդանիների մահը, քանի որ շատ կապված է նրանց հետ: Այնուամենայնիվ, նա խոստովանում է, որ երբեք չի ընկճվում անհաջողություններից, քանի որ բավականին երիտասարդ է և վստահ, որ ամեն ինչ կարելի է հաղթահարել:

Այժմ Վարսենիկի միակ նպատակն է ընդունվել Ագրարային համալսարան և մասնագիտանալ անասնաբուժության ոլորտում:

Հեղինակ՝ Մարգարիտ Հովհաննիսյան