• Հրեական ֆոկուսներ¦, որոնք զարմացնում են աշխարհը

Մարդկության համար Իսրայելը նախ և առաջ երեք կրոնների կենտրոն է, բիբլիական Ավետյաց երկիր, տարբեր քաղաքակրթությունների հայրենիք, որտեղ յուրաքանչյուր հուշարձան կրում է պատմության կնիքը: Բայց սա դեռ ամենը չէ: Իսրայելը նաև մեծագույն ձեռակերտ հրաշք է, քանի որ կենսազուրկ անապատում մարդկանց հաջողվել է ստեղծել ծաղկուն օազիս: Իսկ Իսրայելի գյուղատնտեսությունը ոչ միայն լիովին բավարարում է երկրի բնակչության պահանջները, այլև միրգ ու բանջարեղեն մատակարարում աշխարհի կեսին:

  • Բոլոր ոչ գրավիչ երկրների շարքում Պաղեստինը պետք է հռչակվի չեմպիոն: Լերկ բլուրներ… հովիտները` ընդամենը անհրապույր անապատ` երիզված դալուկ բուսականությամբ, որի վրա դրոշմված են տրտմությունն ու անելանելիությունը… անշուք, հույս չներշնչող, տխուր անդաստան… անեծքը, որի տակ կքել է այդ երկիրը, ջլատել է այն` ամբողջովին ամայացնելով դաշտերը¦: Այսպես է բնութագրել Իսրայելի ներկայիս տարածքն իր ճամփորդական նոթերում Մարկ Տվենը 1867 թվականին: Այս հողի վրա միայն քարեր էին, ավազ, ճահիճներ, չոր խոտով ծածկված սարեր: Այսպիսին տեսան հրեաներն իրենց պատմական հայրենիքը, երբ 20-րդ դարում սկսեցին վերադառնալ հարազատ բնօրրան:

Այն մասին, թե ինչպիսին է այժմ Ավետյաց երկիրը, գիտի յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ անգամ եղել է այստեղ: Փշատերև անտառներով ծածկված սարեր, կարկաչուն առվակներ, լճեր, կանաչի մեջ թաղված քաղաքներ, անթիվ ծաղկուն այգիներ… Իսրայելն աշխարհում միակ երկիրն է, որտեղ անտառների թիվը 21-րդ դարում չի նվազել, այլ աճել է` նախորդ հարյուրամյակի համեմատ: Ընդ որում` այդ անտառների 95%-ը տնկել են մարդիկ:

Հասկանալու համար, թե դա ինչպես հնարավոր դարձավ, պետք է հետադարձ հայացք նետել անցյալին: 114 տարի առաջ՝ 1901 թվականին, երբ նույնիսկ խոսք չկար հրեական պետություն ստեղծելու մասին, Շվեյցարիայի Բազել քաղաքում հիմնադրվեց մի կազմակերպություն, որը կոչվեց §Կերեն կայեմետ լե-Իսրաէլ¦ (KKL), որը բառացիորեն նշանակում է §Իսրայելի գոյության հիմնադրամ¦: Դրա օգնությամբ ամբողջ աշխարհի հրեաները գումար էին հավաքում պատմական հայրենիքի հողերը հետ գնելու, հետագայում յուրացնելու և հայրենադարձներին օժանդակելու համար: KKL-ի գումարներով ձեռք բերված հողերի վրա էր, որ ստեղծվեցին առաջին բնակավայրերը, կիբուցները և մոշավները: Ի սկզբանե որոշվեց, որ այդ հողերը չեն կարող լինել մասնավոր տնօրինության տակ. դրանք հանրային սեփականություն են: Այդ սկզբունքը մնաց անփոփոխ նույնիսկ 1948 թվականից հետո, երբ ստեղծվեց Իսրայել պետությունը, և այն սրբորեն պահպանվում է մինչև օրս:

  • Քանի որ հետ գնված տարածքներն անկենդան անապատներ ու ճահիճներ էին, որտեղ մոլեգնում էր մալարիան, KKL-ի հիմնական խնդիրը դարձավ հողաշինարարությունը՝ գյուղատնտեսության համար հատկացված հողերի մշակումը, երկրի տարածքի կանաչապատումը, անապատների յուրացումը, ճանապարհաշինությունը, ճահիճների չորացումը¦, – պատմում է Իգալ Յասինովը` KKL-ի` ԱՊՀ-ի, Արևելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Բալթյան երկրների և Կովկասի դեպարտամենտի տնօրենը: §Իր գոյության ընթացքում հիմնադրամը աշխարհի տարբեր երկրներում բնակվող հովանավորների և բարերարների աջակցությամբ տնկել է ավելի քան 250 միլիոն ծառ, յուրացրել 120 հազար հեկտար հողատարածք, կառուցել 200 ջրամբար և ջրի մաքրման բազմաթիվ կայաններ, որոնք տարեկան գյուղատնտեսությանն են վերադարձնում ավելի քան 200 միլիոն խորանարդ մետր ջուր: Մենք ապահովում ենք 160 հազար հեկտար անտառների խնամքը, պաշտպանում ենք շրջակա միջավայրը: Եվ այս ամենը կատարվում է կամավոր հանգանակությունների շնորհիվ¦:

1950-ականներին Իսրայելի կառավարությունը լուծարեց անտառային տնտեսության նախարարությունը: Այդ ժամանակվանից դրա գործառույթները հաջողությամբ կատարում է KKL-ի §Հրեական ազգային հիմնադրամ¦ հասարակական կազմակերպությունը:

Ողջախոհություն և կշռադատված գործողություններ՝ ահա այն գլխավոր սկզբունքը, որով առաջնորդվում են Իսրայելի անտառագետներն ու բնապահպանները: Այս փոքր երկրի տարածքի մեծ մասը անապատներ և կիսաանապատներ են, միջավայր, որն ընդլայնվելու միտում ունի:

  • Շատ երկրներում, որտեղ կան անապատային տարածքներ, արդեն նկատվում է դրանց համատարած ընդլայնումը, − ասում են մասնագետները: − Իսրայելը միակ երկիրն է, որտեղ անապատը նահանջում և զիջում է դիրքերը: Հիմնադրամը պայքարում է անապատացման դեմ, մշտապես փնտրում է ջրի նոր աղբյուրներ, ներդնում դրա մաքրման, աղազերծման և երկրորդային օգտագործման տեխնոլոգիաներ: Ի դեպ երկրորդային օգտագործման ջրի առումով Իսրայելն աշխարհում առաջին տեղում է. այդ ջրի ծավալները կազմում են 60-70%¦:
  • Գիտե՞ք, թե չորային անապատում տնկիներն ինչպես են դառնում ծառ: Այստեղ կիրառում են նոու-հաուն. տնկին տեղադրում են պլաստիկ նյութից պատրաստված խողովակի մեջ, որը երեք տարի անց քայքայվում է: Գիշերվա ընթացքում այդ խողովակի պատերին գոյանում են ջրի կաթիլներ, որոնք հոսում են ցած, դեպի արմատները: Արդյունքում բույսը ստանում է թեև փոքր, սակայն մշտական քանակությամբ ջուր»: §Գոյություն ունի մեկ այլ մեթոդ, − պատմում են հիմնադրամի աշխատակիցները,- այսպես կոչված` անապատի սավաննայացում: Արհեստական եղանակով խոնավացված հողամասերում, որոնք նախկինում զուրկ էին  բուսականությունից, աճեցնում են ծառեր, ոչ շատ՝ 100 հատ մեկ հեկտարի հաշվով: Դրա շնորհիվ ամրանում է հողի շերտը, բարձրանում բերրիությունը, և անապատը ետ է քաշվում¦:

Սակայն տեղի կլիմայի համար խնդիր են ոչ միայն երաշտն ու կիզիչ արևը. Պաղեստինում իսկական արհավիրք էին մալարիայի աղբյուր համարվող ճահիճները, որոնք  զբաղեցնում էին հովիտների մեծ մասը և թունավորում շրջակա միջավայրը: Դրանց չորացումը դարձավ KKL-ի գլխավոր ծրագրերից մեկը: Այդպիսի մահաշունչ վայր էր Գոլանի բարձունքների մոտակայքում գտնվող ճահճացած Հուլա լիճը: 1950-ականների սկզբին իրականացվեց գլոբալ ակցիա այս տորֆային լճի  հովիտը չորացնելու նպատակով: Սակայն չոր տորֆը սկսեց այրվել:  Բոլորս լավ գիտենք, թե որքան դժվար է պայքարել տորֆային հրդեհների դեմ: Սխալն ուղղեցին: 1990-ական թվականներին Հուլայի կենտրոնական մասը կրկին ողողեցին ջրով, ստեղծեցին ջրանցքների և պատվարների մի  համակարգ, որը թույլ է տալիս  հողի խոնավությունը պահել այնպիսի  մակարդակի վրա, որպեսզի լիճը կրկին չվերածվի ճահճի: Իսկ տորֆով հարուստ ջրով ոռոգում են դաշտերը, քանի որ այն հիանալի բնական պարարտանյութ է:

  • Այսօր Հուլան գրավիչ է զբոսաշրջության համար, − ասում է Էֆի Նայիմը` Հուլայի պարկի կառավարման գծով տնօրենը: -Բանն այն է, որ մեր արգելոցը չվող թռչունների սիրած հանգստավայրն է: Այստեղ, բնական պայմաններում, կարելի է տեսնել սպիտակ կռունկների, փորահավերի, ձկնկուլների, ջրագռավների և մեծ թվով այլ թռչունների: Չվախենալով մարդկանցից` ազատորեն զբոսնում են մշկամկները, եղեգնակատուները, վայրի ցուլերը, իսկ մասնագիտացված կայանում տարեկան օղավորում են 50-70 հազար թռչունների¦:

Այսօր Իսրայելի անտառներն ունեն ոչ միայն տնտեսական նշանակություն: Դրանք բառացիորեն հագեցած են տուրիստական արահետներով, կայաններով, անհրաժեշտ գույքով կահավորված հանգստի գոտիներով, խնջույքների համար նախատեսված տաղավարներով, մանկական խաղահրապարակներով: Հանգիստը վայելելու համար կա ամեն ինչ` սանհանգույցներ, մանղալներ, սեղաններ, նստարաններ, հատուկ արահետներ հետիոտների և հեծանվորդների համար:

-Իսկ տարածքը շա՞տ են աղտոտում, − հետաքրքրվում է հեղինակը Իգալ Յասինովից:

-Խոզավարի իրենց պահում են ամենուրեք, − պատասխանում է նա, -սակայն մենք փորձում ենք այնպես անել, որ աղբ չթափելը լինի ավելի հեշտ: Այն վայրերում, որտեղ ենթադրվում են մարդկանց մեծ կուտակումներ, թողնում ենք պլաստիկ նյութերից տարողունակ պարկեր, ավտոմայրուղու ողջ երկայնքով, յուրաքանչյուր 500 մետրի վրա  տեղադրում ենք մեծ աղբամաններ: Եվ, անշուշտ, մեծ ուշադրություն ենք դարձնում դաստիարակությանը: Հիմնադրամը էկոլոգիական դասընթացներ է կազմակերպում դպրոցներում և մանկապարտեզներում: Երիտասարդները ներգրավվում են անտառվերականգնման աշխատանքներին, ջրաղբյուրների ամենամյա ստուգումներին:  Կամավորները խնամում են ծառերը: Հավատացեք` մարդը երբեք չի փչացնի այն, ինչ իր ձեռքով է պատրաստել: Տարին մեկ անգամ անցկացնում ենք «Մաքուր մոլորակի օր» ակցիան: Այդ օրը հարյուր հազարավոր իսրայելցիներ` աշակերտներ և թոշակառուներ, աշխարհիկ և հոգևոր դասի ներկայացուցիչներ, հրեաներ և արաբներ, զինվորներ և ուսանողներ` բոլորը մասնակցում են աղբահանությանը»:

Անտառային տնտեսությունը և հողաշինարարությունը սերտորեն առնչվում են գյուղատնտեսությանը: Դրանց փոխադարձ կապը նույնպես հիմնված է ողջամտության և փոխշահավետության վրա:

-Մենք թույլ ենք տալիս ֆերմերներին, որ կովերին արածեցնեն անտառներում, − պատմում է Իգալ Յասինովը: − Դա փոխշահավետ է. ֆերմերներն ապահովված են արոտավայրերով, կովերն էլ, ուտելով չոր խոտը, անտառներն ակամայից պաշտպանում են հրդեհներից և, որ ոչ պակաս կարևոր է, պարարտացնում են դրանք բնական ճանապարհով: Իսրայելի գյուղատնտեսությունն ապացույցն է այն բանի, որ մեծ ցանկության և խելամիտ մոտեցման դեպքում անհնարինը դառնում է իրական: Օրինակ` կաթիլային ոռոգումը, երբ ջուրը տրվում է ոչ թե ամբողջ դաշտին, այլ անմիջապես յուրաքանչյուր բույսին, իսկ բաժնեչափը սահմանվում է համակարգչի օգնությամբ, թույլ է տալիս միրգ և բանջարեղեն աճեցնել այն տարածքներում, որտեղ ամիսներով տեղումներ չեն գրանցվում: Ընդ որում, մենք  ոչ միայն ապահովում ենք սեփական կարիքները, այլև մեր արտադրանքն արտահանում ենք շատ երկրներ, այդ թվում` Ռուսաստան: Այդ մթերքը էկոլոգիապես մաքուր է. Իսրայելում պեստիցիդներն արգելված են, քիմիական միջոցների օգտագործումը հնարավոր է միայն բույսերի լուրջ հիվանդությունների դեպքում: Վնասատուների դեմ այստեղ պայքարում են կենսաբանական մեթոդներով` բուծելով և դաշտերը բնակեցնելով վնասատուներին ոչնչացնող միջատներով և թռչուններով:

  • Իսկ անասնաբուծությունում սելեկցիոներների աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ յուրաքանչյուր կովից տարեկան ստանալ մինչև 13-15 տոննա կաթ: 12 տոննայից պակաս կաթ տվող կովը խոտանվում է: Կաթնային ֆերմայի կառավարումն իրականացվում է համակարգչի միջոցով: Յուրաքանչյուր կով կրում է չիփ, որը թույլ է տալիս նրա վիճակի, կերակրման և կթվածքի մասին տեղեկատվությունն ամփոփել տվյալների միացյալ բանկում: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում մեկ կովից տարեկան ստանում են 3-4 տոննա կաթ¦, − ասում է §Բսոր¦ գյուղատնտեսական հետազոտական կայանի տնօրեն Լեոն Կադրին:

Կիրառվող բարձր տեխնոլոգիաների շնորհիվ փոքրիկ Իսրայելի գյուղատնտեսության ոլորտում զբաղված է երկրի բնակչության ընդամենը 1,5%-ը: Նրանց աշխատանքի պտուղները կարելի է տեսնել շատ երկրներում:

Իսրայելում շատ քիչ են հուշարձանները: Որևիցե նշանակալից իրադարձության կապակցությամբ կամ հռչակավոր մարդու հիշատակը հավերժացնելու նպատակով այստեղ արձան չեն կանգնեցնում, փոխարենն ընդունված է ծառ տնկել կամ շատ ծառեր, կարելի է նաև մի ամբողջ պուրակ: Այստեղ կա հրեական պետության ստեղծման գաղափարի հեղինակի` Հերցլի անտառ, Իցհակ Ռաբինի զբոսայգի, բարեպաշտների ծառուղի Յադ Վա-Շեմ հուշահամալիրում, որտեղ յուրաքանչյուր ծառ կրում է այն մարդու անունը, ով Հոլոքոստի տարիներին փրկել է հրեաների կյանքը: Իսկ Նեգև անապատում տեղակայված է Վլադիմիր Վիսոցկու անտառը: Սակայն սեփական անունը տերևների շրշյունի մեջ անմահացնելու համար ամենևին պարտադիր չէ լինել նշանավոր անձ: Այսօր յուրաքանչյուր ոք, անկախ բնակավայրից, կարող է իր համար ստեղծել կենդանի հուշարձան՝ գնել անվանական ծառ, որը հետագայում պետք է տնկվի և ներառվի գրանցամատյանում: Շատերը ֆինանսապես օժանդակում են մի ամբողջ անտառի կամ զբոսայգու հիմնարկեքին, ի դեպ, ոչ միայն հրեաները: Արդեն շատ են դեպքերը, երբ նման նախաձեռնություն են ցուցաբերում քրիստոնյաները աշխարհի բոլոր ծայրերից:

 

Աղբյուր՝ “Московский комсомолец26822     մայիսի 30, 2015թ

Թարգմանիչ՝ Ցողիկ Պողոսյան