Վալերի Ռագան՝ ԱՄՆում ՎիրջինիաՄերիլանդ անասնաբուժական համալսարանի հանրային և կորպորատիվ անասնաբուժական կենտրոնի տնօրեն։ Աշխատում է տարբեր երկրներում բրուցելոզի վերահսկողության և վերացման, ինչպես նաև անասնաբուժական հմտությունների զարգացմանն ուղղված այլ ծրագրերում։

Նախկինում Վ. Ռագանը եղել է Վաշինգտոնի անասնաբուժական խորհրդատվական ընկերության տնօրենը, զբաղվել է կենդանիների առողջության, այդ թվում՝ հիվանդությունների կանխարգելման, վերահսկողության և վերացման խն դիրներով:

Վալերի Ռագանը երկար տարիներ աշխատել է ԱՄՆ գյուղդեպարտամենտում որպես գործնական անասնաբույժ՝ հիմնականում շեշտը դնելով բրուցելոզի վերացման վրա։ Այնուհետև ԱՄՆի երկու նահանգներում աշխատել է որպես համաճարակաբան, որից հետո ստանձնել է ավագ անասնաբույժի պաշտոնը Վաշինգտոնում՝ հանդես գալով որպես բրուցելոզի գծով ազգային համաճարակաբան։ Հետագայում աշխատել է որպես կենդանիների առողջության վերահսկողության համակարգող և ԱՄՆ գյուղդեպարտամենտի համաճարակաբանության և կենդանիների առողջության կենտրոնում հիմնել է Ազգային վերահսկողության բաժին։

Վ. Ռագանը, ավարտելով իր կարիերայի գործնական հատվածը, 1983 թվականին ԱՄՆի Ջորջիա համալսարանում ստացել է անասնաբուժական գիտությունների թեկնածուական աստիճան։ Նա նաև պաշտպանել է դոկտորական աշխատութ յուն կենսաբանական վիճակագրության և համաճարակաբանության ոլորտում Միչիգանի համալսարանի հանրային առողջության ֆակուլտետում։

Ագրոմշակույթ- Ինչպե՞ս ներգրավվեցիք ԱՄՆ-ում բրուցելոզի վերացման ծրագրում։   Ի՞նչ փուլում էր ԱՄՆ-ն հիսուն տարի առաջ։

Վալերի Ռագան- Սրանից 50-60 տարի առաջ ԱՄՆ-ում բրուցելոզի առկայությունը մեծ խնդիր էր։ Հիվանդությունը տարածված էր ողջ երկրով մեկ։ 1934 թվականի երաշտի արդյունքում մեկնարկեցինք բրուցելոզի վերացման ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում մենք պետք է ԱՄՆ-ում նվազեցնեինք խոշոր եղջերավոր կենդանիների քանակը, ուստի որոշեցինք առանձնացնել հիվանդ կենդանիներին։ Այդ պահին դա լավագույն լուծումն էր։ Դրանից հետո սկսեցինք ուսումնասիրել, թե ինչ ազդեցություն է ունենում հիվանդությունը մարդկանց և կենդանիների առողջության, ինչպես նաև նախրի վերարտադրողականության վրա՝ պատճառելով մեծ տնտեսական վնասներ։ 1954 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսը գիտակցեց, թե իրականում որքան լուրջ էր խնդիրը և որոշեց ֆինանսավորել պետական համալիր ծրագիր։ Այն համարժեք է Հայաստանում պետական և մասնավոր հատվածի միջև առկա համագործակցությանը։ Մենք գիտակցում էինք, որ նման համագործակցություն չունենալու դեպքում հաջողության չէինք հասնի։ Ուստի սկսեցինք այդ համագործակցությունը և ամենուր փնտրում էինք հիվանդ կենդանիներ։ Թեև գիտեինք, որ հիվանդությունն առկա է, բայց հստակ չգիտեինք, թե որտեղ։ Սկզբում շրջում էինք ֆերմաներով, ստուգում կենդանիներին և արդյունքում հայտնաբերում մեծ թվով հիվանդ կենդանիներ։ Եթե Հայաստանում այս ծրագիրն իրականացվի, ապա նույն արդյունքը կստանաք։ Իրականում, դա շատ լավ է, քանի որ եթե չգտնենք բոլոր հիվանդ կենդանիներին, չենք կարողանա ազատվել հիվանդությունից, և այն կշարունակի գաղտնի զարգանալ։ Այսպիսով, վերջին 50-60 տարվա ընթացքում մեր ծրագիրը մի քանի անգամ ընդլայնվեց,  քանի որ բավականին շատ էր բրուցելոզի վերաբերյալ մեր իրազեկվածութունը։ Նախնական շրջանում մի շարք սխալներ էինք թույլ տալիս, քանի որ ամբողջովին չէինք պատկերացնում հիվանդության ընթացքը։ Բրուցելոզը շատ պարզ հիվանդություն է թվում, սակայն իրականում այն բավականին բարդ է։ Ուստի, սովորելուն զուգահեռ առաջընթաց ունեցանք։ Տարբեր միջոցներ ձեռք առնելով՝ հետզհետե վերացրեցինք հիվանդության աղբյուրները, ինչի արդյունքում բրուցելոզով վարակված կենդանիների քանակը սկսեց նվազել։ Մի քանի տարի անց այն մեծապես կրճատվեց՝ հասնելով մի կետի, երբ 1957 թվականին մշակեցինք «Բրուցելոզի արտակարգ գործողությունների պլան», քանի որ արդեն մոտ էինք ծրագրի ավարտին։ Ցանկացած հարց դիտարկում էինք իբրև արտակարգ իրավիճակ։ Բրուցելոզի դեպք բացահայտելիս յուրաքանչյուր մանրուք արժանանում էր մեր ուշադրությանը։ Ես շատ ուրախ եմ, որ արդեն երկար տարիներ է, ինչ ԱՄՆ-ն զերծ է բրուցելոզից։ Միակ բացառությունը Յելոուսթոն Նեշնըլ Պարկն է (Yellowstone National Park), որտեղ բրյուցելոզը տարածված է վայրի բիզոնների և հյուսիսային եղջերուների մոտ։ Հիվանդությունը երբեմն դուրս է գալիս պարկի սահմաններից և տարածվում մոտակա նախրի շրջանում։ Շրջակայքում իրականացվում է բարձր վերահսկողություն, հաճախակի կատարվում են պատվաստումներ և ցանկացած նախիր ունի նախրի կառավարման իր ծրագիրը։ Պարկի տարածքում սահմանված է մշտական  վերահսկողություն, ինչի շնորհիվ կարողանում ենք արագ արձանգանքել անգամ մեկ կամ երկու դեպք բացահայտելիս։ Միայն 1954 թվականին հայտնաբերեցինք 157.000 վարակված նախիր, ինչը, մեր կարծիքով, իրական թվի հավանաբար մեկ երրորդն էր։ Մեզանից 50 տարի պահանջվեց, որպեսզի հասնենք ներկայիս արդյունքին՝ չունենելով վարակված կենդանիներ ո՛չ խոշոր, ո՛չ մանր եղջերավորների շրջանում։ Մենք շարունակում ենք իրականացնել բարձր վերահսկողություն՝ նախկին իրավիճակից խուսափելու նպատակով։ Թեև ծրագիրը բավականին աշխատատար էր ու ժամանակատար, և սովորելու շատ բան կար, այն նաև հեշտորեն իրագործելի էր։ Մեր երկիրը բավականին մեծ է։Կենդանիների գլխաքանակը խիստ բազմազան է․ միաժամանակ կան և՛ մինչև 5, և՛ 80.000 և ավել կենդանուց բաղկացած տնտեսություններ։ Ուստի մենք ստիպված էինք հիվանդության վերացման սկզբունքները հարմարեցնել տարբեր իրավիճակների։ Հետևաբար, ես կարծում եմ, որ եթե ԱՄՆ-ի նման՝ կենդանական մեծ բազմազանություն ունեցող  երկիրը, կարողացավ դա անել, ապա Հայաստանը, լինելով ավելի փոքր երկիր, ունի այս հիվանդությունը  կառավարելու և այն իսպառ վերացնելու բոլոր հնարավորությունները՝ ճիշտ գործընթացների կիրառման դեպքում։ Սա, անշուշտ, պահանջելու է մշտական համագործակցություն պետական և մասնավոր հատվածների միջև։

ԱՄ- Դուք բազմիցս այցելել եք Հայաստան։ Ի՞նչ կարծիք ունեք այս խնդրի մասին։ Ինչու՞ այն առաջ չի գնում։ Ինչպիսի՞ն է այժմ իրավիճակը Հայաստանում։ Որտե՞ղ ենք մենք այժմ և ի՞նչ պետք է անել։

ՎՌ- Իմ կարծիքով, այժմ Հայաստանն այնտեղ է, որտեղ մենք շատ տարիներ առաջ էինք, այսինքն՝ դեռևս սովորելու փուլում։ Որոշ հիմնարար քայլեր արվում են, սակայն դրանք բավարար չեն։ Վարակված կենդանիներին հայտնաբերելու նպատակով տարին երկու անգամ անցկացվում են ստուգումներ, և հիվանդ կենդանիներն առանձնացվում են։ Սա դրական քայլ է, սակայն այն մեծ գլուխկոտրուկի ընդամենը մի մասն է։ Ամբողջական պատկերն ստանալու համար անհրաժեշտ է լավ հարաբերություններ ստեղծել գործընթացում ներգրավված բոլոր կողմերի միջև, ինչի շնորհիվ նրանք ակտիվորեն կաշխատեն ոչ միայն հիվանդության հայտնաբերման, այլև դրա հետագա տարածումը կանխելու ուղղությամբ։ Ներկայում Հայաստանում ստուգման արդյունքում դրական արդյունքով կենդանիներին ենթարկում են սպանդի։ Սակայն չի իրականացվում կենդանու վարակի աղբյուրի ուսումնասիրություն, և քայլեր չեն մշակվում տվյալ համայնքում հիվանդության տարածումը կանխելու նպատակով։ Եթե կենդանին վարակվել է, նշանակում է այն ինչ-որ տեղից կամ ինչ-որ այլ կենդանուց է վարակվել։ Անհրաժեշտ է գտնել այդ աղբյուրը և վերացնել այն։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք անել ավելին հիվանդության կանխարգելման համար։ Այս պահին ես չեմ տեսնում կանխարգելման գործող ընթացակարգեր, չկան նաև մշակված ծրագրեր՝ կենդանիներին վարակից զերծ պահելու համար։ Իմ կարծիքով, Հայաստանում անհրաժեշտ է կենտրոնանալ բոլոր քայլերի վրա։ Սա ենթադրում է հիվանդության հայտնաբերումը վաղ փուլում, ինչի համար կպահանջվեն ավելի շատ ստուգումներ տարբեր վայրերում, ինչպես նաև ռիսկային կենդանիների առանձնացում։ Սկզբնական շրջանում պետք է ակնկալել, որ դրական արդյունքով կենդանիների թիվը կաճի։ Կարծում եմ՝ եթե Հայաստանում ներդրվի խիստ վերահսկողության և վերացման ծրագիր, կարճ ժամանակում կհայտնաբերվեն բազմաթիվ վարակված կենդանիներ, ուստի սկզբում դրական արդյունքով թվերը կաճեն, ինչը լավ է, քանի որ դա կնշանակի, որ դեպքերը շուտ են բացահայտվում։ Հաջորդ քայլը պետք է լինի անհատական նախրի կառավարման ծրագրի մշակումը, որի շրջանակում ֆերմերները կկարողանան կանխել հիվանդության ներթափանցումը իրենց համայնքներ։ Սա ենթադրում է, որ անհրաժեշտ է ծնի ժամանակ մեկուսացնել կենդանիներին (սա այն պահն է, երբ հիվանդությունը տարածվում է), խուսափել կենդանիներին այլ համայնքների վարակված կենդանիների հետ համատեղ արածեցնելուց, կիրառել պատվաստումներ և իրականացնել մի շարք նմանատիպ գործողություններ։ Կարևոր է հասկանալ, որ նախրում բրուցելոզի վարակակիրները երինջներն են, սակայն ծնից առաջ նրանք երբեմն կարող են բացասական արդյունք ցույց տալ։ Այս ամենը հաշվի առնելով, երինջներին առանձնացնելով և ծնի ժամանակ նրանց առավել հաճախակի ստուգելով, ինչպես նաև հոգ տանելով, որպեսզի վարակված կենդանիները նախրում չծնեն՝ կարող ենք խուսափել հիվանդության տարածումից։ Այժմ ես մի շարք գործողություններ եմ թվարկում, որոնք կարող են շփոթեցնող թվալ։ Ես առաջարկում եմ ի մի բերել անհատական նախրի կամ համայնքային ծրագրերը և դիտարկել յուրաքանչյուր անհատական իրավիճակ։ Սկզբում պետք է որոշել, թե որտեղից է գալիս հիվանդության վարակը կամ ինչու է այն տարածվում, հետո մշակել մի պարզ ծրագիր՝ հիվանդության տարածումը կանխելու, ապա տվյալ համայնքից այն վերացնելու համար։

Թեպետ պատվաստման մասին համառոտ խոսեցի, պետք է նշել, որ այժմ պատվաստումը քննարկման մեծ թեմա  է Հայաստանում։

ԱՄ- Կա երկու տեսակետ։ Որոշ մասնագետներ ասում են, որ պատվաստումը ճիշտ չէ, մյուսներն ասում են, որ այն պետք է արվի։ Իրականում ո՞րն է ճիշտ տարբերակը։

ՎՌ- Իմ կարծիքով, նախքան պատվաստում կատարելու մասին որոշում կայացնելը անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ իրավիճակ է տիրում համայնքում և վարակվելու ինչ վտանգ կա։ Օրինակ, եթե վստահահաբար գիտեք, որ տվյալ տարածքն ապահով է, այսինքն՝  երկար ժամանակ է, ինչ ստուգումների արդյունքները բացասական են, չկա նաև վարակվելու վտանգ, ապա հնարավոր է, որ պատվաստման կարիք չլինի։ Ես դարձյալ ասում եմ «հնարավոր է», քանի որ պետք է յուրաքանչյուր իրավիճակ ուշադիր ուսումնասիրել։ Եթե որևէ համայնքում կա վարակ և այն առկա է այնտեղ արդեն երկար տարիներ, որն, ի դեպ, հաճախ այդպես էլ լինում է, ապա հիվանդությունը դառնում է խրոնիկական։ Տվյալ դեպքում այդ համայնքում պետք է իրականացնել պատվաստում։ Շատ կարևոր է հասկանալ, որ պատվասումը բուժում չէ, այն պարզապես օգնում է կանխել հիվանդության հետագա տարածումը, սակայն ամբողջովին չի վերականգնում կենդանիների իմունային համակարգը։ Օրինակ, եթե կենդանին անցյալ տարի վարակվել է բրուցելոզով և դուք պատվաստում եք նրան, հաջորդ ստուգման ժամանակ նա ամենայն հավանականությամբ դրական արդյունք կգրանցի, քանի որ պատվաստումից առաջ արդեն իսկ վարակված է եղել։ Պատվաստումը ո՛չ բուժում է, ո՛չ էլ վերջնականապես վերացնում հիվանդությունը։ Ուստի, անհրաժեշտ է հասկանալ, որ պատվաստումը օգնում է նվազեցնել հիվանդության տարածումը և բարձրացնել դիմադրողականությունը, սակայն այն կենդանիներին ամբողջությամբ վարակամերժ չի դարձնում։ Պատվաստումը շատ լավ գործիք է, սակայն այն պետք է կիրառվի նախրի կառավարման այլ գործոնների հետ համատեղ, հակառակ դեպքում արդյունավետ չի լինի։ Շատերը կարծում են, որ եթե բոլոր կենդանիներին պատվաստեն, այլևս խնդիր չեն ունենա։ Եթե պատվաստումից զատ լրացուցիչ քայլեր չձեռնարկեք, վարակված կենդանիների թիվը գուցե նվազի, բայց հիվանդությունը, ամենայն հավանականությամբ, չի նահանջի, քանի որ որոշ կենդանիներ անտարբեր են պատվաստանյութի հանդեպ։ Նաև շատ կարևոր է հասկանալ, որ համայնքում պատվաստում կատարելուց հետո այն կենդանիները, որոնք մինչ այդ արդեն վարակված են եղել, շարունակում են վտանգ ներկայացնել, ուստի մեկ-երկու տարի, երբեմն նույնիսկ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, մինչև դրական արդյունքով կենդանիների թիվը սկսի նվազել։ Այսպիսով, եթե համայնքը 100%-ով պատվաստվում է, պետք չէ ակնկալել, որ միանգամից բոլոր կենդանիները բացասական արդյունք կգրանցեն։ Մյուս կարևոր կետն այն է, որ եթե տվյալ տարածքում վարակը մեծ չափերի է հասնում, ապա վարակված կենդանիների քանակը կարող է գերազանցել պատվաստանյութի արդյունավետության մակարդակը։  Եթե ունեք խիստ կասկածելի հղի կենդանի և պատվաստում եք նրան, որից հետո այն հինգ կամ վեց անգամ վիժում է, հավանականությունը մեծ է, որ այն նորից կվարակվի, եթե անգամ պատվաստվել է։ Այսպիսով, պատվաստումը պետք է դիտարկել իբրև խոշոր ծրագրի ընդամենը մի հատված, որի դեպքում միայն այն կարող է բավականին արդյունավետ լինել։ Շատ կարևոր է, որ ֆերմերները լիովին գիտակցեն, թե ինչ է անում կամ ինչ չի անում պատվաստանյութը, և թե ինչպես է պետք արդյունավետորեն օգտագործել այն, որպեսզի պատվաստանյութն իսկապես օգնի նվազեցնելու և վերացնելու բրուցելոզը։

ԱՄ- Մի ժամանակ առաջ քննարկվում էր, որ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է պարզել բրուցելլայի տեսակը։ Նաև որոշ տարաձայնություններ և թյուրըմբռնում կար մասնագետների և կառավարական պաշտոնյաների միջև՝ կապված այն տեսակետի հետ, թե որքանով է վտանգավոր վարակված նմուշներն ուղարկել Եվրոպա բրուցելայի տեսակը որոշելու նպատակով։ Ինչու՞ է դա կարևոր և ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանում առկա տարաձայնությունը։

ՎՌ- Դա շատ կարևոր է, քանի որ կան բրուցելլայի տարբեր տեսակներ։ Խոշոր եղջերավոր կենդանիները սովորաբար վարակվում են Brucella abortus կոչվող տարատեսակով։ Այս դեպքում կիրառվում է RB51 պատվաստանյութը։ Մանր եղջերավորների շրջանում հանդիպում է այլ տեսակի բրուցելլա՝ Brucella melitensis, որը հազվադեպ կարող է հանդիպել նաև խոշոր կենդանիների մոտ։ Այս երկու տեսակի բրուցելլաներն էլ վարակիչ են մարդու համար, սակայն Brucella melitensis-ն ավելի վտանգավոր է, քան Brucella abortus-ը։ Ուստի ֆերմերների համար շատ կարևոր է իմանալ, թե վարակի որ տեսակի հետ գործ ունեն։ Բրուցելլայի տեսակների ճիշտ տարբերակումը նաև օգնում է մեզ հասկանալ, թե որ պատվաստանյութն օգտագործել։ Եթե գիտենք, որ խոշոր եղջերավորների մոտ կա վարակի բարձր մակարդակ և եթե կարողանանք նաև հաստատել, որ այն Brucella abortus է, ապա պարզ կդառնա, թե որ վարակի հետ գործ ունենք։ Այդ դեպքում պարզ կլինի նաև, որ RB51 պատվաստանյութը, նախրի ամբողջական պլանի շրջանակում ճիշտ կիրառելու դեպքում, շատ արդյունավետ կլինի։ Մանր եղջերավոր կենդանիների շրջանում առկա վարակի դեպքում գիտենք, որ անհրաժեշտ է կիրառել այլ պատվաստանյութ՝ REV1-ը, ինչը լավ արդյունք է ապահովում Brucella melitensis-ի դեպքում։ Պատճառները, թե ինչու է կարևոր տարբերակել երկու տեսակի բրուցելլաները, բազմաթիվ են։ Եթե խոշոր եղջերավորների մեջ կան մեկ կամ երկու դրական արդյունքով կենդանիներ, դժվար է իմանալ, թե որ տեսակի հետ գործ ունենք՝ Brucella abortus, թե՞ Brucella melitensis։ Կարևոր է պարզել, արդյոք կովը վարակվել է մանր եղջերավոր կենդանիներից, թե ոչ, քանի որ տվյալ պարագայում RB51-ը արդյունավետ չի լինի։ Այդ դեպքում պարզ կդառնա, որ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել մոտակայքում հանդիպող վարակված մանր եղջերավոր կենդանիներին։ Մյուս կողմից, եթե կովերը վարակվել են Brucella abortus-ով, RB51 պատվաստանյութը շատ օգտակար կլինի։ Այսպիսով, բրուցելլայի տեսակը որոշելը շատ կարևոր է ճիշտ պատվաստանյութ կիրառելու, ինչպես նաև վարակված կենդանիներին կառավարելու համար։ Բացի բրուցելլայի տարատեսակներից, կան նաև տարբեր ենթատեսակներ։ Օրինակ, ԱՄՆ-ում մենք ունեինք Brucella abortus-ի ենթատեսակներ՝  Կենսատիպ 1, Կենսատիպ 2, Կենսատիպ 3 կամ Կենսատիպ 4։ Իհարկե, ես չգիտեմ, թե Հայաստանում ինչ տեսակներ կան, սակայն բրուցելլայի ճիշտ տարբերակումը մեզ կօգնի վարակի աղբյուրը որոշելու հարցում։ Օրինակ՝ եթե պարզենք, որ տվյալ համայնքում առկա է Կենսատիպ 1, հարևան համայնքում նույնպես առկա է Կենսատիպ 1, ապա հավանականությունը մեծ է, որ նրանք վարակը փոխանցում են միմյանց։ Սակայն եթե մի համայքում կա Կենսատիպ 1, իսկ հարևան համայնքում՝ Կենսատիպ 2, ապա պարզ է դառնում, որ համայնքներից յուրաքանչյուրը, ամենայն հավանականությամբ, ունի վարակի տարբեր աղբյուրներ։ Վարակի աղբյուրը գտնելով՝ մենք հեշտությամբ կարող ենք իրականացնել համաճարակաբանական հետազոտություն, ինչը ենթադրում է գտնել հիվանդության սկզբնաղբյուրը և կանխել հետագա տարածումը։

 

Դուք նշեցիք, որ մի քանի տարի առաջ շփոթմունք էր առաջացել նմուշները ստանալու և ստուգման նպատակով դրանք արտերկիր ուղարկելու հետ կապված։ Դա պետք է արվեր որոշելու համար, թե Հայաստանում բրուցելլայի ինչ տեսակներ են առկա։ Բրուցելայի մաքուր կուլտուրայի փոխադրումը կարգավորվում է մի շարք ընթացակարգերով։ Մաքուր կուլտուրա ասելով հասկանում ենք իրական, մաքուր բակտերիան։ Դրա փոխադրման հետ կապված գոյություն ունեն մի շարք կանոնակարգեր, քանի որ մարդիկ կարող են վարակվել դրանից, ինչպես նաև այն կարող է օգտագործվել որպես կենսաբանական զենք։ Այնուամենայնիվ, ախտորոշման նպատակով փոխադրված նմուշներն այլ խնդիր են։ Սա այն դեպքն է, երբ կատարում ենք նմուշառում․ վերցնում ենք մի փոքր հյուսվածք կամ մի քիչ արյուն և այն ուղարկում ախտորոշիչ լաբորատորիա՝ ախտաբանական հետազոտության։ Ամբողջ աշխարհում, այս գործընթացն ընթանում է սահմանված կարգով։ Հաճախ շփոթմունքն առաջանում է երկու նմուշների դեպքում․ դրանցից մեկը բակտերիայի հայտնի, մաքուր կուլտուրա է, մյուսը՝ ախտաբանական նմուշ, ինչը, հնարավոր է՝ պարունակի նշանակալիորեն ավելի քիչ բրուցելլաներ։ Կարծում եմ՝ այդ շփոթմունքն ու թյուրըմբռնումն առաջացել էին այն հարցի շուրջ, թե իրականում ինչն էր ուղարկվելու լաբորատորիա։ Իմ կարծիքով, մարդիկ հավատացած էին, որ Հայաստանը փորձում է փոխադրել մաքուր աճեցված կուլտուրայի բակտերիան, որի շուրջ կան միջազգային  կարևոր կանոնակարգեր և սահմանափակումներ։ Իրականում, փորձ էր արվում ախտաբանական նմուշներն ուղարկել՝ պարզելու համար, թե բրուցելլայի ինչ տեսակներ են առկա։ Ախտաբանական նմուշներն անհրաժեշտ է ուղարկել պատշաճ կարգով, սակայն դրանց համար պարտադիր չեն այն անցագրերն ու կանոնակարգերը, որոնք պահանջվում են մաքուր բրուցելայի կուլտուրան ուղարկելիս։ Դրանք ախտորոշիչ լաբորատորիաներ են ուղարկվում ամեն օր։ Ախտաբանական նմուշներն անհամեմատ ավելի քիչ վտանգ են ներկայացնում, քանի որ դրանցում շատ ավելի քիչ բակտերիաներ կան, եթե, իհարկե, կան ընդհանրապես։

 

ԱՄ- Արդյո՞ք բրուցելլայի տեսակները նույնն են ամբողջ աշխարհում։ Գոյություն ունե՞ն հատուկ տեսակներ, օրինակ՝ հայկական բրուցելլա։

ՎՌ- Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Մենք այստեղ երբեք  բրուցելլաների ուսումնասիրություն չենք անցկացրել։ Կարող եմ ենթադրել, որ Հայաստանի բրուցելլան ամբողջ աշխարհում առկա բազմաթիվ տեսակներից մեկն է։ Որևէ ապացույց չունենք, որ Հայաստանում կա մի այլ տեսակի բրուցելլա։ Արդեն նշեցի, որ ամբողջ աշխարհում գոյություն ունեն բրուցելլայի մի շարք կենսատիպեր։ Կան վայրեր, որտեղ ինչ-որ տեսակ ավելի շատ է տարածված, քան մյուսները, օրինակ, ինչպես արդեն նշեցի, ԱՄՆ-ում ունեինք ավելի շատ Կենսատիպ 1 կամ Կենսատիպ 2։ Նույնն էլ ամբողջ աշխարհում է։ Սակայն դրանք բոլորն էլ Brucella abortus կամ Brucella melitensis են։ Երբ պարզենք, թե ինչ տեսակներ կան այստեղ, հեշտ կլինի կայացնել պատվաստման հետ կապված որոշումներ, ինչպես նաև հասկանալ, թե Հայաստանի ներսում կոնկրետ որտեղից է գալիս հիվանդությունը։ Արդյո՞ք այն եկել է Ա համայնքից, թե՞ Բ համայնքից։ Ահա, թե ինչպես ենք մենք իրականում օգտագործում այս տեղեկությունը։

ԱՄ- Տնտեսական ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս հիվանդությունը ֆերմերի վրա։

ՎՌ- Երիտասարդ տարիներին ես որպես գործնական անասնաբույժ աշխատում էի Ֆլորիդա նահանգում, որտեղ բրուցելոզը բավականին տարածված էր։ Ֆերմերների հետ շփվելով՝ հասկացա, որ սկզբում նրանց թվում է, թե բրուցելոզի ազդեցությունն այդքան էլ մեծ չէ։ Սա պայմանավորված է նրանով, որ հիվանդությունը կրում է խրոնիկական բնույթ։  Ֆերմերների մոտ խնդրի առկայությունն այնքան երկարատև է, որ նրանց համար կաթնատվության ցածր մակարդակը սովորական բնույթ է կրում։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ բրուցելոզով վարակված նախրի մոտ կաթի արտադրությունը նվազում է 25%-ով։ Սա բավականին բարձր ցուցանիշ է, եթե դուք ունեք խոշոր նախիր, կամ պարզապես եթե կաթ արտադրող փոքր տնտեսություն եք վարում։  Վարակված կենդանիներից շատերը կորցնում են իրենց առաջնածին հորթին։ Այն նախիրներում կամ համայնքերում, որտեղ երկար ժամանակ առկա է այդ վարակը, հնարավոր է, որ շատ վիժումներ չգրանցվեն, սակայն ծնի տոկոսային հարաբերությունը հաճախ ցածր է լինում։ 85% ծին ունենալու փոխարեն, ֆերմերները, հնարավոր է ունենան 70% ծին։ Եթե այս իրավիճակը շարունակվի տարիներ շարունակ, ֆերմերները հաճախ կմտածեն, որ դա ընդամենը իրենց կովերի վերարտադրության աստիճանն է։ Մեկ այլ խնդիր է այն, որ կովերը վարակվելուց հետո հնարավոր է լույս աշխարհ բերեն կենդանի հորթեր։ Չնայած այդ հորթերն արտաքուստ կարող են սովորական տեսք ունենալ, սակայն յուրաքանչյուր ծնի ժամանակ նրանք կշարունակեն հիվանդությունը փոխանցել մատղաշներին և նախրի առավել նոր անդամներին։ Եթե անգամ նրանք մի տարի վիժում են, հաջորդ տարին՝ ոչ, այդ հորթերը հաճախ թույլ են լինում, երբեմն նույնիսկ չեն ապրում, իսկ որոշ կենդանիների դեպքում երկրորդ անգամ բուծումը հաջողությամբ չի ավարտվում։ Երեքից չորս շրջան կպահանջվի, մինչև նրանք նորից հղիանան։ Որոշ ցլեր վարակվելուց հետո դառնում են ստերջ։ Այսպիսով, բրուցելոզը նախրի վրա ունի մի շարք ազդեցություններ՝ երբեմն շատ լուրջ, երբեմն՝ ոչ այնքան։

Ինչպես նշեցի, այս ամենը ես սովորեցի ֆերմերների հետ աշխատելիս։ Սկզբում նրանք դեմ էին մեր գործողություններին։ Մենք բախվում էինք մի շարք խնդիրների, նրանք նույնիսկ չէին թողնում, որ նախրում ստուգումներ անցկացնեինք։ Սակայն ավելի ուշ խոստովանեցին, որ այն բանից հետո, երբ մենք պնդեցինք ու շարունակեցինք մեր աշխատանքն իրենց նախրում, նախիրն ամբողջությամբ վարակազերծվեց, կաթի արտադրությունն ու ծնի մակարդակն աճեցին, և սկսեցին լույս աշխարհ գալ ավելի առողջ հորթեր։ Երբ ֆերմերները համեմատում էին, թե որքան գումար էին վաստակում, երբ կենդանիները վարակված էին բրուցելոզով, և թե որքան գումար էին աշխատում, երբ հիվանդությունը վերացվել էր, պարզ էր դառնում, որ շատ դեպքերում արդյունքներն իրոք ապշեցուցիչ էին։ Նախկինում նրանք չէին գիտակցում, թե ինչ ազդեցություն ունի բրուցելոզն իրենց նախրի վրա, քանի որ ամեն ինչ շատ աննկատ էր։ Այդ ֆերմերներից ոմանք իրականում դարձան մեր ծրագրի ջատագովները:

ԱՄ- Դուք կազմակերպեցիք ՀՀ Գյուղատնտեսության նախարարի այցը ԱՄՆ: Ո՞րն էր այցի նպատակը, և ի՞նչ էիք ակնկալում համագործակցության արդյունքում՝ կապված Հայաստանում բրուցելոզի վերացման հետ:

ՎՌ- ԱՄՆ Գյուղդեպարտամենտի և այլ գործընկերների հետ միասին մենք բավականին երկար ժամանակ աշխատել ենք Հայաստանում: Այդ ընթացքում հայ անասնաբույժներին փոխանցել ենք մեծածավալ գիտելիքներ, նրանց հետ կիսվել ենք մեր փորձով ու սխալներով, որպեսզի Հայաստանում ստիպված չլինեն կրկնել նույն սխալները: Ծրագիրն այստեղ դանդաղ է առաջ ընթանում: Այս տարվա սկզբին, որպես համագործակցության մի մաս, մենք երկու հայ անասնաբույժ հրավիրեցինք ԱՄՆ, որպեսզի նրանք ավելի շատ գիտելիք ձեռք բերեին համաճարակաբանության մասին և այն մասին, թե ինչպես հետևել հիվանդության ընթացքին և ինչպես բարելավել իրավիճակը Հայաստանում: Մենք մեր փորձը ցանկանում էինք կիսել նաև նախարարի հետ՝ նրան առավել մանրամասն ծանոթացնելով ԱՄՆ-ի ենթակառուցվածքին և բրուցելոզի վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Մենք նաև ցանկանում էինք նախարարին հնարավորություն ընձեռել անձամբ զրուցելու ԱՄՆ-ում այս ծրագրերի մեջ ներգրավված կարևոր անձանց հետ, ինչպես նաև ունենալու գործնական քննարկումներ, որոնց ընթացքում հնարավոր կլիներ պարզել, թե այս ընթացքում ինչ ենք արել մենք, ինչն է եղել արդյունավետ, ինչը՝ ոչ։ Մեր կարծիքով՝ նախարարի այցը հիանալի գաղափար էր, քանի որ նա մեծ ջանքեր է ներդնում Հայաստանում բրուցելոզի վերացման հարցում։ Որպեսզի այդ հարցում հաջողությունն ապահովված լինի, անհրաժեշտ է աջակցություն և խրախուսում ստանալ բոլոր մակարդակներով, մասնավորապես՝ նախարարի մակարդակով, քանի որ բրուցելոզի վերացման ծրագրում աշխատող մարդկանց համար հենց նա է հանդիսանում շարժիչ ուժ։ Նրա ոգևորությունն ու աջակցությունը վերջին տարիներին մեծապես նպաստել են ծրագիրը նոր մակարդակի հասցնելու գործում։ Ուստի, մենք ցանկանում էինք մեր հերթին խրախուսել նրան և տրամադրել բոլոր այն գործիքները, որոնց կարիքը նա միգուցե ուներ, ինչպես նաև հնարավորություն տալ նրան ստանալու իրեն հուզող հարցերի պատասխանները, որպեսզի նա կարողանար օգնել այս ծրագրում ներգրավված մարդկանց՝ առաջընթաց գրանցելու  հարցում։ Մենք հավատացած էինք, որ նախարարին հնարավորություն տալով իրավիճակը նորովի տեսնելու, կնպաստեինք իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Ուստի, ես կարծում եմ, որ մենք բավականին արդյունավետ քննարկումներ ունեցանք Վաշինգտոնում։ Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին մեր գլխավոր անասնաբույժը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ԱՄՆ-ի փորձով կիսվեցին նախարարի և նրա պատվիրակության հետ։ Մենք քննարկեցինք այստեղ՝ Հայաստանում, տարբեր մակարդակների միջև առկա համագործակցության կարևորությունը՝ ազգային, մարզային, ինչպես նաև ֆերմերների միջև։ Նախարարին հնարավորություն ընձեռնվեց զրուցելու ԱՄՆ-ում  բոլոր այս մակարդակներում ներգրավված մարդկանց հետ և հասկանալու, թե ինչպիսին են նրանց հարաբերությունները և թե ինչու է այնչափ կարևոր այդ հարցին նման մոտեցում ցուցաբերել։  Մենք նրա հետ կիսվեցինք նաև մեր հաղորդակցման ռազմավարություններով․ ինչպես ենք մենք պատրաստվում հիվանդության բռնկումներին, ինչպես ենք արձագանքում դրանց թե՛ տեխնիկապես, թե՛ հանրությանը իրազեկելու առումով։ Անչափ կարևոր է, որ յուրաքանչյուրն իմանա իր անելիքը և պատշաճ կերպով կատարի իր պարտականությունը։ Այսպիսով, ես կարծում եմ, որ այն շատ օգտակար և արդյունավետ այց էր։

ԱՄ-Ի՞նչ պետք է անի կառավարությունը, որպեսզի ստեղծի մի այնպիսի համակարգ, որ երբ իշխանության գա հաջորդ կառավարությունը, տեսնի, որ գոյություն ունի հաստատուն համակարգ և նրանք պետք է առաջնորդվեն դրանով։ Այժմ շատերը դեռևս զգում են սովետական մտածողության հետքերը, երբ մարդիկ թաքցնում էին հիվանդությունը։

ՎՌ- Դուք հենց նոր շոշափեցիք մի հարց, որն, իմ կարծիքով, ամենակարևորն է, բայց միևնույն ժամանակ նաև ամենաբարդը։ Դա թափանցիկ գործելու կարևորության գիտակցումն է։ Սա նշանակում է, որ մենք պետք է կիսվենք այն ամենով, ինչ անում ենք, ինչու ենք այդպես անում, ինչ տվյալների ենք տիրապետում, որտեղ են հայտնաբերվել հիվանդության բոլոր դեպքերը և այս խնդիրները լուծելու ինչ ծրագիր ունենք։ Իմ կարծիքով, պետք է ունենալ լավ մշակված ծրագիր, որը կներառի նաև ֆերմերներին և նրանց մոտ հույս կարթնացնի, հակառակ դեպքում մարդիկ կշարունակեն թաքցնել հիվանդությունը։ Այժմ Հայաստանում կա բրուցելոզի վերացման ուղղությամբ աշխատող աշխատանքային խումբ։ Նախարարն աշխատանքային այս խմբին հանձնարարել է կազմել իրատեսական և Հայաստանի համար իրագործելի ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանում հիվանդության վերացմանը։ Ես շատ երկրներում եմ աշխատել և շատ եմ լսել, որ մարդիկ ասեն․ «Դե, ԱՄՆ-ում դուք կարող եք վերացնել բրուցելոզը, դուք շատ փող ունեք և ձեզ կարող եք թույլ տալ անել ամեն ինչ»։ Պետք է ասեմ, որ սկզբում մենք շատ քիչ գումարով ենք սկսել։ Այժմ Հայաստանն այն փուլում է, որում մենք էինք 1950-ական թթ-ին։ Ընդամենը մեկ տարում մենք հայտնաբերեցինք 150,000 վարակված նախիր։ Ոչ ոք այնքան գումար չուներ, որ միանգանից վերացներ բոլոր այդ նախիրները, սակայն մենք սովորեցինք, թե ինչպես կառավարել իրավիճակը։ Բրուցելոզի դեմ պայքարի սկզբունքները նույնն են, անկախ նրանից, թե ինչ տեսակի նախրի հետ գործ ունեք կամ ինչքան գումար ունեք։ Այստեղ՝ Հայաստանում, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ անչափ խելացի և էներգիայով լի մարդկանց օգնությամբ, ովքեր քայլ առ քայլ կիրառում են այս սկզբունքները։ Նրանք փորձում են իրավիճակը բարելավել՝ կազմելով իրատեսական ծրագրեր, որոնք արդյունավետ կլինեն ֆերմերների համար, տնտեսապես շահավետ կլինեն և կնպաստեն Հայաստանում բրուցելոզի վերացմանը։ Դրա համար անհրաժեշտ է նաև լավ պատկերացում ունենալ առանձին նախրի կամ ամբողջ համայնքի ծրագրերի մասին։ Ի՞նչն է իրատեսական Հայաստանում։ Իմ խորին համոզմամբ, բոլոր այս ծրագրերը խոչընդոտող գործոններից մեկն այն է, որ օրենքները գրվում են գրասենյակում նստած ինչ-որ մեկի ձեռքով և այդպես էլ մնում են թղթի վրա, քանի որ դրանք իրագործելի չեն և ինչ-որ կերպ օգտակար լինել չեն կարող։ Շատ կարևոր է խորապես հասկանալ հիվանդությունը, դրա սկզբունքները, հստակ պատկերացնել, թե ինչն է Հայաստանում իրագործելի և մշակել իրատեսական ծրագրեր, որոնք կօգնեն կյանքի կոչել այս ամենը։ Մենք բոլորս էլ սովորելու գործընթացում ենք։ Հուսով եմ՝ շատ շուտով մենք կունենանք այդ աշխատանքի արդյունքը՝ մի ծրագիր, որն ամբողջությամբ իրագործելի կլինի Հայաստանում։ Սա հենց այն է, ինչ մենք արել ենք ԱՄՆ-ում։ Մենք մշակել ենք մի փաստաթուղթ, որը կոչվում է «Տավարի բրուցելոզի  համընդհանուր մեթոդներն ու կանոնները»։ Այն օրենք չէ, այլ համաձայնություն այն մասին, թե ինչպես պետք է գործել այս հիվանդության դեպքում։ Թեպետ այն պաշտպանված է օրենքով, ըստ որի ԱՄՆ գյուղքարտուղարը, ով ունի նույն գործառույթները, ինչ ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ունի որոշակի իրավասություններ, սակայն այն ֆերմերին ոչինչ չի պարտադրում։ Այս համաձայնության նպատակն է համագործակցել ֆերմերի հետ և մշակել մի ծրագիր, որի արդյունքում նա կկարողանա իր տնտեսությունից վերացնել հիվանդությունը։ Եթե կարողանանք նմանատիպ մի փաստաթուղթ էլ Հայաստանի համար մշակել, այն հրաշալի մեկնարկային կետ կլինի նոր ֆինանսավորողներ գտնելու հարցում։ Անհրաժեշտ է հասկանալ, որ սա քայլ առ քայլ իրականացվող գործընթաց է, և իրավիճակը մի օրում չի կարող փոխվել։ Բրուցելոզը բարդ հիվանդություն է, իսկ մենք խոսում ենք համընդհանուր մշակույթ փոխելու մասին։ Հայաստանում իրավիճակը պետք է այնպես փոխվի, որ շեշտը ավելի շատ դրվի հիվանդության վերացման գործնական կողմի վրա։ Այս ամենը որոշակի ժամանակ կպահանջի, քանի որ մենք պետք է կիրառենք այս սկզբունքները և տեսնենք, թե որքանով են դրանք արդյունավետ։ Ես կարծում եմ, որ լիարժեք համագործակցություն և բոլորին  հասանելի գրավոր ծրագիր ունենալու, ինչպես նաև թափանցիկություն ապահովելու և Հայաստանում ներդրված ծրագրերի վերաբերյալ ֆերմերներին արտահայտվելու հնարավորություն տալու դեպքում որոշ ֆերմերներ ինքնակամ կասեն․ «Ես պատրաստ եմ համագործակցել ձեզ հետ և ազատվել այս հիվանդությունից։ Եկեք այս նախագիծը փորձարկենք իմ ֆերմայում»։ Նման ֆերմերների գրանցած հաջողությունը մյուսներին կխրախուսի անել նույնը։ Ուստի, մենք աշխատում ենք մի քանի ուղղությամբ։ Առաջինը՝ մենք աշխատում ենք ամբողջական փաստաթուղթ կազմելու ուղղությամբ, որը կօգնի բոլորին սկսել նույն կետից։ Այն պետք է լինի ուղեցույց փաստաթուղթ, անկախ այն հանգամանքից, թե որ նախարարն է պաշտոնավարում։ Այս փաստաթղթի նպատակն այն է, որ ամեն անգամ ողջ գործընթացը նորից չսկսեք։ Շատ լավ է, որ կառավարությունը մեծապես աջակցում է այս գործընթացին և մի քանի կարևոր անձանց է նշանակել փաստաթղթի կազմման աշխատանքներին մասնակցելու համար։ Իմ կարծիքով, փաստաթուղթը պատրաստ լինելուն պես կառավարությունն այն պետք է ներկայացնի տարբեր համայնքներին՝ վստահ լինելու համար, որ այն հասկանալի է համայնքի յուրաքանչյուր անասնաբույժի, յուրաքանչյուր ֆերմերի համար, և որ նրանցից յուրաքանչյուրն ունի հարցեր տալու հնարավուրություն։ Շատ կարևոր է, որ հարցեր լինելու դեպքում մենք անմիջապես կարողանաք պատասխանել դրանց։ Այս գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ է ներդնել համատեղել ջանքեր և ցուցաբերել միասնական մոտեցում։ Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ բոլորը կիսվեն իրենց ունեցած տվյալներով, որպեսզի վստահ լինենք, որ ֆերմերները մեզանից որևէ բան չեն թաքցնում։ Նույն խնդիրը կար նաև մեր երկրում, քանի որ ֆերմերները վստահ չէին, որ մեր ներկայացրած ծրագիրը որևէ հաջողություն կունենար։ Անհրաժեշտ է, որ մենք կարողանանք առաջընթաց գրանցել և ապացուցել, որ այս ծրագրի արդյունքում ժամանակի ընթացքում նկատելիորեն նվազում է հիվանդությունների մակարդակը։ Ըստ իմ սպասելիքների՝ սկզբում դրական արդյունքով կենդանիների թիվը կաճի, քանի որ առավել մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում հիվանդ կենդանիներն ի հայտ կգան։ Սա չի նշանակում, որ նրանք այժմ չկան, մենք պարզապես չգիտենք այդ մասին։ Եթե ցանկանում ենք իմանալ, թե որտեղ են հիվանդ կենդանիները, ապա պետք է առավել ակտիվ փնտրենք։ Բոլորը պետք է հասկանան, որ նման ծրագիր ներդնելու դեպքում, երբ նոր կենդանիների հայտնաբերման նպատակով անցկացվում են ռիսկային կենդանիների և ռիսկային տարածքների լրացուցիչ ստուգումներ, դրական արդյունքով կենդանիների հայտնաբերման հավանականությունը շատ մեծ է։ Սրա պատճառն այն է, որ եթե նախկինում հիվանդության դեպքերը թաքցնում էին, ապա այժմ դրանք բացահայտվում են: Եթե մենք չիմանանք, թե որտեղից է գալիս հիվանդությունը, այն կշարունակի տարածվել մեր թիկունքում: Հիվանդության ընթացքին հետևելը նշանակում է, որ պետք  է ունենալ անհրաժեշտ ծրագիր և հստակ իմանալ անելիքները: Ուստի, խոսքս ուղղում եմ բոլոր ֆերմերներին, բոլոր պաշտոնատար անձանց, համայնքի անասնաբույժներին, և առհասարակ յուրաքանչյուրին: Եթե սկզբնական շրջանում հիվանդության դեպքերը շատանում են, մենք պետք է ուրախ լինենք, քանի որ դա նշանակում է, որ մեր փնտրտուքները արդյունք են տալիս, և մարդիկ այլևս չեն թաքցնում հիվանդությունը։ Ցավալի է, որ շատ դեպքերում մարդիկ չեն գիտակցում այն փաստը, որ եթե սկզբում հիվանդության թվերը աճում են, դա բնավ չի նշանակում, որ ծրագիրը ձախողված է: Իրականում, այն բավականին հաջողված է, քանի որ դրանից հետո հիվանդության դեպքերի բացահայտումն ավելի արագ է տեղի ունենում: Մեզ իսկապես անհրաժեշտ է առաջին քայլը՝ դեպքերի բացահայտումը, որից հետո կարող ենք իրականացնել ծրագրի մնացած մասերը: Սկզբնական շրջանում հիվանդության դեպքերի աճը պարտադիր չէ, որ փաստի հիվանդության նոր պոռթկման մասին: Այն իրականում նշանակում է, որ իրականացվում է առավել խիստ վերահսկողություն և հիվանդությունների բացահայտման ընթացքն առավել արդյունավետ է: Հայաստանում երկար ժամանակ խիստ վերահսկողություն չի իրականացվել:

ԱՄ- Դուք կազմակերպեցիք նախարարի այցը տարածքային լաբորատորիաներից մեկը: Նա ականատես եղավ, թե ԱՄՆ-ում ինչպես է իրականացվում կովի կաթի ստուգումը: Ինչու՞ Հայաստանում նույնը չեն անում և ինչու՞ է դա այդքան կարևոր:

ՎՌ- Հստակ չեմ կարող ասել, թե Հայաստանում այս գործընթացն ինչու չի գործում: Գուցե այն պատճառով, որ այդ հարցի շուրջ դեռևս քննարկումներ չեն եղել: Այն, ինչի մասին դուք խոսում եք, կոչվում է կաթի օղակաձև կամ բրուցելոզի շղթայական ստուգում: Ստուգումն իրականացնելու համար կաթի նմուշը վերցվում է կաթի հավաքման կետից, որտեղ կարող են իրար խառնել 150-ից ավելի կովի կաթ: Կաթի նմուշառման համար կարող են վերցնել 1-ից 3 մլ կաթ՝ կախված այն հանգամանքից, թե որքան կենդանի են ստուգում: Սա շատ պարզ և արագ իրականացվող ստուգման ձև է, որի արդյունքում հնարավոր է բացահայտել անգամ մեկ հիվանդ կենդանուն՝ մինչև անգամ 700 կենդանիների միջից: Այս դեպքում կաթնատու կովերից արյուն վերցնելու փոխարեն նրանցից կաթի նմուշ ենք վերցնում: Հորթերի, ցլերի և այլ կենդանիների դեպքում, որոնք կաթ չեն տալիս, արյան նմուշառումն, իհարկե, պարտադիր է: Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ կենդանին առողջ է, և եթե ստուգումը պատշաճ է իրականացվել (շատ կարևոր է ունենալ ստանդարտացված գործընթացներ՝ վստահ լինելու համար, որ ստուգումների արդյունքները ճիշտ են), ապա արյան նմուշառման կարիք չկա: Լրացուցիչ ստուգման անհրաժեշտություն կլինի մեկ, երեք կամ չորս ամիս անց՝ կախված ռիսկայնության աստիճանից: Եթե կաթի նմուշի մեջ դրական արդյունք ենք հայտնաբերում, անհրաժեշտ է վերցնել նաև այդ կենդանիների արյունը՝ պարզելու համար, թե կոնկրետ որ կենդանին կամ կենդանիներն են վարակված: Մեկ այլ տարբերակ է նախիրը մի քանի փոքր խմբերի բաժանելը: Եթե 150 կովից ստացել ենք ընդամենը մեկ դրական արդյունք, կարող ենք բաժանել 50-ական խմբերի և կաթի նմուշ վերցնել ամեն 50 կովից: Այսպիսով մենք առանձնացնում ենք այն կովերին, որոնցից անհրաժեշտ է արյան նմուշ վերցնել: Այս կերպ մենք մեծ գումարներ ենք խնայում արյան նմուշների ստուգման վրա, ինչպես նաև կրճատում ենք ֆերմերների սթրեսի աստիճանը: Մեծ քանակով կովերից անընդհատ արյան նմուշ առնելու փոխարեն վերահսկողությունն իրականացնում ենք կաթի օղակաձև ստուգման միջոցով, ինչը մեզ օգնում է առանձնացնել այն կենդանիներին, որոնք նաև արյան նմուշի ստուգման կարիք ունեն: Կարծում եմ՝ սա Հայաստանում հրաշալի գործիք կլիներ, ինչը կօգներ խնայել մեծ գումարներ և ջանքեր: Մենք նախարարին ցույց տվեցինք ստուգման այս եղանակը, նրա հետ ունեցանք քննարկում և այժմ վերանայում ենք Հայաստանում ստուգման նման եղանակ ներդնելու հնարավորությունը: Մեզ ոչ միայն հետաքրքրում է հիվանդության արագ հայտնաբերումը, այլև մենք ցանկանում ենք բարձրացնել ստուգումների իրականացման արդյունավետությունը՝ միաժամանակ և՛ գումար խնայելով, և՛ նվազեցնելով ֆերմերների ու կենդանիների անհարկի սթրեսը: Այս ամենի հետ մեկտեղ՝ սա հիվանդությունների հայտնաբերման բավականին արդյունավետ եղանակ է, դրա համար էլ մենք ցանկանում ենք ձեզ հետ կիսվել այս փորձով: Եթե չեմ սխալվում, անցյալում այս եղանակը կիրառվել է Հայաստանում:

Ես իսկապես մեծ հույսեր ունեմ Հայաստանի հետ կապված, հատկապես հիմա։ Ես այստեղ մեծ ներուժ եմ տեսնում, առաջիկայում սպասվում է նաև նոր ծրագրի ներդնումը: Մենք անելու շատ աշխատանք ունենք: Մեզ անհրաժեշտ է քննարկումներ ունենալ ֆերմերների հետ, որպեսզի նրանք դառնան ծրագրի մի մասը: Կցանկանայի, որ Հայաստանում համայնքի կառավարման ծրագրերի զարգացման հետ մեկտեղ զարգանային նաև ապահով համարվող համայնքներում հիվանդությունների կանխարգելման ծրագրերը: Առաջարկում եմ միաժամանակ երկուսն էլ իրականացնել: Կարծում եմ՝ բարձրացնելով հանրության իրազեկվածությունը և մեր գործունեության թափանցիկությունը՝ Հայաստանն ավելի արագ քայլերով առաջ կգնա, քան ժամանակին ԱՄՆ-ն: Ամեն դեպքում, անելիքները շատ են:

Հարցազրույցը վարեց՝ Գագիկ Սարդարյանը