1)       Խուսափե՛ք հիվանդ կենդանիներ ձեռք բերելուց. նախքան նախիր մուտք գործելը՝ ցանկացած կենդանի պետք է 30 օրվա ընթացքում անցած լինի ստուգում, և ստուգման արդյունքը պետք է բացասական լինի։ Պնդե՛ք, որ ձեզ տրամադրեն բացասական արդյունքով փաստաթղթի պատճենը։

2)       Ինչպե՞ս կանխել բրուցելոզի փոխանցումն այլ կենդանիներին, եթե հիվանդությունն առկա է ձեր համայնքում. բրուցելոզը տարածվում է ծնի կամ վիժման ժամանակ, ուստի անհրաժեշտ է հղի ցամաք կենդանիներին մեկուսացնել մյուսներից։ Ընկերքը և վիժած սաղմը խորը թաղե՛ք կամ այրե՛ք։ Ծնի տարածքն ախտահանե՛ք հատուկ ախտահանիչ նյութերով կամ պարզապես եռացրած ջրով։ Ընկերքը երբեք մի՛ տվեք շներին, քանի որ դա նրանք քարշ կտան գետնով, և վարակը կտարածվի շուրջբոլորը։

3)       Ուշադի՛ր եղեք երինջների հանդեպ։ Բրուցելոզով վարակված երինջների հիվանդությունը հաճախ կրում է գաղտնի բնույթ, և  երինջները, մինչև ծնելը, շարունակում են ցույց տալ բացասական արդյունք։ Հատկապես մեծ վտանգ են ներկայացնում վարակված կովերից ծնված երինջները։ Եթե նախրում վերացրել եք բրուցելոզը, սակայն այդ երինջները շարունակում են պահվել նախրում, 2-3 տարի անց, երբ դրանք ծնեն, վարակը նորից կտարածվի ամբողջ նախրում, և ի հայտ կգան դրական արդյունքներ։ Այս պատճառով էլ երբեմն նախրում ամեն 2-3 տարին մեկ կրկնվում են բրուցելոզի դեպքերը։ Հատկապես շատ կարևոր է վարակված երինջներին ծնի ժամանակ մեկուսացնելը, իսկ կատարյալ տարբերակը դրական արդյունքով կենդանիների հետ շփումից հետո երինջներին սպանդի ենթարկելն է։

4)       Երբ հիվանդ կենդանին ծնում է, վարակը տարածում է այդ պահին նախրում առկա բոլոր կենդանիների շրջանում։ Եթե այդ կենդանիները երինջներ են, հատկապես հղի երինջներ (հղի երինջները ամենախոցելի կենդանիներն են նախրում), պետք է ակնկալել, որ դրանցից շատերն ավելի ուշ դրական արդյունք ցույց կտան։

5)       Պատվաստումը չի բուժում բրուցելոզը։ Այն օգնում է նվազեցնելու վիժումների քանակը և ինչ-որ չափով բարձրացնում է դիմադրողականությունը, սակայն հիվանդության կանխման առումով այն 100%-անոց արդյունք չի երաշխավորում։ Պատվաստման կանխարգելիչ ազդեցությունը արդյունավետ չէ, եթե կենդանիների  վարակը մեծ չափերի է հասնում, ուստի ծնի ժամանակ առավել ուշադիր լինելով և հիվանդության տարածումը կանխելով՝ կարող եք նպաստել պատվաստման արդյունավետության բարձրացմանը։ Եթե կենդանուն պատվաստել եք վարակվելուց հետո, հետագայում այն կրկին դրական արդյունք կգրանցի, քանի որ պատվաստումը չի բուժում վարակը։ Ակնհայտ հիվանդ կենդանուն պատվաստելուց հետո պատրաստ եղեք, որ որոշ ժամանակ անց դարձյալ ի հայտ կգան բրուցելոզի դեպքեր։

 

 

Հեղինակ՝ Վալերի Ռագան