Բարձրորակ կաթ ստանալու գլխավոր նախապայմաններից է կովի առողջ կուրծը: Մաստիտով հիվանդ կենդանուց ստացված կաթը ոչ միայն ստաֆիլոկոկային և ստրեպտոկոկային վարակների աղբյուր է, այլ նաև ախտածին մանրէների տարածման պատճառ:
Կրծքագեղձի խոռոչներ միկրոօրգանիզմների ներթափանցման արդյունքում լեյկոցիտների բարձր քանակությունը նպաստում է կաթի մեջ սոմատիկ բջիջների աճին, ինչը մաստիտի զարգացման առաջին ախտանիշն է: Առանձին վերցրած` սոմատիկ բջիջները չեն ազդում կաթի որակի վրա, սակայն դրանք «ահազանգում են» վերահաս վտանգի մասին: Ի դեպ, սոմատիկ բջիջները շատ արագ են հայտնաբերվում կաթի մեջ, ինչը թույլ է տալիս կանխել մաստիտի զարգացումը:
Կաթի մեջ որոշակի քանակությամբ սոմատիկ բջիջների առկայությունը միանգամայն բնական է: Սովորաբար դրանց միջին քանակությունը հում կաթի մեջ կարող է տատանվել 50.000-100.000/մլ-ի սահմաններում: Բորբոքային օջախի առաջացման դեպքում կտրուկ ավելանում է սոմատիկ բջիջների քանակությունը:
Տարբեր երկրներում կաթի որակին և կենդանու առողջությանը վերաբերող ցուցանիշները տարբեր են: Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների համաձայն՝ հում կաթի մեջ սոմատիկ բջիջների թույլատրելի քանակությունը պետք է լինի 750 հազար/մլ, ընդ որում, մանկական սննդի, պանրի և մանրէազերծված կաթի արտադրության համար օգտագործվող հում կաթի մեջ` 500 հազար/մլ-ից ոչ ավելի: Եթե 1 մլ կաթի մեջ սոմատիկ բջիջների քանակությունը չի գերազանցում այդ ցուցանիշը, ապա մթերված կաթի ընդհանուր ծավալի մեջ մաստիտով հիվանդ կենդանուց ստացված կաթի բաժինը 6%-ից ցածր է, այսինքն` կաթնամթերքն անվտանգ է: Սակայն եթե մթերված կաթի մեջ սոմատիկ բջիջների քանակությունը հասնում է 1000 հազար/մլ, մաստիտով հիվանդ կենդանուց ստացված կաթի ծավալը կազմում է մինչև 30 % և ավելի: Այդպիսի կաթը վտանգավոր է, քանի որ դառնում է ախտածին մանրէների իրական աղբյուր:
Առողջ կովի 1 մլ կաթը պարունակում է 100.000-ից պակաս սոմատիկ բջիջ: Մաստիտի կասկածի դեպքում սոմատիկ բջիջների թիվը հասնում է 500.000-ի: Սոմատիկ բջիջների 500.000-ից բարձր քանակությունը վկայում է արտահայտված կլինիկական մաստիտի մասին:
Գոյություն ունի հստակ կապ կովի մթերատվության և կաթի մեջ սոմատիկ բջիջների քանակության միջև: Մթերատվությունը նվազում է սոմատիկ բջիջների բավական բարձր ցուցանիշների դեպքում: Դրանց կրկնակի աճի արդյունքում մեկ կովի լակտացիայի 305 օրերի ընթացքում տեղի է ունենում 181 կգ կաթի կորուստ:
Սոմատիկ բջիջների բարձր քանակությունը կարող է պայմանավորված լինել նաև կենդանու ցեղով և ժառանգականությամբ: Լակտացիայի շրջանը նույնպես ազդում է այդ ցուցանիշի վրա: Սովորաբար լակտացիայի առաջին և վերջին շաբաթների ընթացքում գրանցվում է սոմատիկ բջիջների քանակության աճ, ուստի մեծանում է կրծքագեղձի բորբոքման հավանականությունը: Էական նշանակություն ունի նաև արտաքին միջավայրը. ամռանը սոմատիկ բջիջների քանակությունն ավելին է, քան ձմռանը, ինչը պայմանավորված է բարձր խոնավությամբ և ջերմաստիճանով, կովերի արոտային պահվածքով, կերատեսակների ազդեցությամբ և այլ գործոններով:
Սանիտարահիգիենիկ կանոնների խախտումը, կրծի լվացման ոչ ճիշտ եղանակը, կթի ապարատի տեխնիկական վիճակը, անասնագոմի ընդհանուր աղտոտվածությունը և բացասական այլ գործոններ նպաստում են մանրէների բազմացմանը: Արդյունքում մեծանում է վարակիչ հիվանդությունների առաջացման հավանականությունը, աճում սոմատիկ բջիջների քանակությունը:
Աղյուսակ 1
Կովի կրծի վիճակը՝ ըստ սոմատիկ բջիջների քանակության

Սոմատիկ բջիջների միջին քանակությունը 1 մլ-ում Կրծի վիճակը Կաթի կորուստը, %
100.000-ից պակաս Շատ լավ 0
100.000-300.000 Լավ 2
300.000-400.000 Բավարար (հիվանդ է մոտ 20  %-ի կուրծը ) 4
400.000-500.000 Վտանգ ներկայացնող  (հիվանդ է մոտ 30%-ի կուրծը) 5
500.000-700.000 Խնդրահարույց  (հիվանդ է մոտ 40 %-ի կուրծը) 5-ից բարձր
700.000 և ավելի Զանգվածային ախտահարում  (հիվանդ է  մոտ 50 %-ի կուրծը) 12-ից բարձր

 

Մաստիտով հիվանդ կենդանիներից ստացված կաթը մթերվող հումքի ծավալից առանձնացնելու համար կիրառում են սոմատիկ բջիջների հայտնաբերման ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի մեթոդներ:
Կաթի որակին ներկայացվող պահանջներն անընդհատ խստացվում են: Որպես գործուն միջոց` վերամշակող կազմակերպությունները մատակարարների նկատմամբ կիրառում են զանազան ֆինանսական սխեմաներ: Ուստի կաթ արտադրողը պետք է սահմանի մթերքի որակի ամենօրյա վերահսկողություն:
Սոմատիկ բջիջների քանակությունը հում կաթի սանիտարական որակի հավաքական ցուցանիշ է, որի համաձայն սահմանվում է դրա հանձնման և ընդունման գինը:
Կաթի սոմատիկ բջիջների հաշվառման «Դե Լավալ» (DCC) սարքը թույլ է տալիս կատարել ճշգրիտ հետազոտություններ ինչպես լաբորատոր, այնպես էլ արտադրական պայմաններում: Անալիզի ժամանակ մեկանգամյա օգտագործման սկավառակը ծառայում է որպես թարմ կաթի կոնտեյներ: Այն պարունակում է ոչ մեծ քանակությամբ ռեագենտ, որը խառնվում է կաթին և ներկում սոմատիկ բջիջների միջուկները: Սարքն ունի կոմպակտ ֆլյուորեսցենտ մանրադիտակ և խցիկ: Կաթի յուրաքանչյուր չափաբաժնի հետազոտման ժամանակ կատարվում է երկու լուսանկար, և միջին արդյունքը պատկերվում էկրանի հաշվիչի վրա: Տվյալ սարքի կիրառումը բացառում է մարդկային գործոնի ազդեցությունն անալիզի արդյունքի վրա, միևնույն ժամանակ թույլ է տալիս հետազոտել կաթի փորձանմուշներն անմիջապես տնտեսությունում, քանի որ հաշվիչը շարժական է և սնուցվում է մարտկոցից: Յուրաքանչյուր սարքի ստուգաճշտումը կատարվում է մյուսներից անկախ և գործածության ընթացքում մնում է անփոփոխ:
DCC-ն արտադրողներին թույլ է տալիս ճշգրտորեն որոշել սոմատիկ բջիջների քանակությունը յուրաքանչյուր կովից ստացված կաթի նմուշներում, սառնարանային տարողության մեջ հավաքված կաթի մեջ և խստորեն վերահսկել կովերի առողջական վիճակը:
«Դե Լավալ» ֆիրմայի կողմից արտադրված հաշվիչ սարքն առաջին անգամ Հայաստան է բերվել 2006 թվին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի» հիմնադրամի միջոցով: Մեկ սարք տրամադրվել է «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ին, մյուսը` «Դուստր Մելանյա» ՍՊԸ-ին:
Այդ սարքի կիրառումը կաթ վերամշակողներին հնարավորություն է տալիս մատակարարելու ավելի բարձրորակ կաթ, ապահովելու պատրաստի մթերքի ելունքի ավելացում և որակի բարձրացում: Սոմատիկ բջիջների քանակությունը որոշող սարքը թաքնված մաստիտը հայտնաբերելու և դրա բուժումը կազմակերպելու առումով անփոխարինելի է:

 

Հեղինակ Անդրեյ Արաքսյանց՝
սննդի որակի կառավարման մասնագետ