խնդիրների մեծ մասը պահանջում է լուծման համար ժամանակ, ներդրումներ և համապատասխան ենթակառուցվածքներ
Հարցազրույց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ
Գյուղատնտեսության ոլորտում ի՞նչ հիմնախնդիրներ կան, որո՞նք եք այսօր առաջնահերթ համարում:
Հայաստանի գյուղատնտեսությունը հանդիսանում է առաջնահերթ ոլորտներից մեկը, դրա հետ մեկտեղ ոլորտի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք գոյություն են ունեցել տարիներ շարունակ:
Այդ խնդիրների մեջ առաջնահերթ եմ համարում.
– գյուղատնտեսական հիմնական ռեսուրսների, մասնավորապես հողային ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործման մակարդակի բարձրացումը;
– գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը, տնտեսավարման ձևերի կատարելագործումը, մասնավորապես, կոոպերացիայի խթանման գործուն մեխանիզմների կիրառումը:
– բուսաբուծության և անասնապահության ճյուղերի արդյունավետ գործունեության համար կարևոր նախապայման հանդիսացող գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության և տոհմային անասնաբուծության, անասնաբուժական համակարգի բարելավումը:
– բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերում, ագրովերամշակող արդյունաբերության մեջ արդիական տեխնոլոգիաների ներդրումը:
– գյուղատնտեսական մթերքների իրացման համակարգի բարելավումն ու կատարելագործումը, գյուղատնտեսության տեխնիկական հավաքակազմի համալրումը, գյուղատնտեսական վարկերի մատչելիության մակարդակի բարձրացումը, ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման գործուն մեխանիզմների մշակումը և կիրառումը, բնական անցանկալի երևույթների դեմ պայքարի արդիական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսության հաշվառման համակարգի կատարելագործումը, երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը ….
Նշված հիմնախնդիրների շարքը կարելի է շարունակել:
Կա՞ն այսօր անլուծելի խնդիրներ, որոնք պայմանավորված են պետ.աջակցության, ֆինանսական ներդրումների բացակայության հետ:
Ըստ էության, այսօր անլուծելի խնդիրներ չկան, խնդիրների մեծ մասը պահանջում է լուծման համեմատաբար տևական ժամանակ, իհարկե, զգալի ներդրումներ և ոլորտի զարգացման համար համապատասխան միջավայր, ենթակառուցվածքներ, որոնք անշուշտ կարևոր դեր ունեն շուկայի՝ գյուղատնտեսական մթերք արտադրողից դեպի սպառողը ձգվող օղակներում ավելացված արժեքի ստեղծման գործում:
Խնդիրների լուծումն ենթադրում է որոշակի ներդրումներ: Ներկայումս իրականցվում են մի շարք առաջնահերթ ծրագրեր ՀՀ պետական բյուջի եւ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: Վերջիններս հիմնականում ուղղվում են գյուղատնտեսությունում օգտագործվող առաջնահերթ ռեսուրսների` բարձր վերարտադրության սերմերի, հանքային պարարտանյութերի, դիզելային վառելանյութի մատչելիության բարձրացմանը: ՀՀ կառավարության նոր ծրագրում նախատեսված են դրույթներ գյուղատնտեսությունում սուբսիդիաների ծավալների ընդլայնման եւ դրանց տրամադրման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:
Գյուղացուն աջակցելու, նրա կրած վնասները ` օրինակ տարերքների պատճառով, փոխհատուցելու, ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում կամ նախատեսվում: Կա՞ն արդյոք այդ ուղղությամբ տարվող ծրագրեր:
Վերջին երկու տարիներին հանրապետության գյուղատնտեսությունն էական կորուստ կրեց բնության տարերքներից: Նախորդ տարի մեծ էր վնասներն աննախադեպ ուժգին կարկտահարությունից, իսկ այս տարի վաղ գարնանային ցրտահարություններից: Իհարկե, պետությունը բնական աղետների հետևանքների մեղմացման ուղղությամբ իրականացնում է անհետաձգելի միջոցառումներ, մասնավորապես, կրկնացանքի համար անհատույց տրամադրում է գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր, մատչելի պայմաններով դիզելային վառելանյութ և հանքային պարարտանյութեր, զեղջում է ոռոգման ջրի և հողի հարկը: Իրականացվում են նաև սոցիալական աջակցության բնույթի մի շարք ծրագրեր:
Նշվածի հետ մեկտեղ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առավել կարևորում է անցանկալի բնական երևույթների դեմ պայքարի արդիական տեխնոլոգիաների ներդրումը, մասնավորապես հակակարկտային տեղակայանքների ցանցի ընդլայնումը, ինչպես նաև կարկտապաշտպան ցանցաշերտերի տեխնոլոգիայի կիրառումը: Այստեղ կարևորում ենք դրանց արտադրությունը հանրապետությունում կազմակերպելու հնարավորությունը:
Կարևոր է համարվում նաև ռիսկերի մեղմացման այլ ծրագրերի իրականցումը, մասնավորապես ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն սորտերի ներդրումը, վնասատուների և հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումը:
Այս համատեքստում կարևոր է համարվում գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրումը, որի ուղղությամբ ձեռնարկվում են քայլեր առկա միջազգային փորձի տեղայնացման և համակարգի փուլային ներդրման համար:
Ինչ քայլե՞ր են արվում աշխարհին սեփական գյուղմթերքով ներկայանալու, կամ փորձի փոխանակման ուղղությամբ:
Վերջին տարիներին էականորեն բարելավվել է գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների արտաքին ապրանքաշրջանառության վիճակը: Այսպես, եթե 2010 թվականին երկրի արտաքին ապրանքաշրջանառության մեջ գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը կազմել է 17.6 %, ապա 2013 թվականին այն հասել է 21.2 %: Ընդհանուր արտահանման մեջ գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը 2010 թվականի 16.4 %-ից 2013 թվականին դարձել է 28.1 %: Էականորեն բարելավվել է գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների ներմուծման և արտահանման հարաբերակցությունը՝ եթե 2010 թվականին այն կազմում էր 4:1, ապա 2013 թվականի տվյալներով` 2:1 է, որը էական դրական տեղաշարժ է: 2013 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավելի քան 2 անգամ ավելացել է թարմ բուսաբուծական մթերքների արտահանման ծավալները:
Աշխարհին սեփական գյուղատնտեսական մթերքներով ներկայանալու համար սա բավարար չէ, ձեռնարկվում են մի շարք քայլեր՝ ներդրվում են սննդամթերքի անվտանգության միջազգայնորեն ընդունված չափանիշներ, ակտիվացել է մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին, միջազգային հարաբերություները կանոնակարգող փաստաթղթերում առաջնահերթ տեղ է հատկացվում գյուղատնտեսական ծագման արտադրատեսակների արտահանմանը, պարզեցվել են գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ընթացակարգերը, հրապարակվում են տեղեկատվական թերթիկներ տեղական արտադրանքը արտաքին շուկայում ներկայացնելու, օգտագործվում են համացանցային կայքերի հնարավորությունները:
Նախարարությունը առանձնակի կարևորում է փորձի փոխանակմանը, հատկապես արտադրության ոլորտում արդիական տեխնոլոգիաների ներդրման, անցանկալի բնական երևույթների դեմ պայքարի նորագույն փորձի, գյուղատնտեսությունում կոոպերացիայի ներդրման, այս բնագավառում օրենսդրության բարելավման, ապահովագրական համակարգի փորձի կիրառման ոլորտներում:
Եզրափակելով՝ ցանկանում եմ հաջողություն մաղթել ագրարային բարդ ոլորտին նվիրված նոր ամսագրի մեկնարկը և հույս հայտնել, որ այն չափազանց կարևոր դեր կունենա գյուղատնտեսությունում արդիական փորձի ներդրաման, ոլորտի հիմնախնդիրների պարզաբանման և դրանց լուծման գործում: