Գյուղատնտեսական կոոպերատիվը փոխլրացնում է ինքնուրույն գյուղական տնտեսական միավորը, այն ծառայում է այդ գյուղական տնտեսական միավորին և առանց վերջինիս անիմաստ է:
Ի՞նչ է կոոպերացիան
Մեր օրերում, երբ խոսում են գյուղական համայնքի ապագայի մասին, հիմնականում որպես հիմք ընդունում են կոոպերատիվների գաղափարը: §Կոոպերացիա¦ բառն ինքնին ժամանակակից առօրյայում դարձել է ամենակիրառվող արտահայտություններից մեկը: Ինչպե՞ս կազմակերպել գյուղացիներին, որպեսզի նրանց համար հասանելի լինեն գիտական և պրակտիկ բոլոր ձեռքբերումները, որոնց կիրառությունը հաճախ հնարավոր է լինում միայն մեծ ծավալներով գործի կազմակերպման պարագայում: Այս հարցը գյուղատնտեսության մեջ ամենակարևորներից է, և այս հարցի պատասխանը կտրամադրի մեզ գյուղական կոոպերատիվների կազմակերպման բանալին:
Դիտարկենք, թե ինչ է հարկավոր, որ գյուղական տնտեսությունները կոոպերատիվ ձևավորեն, որպեսզի ստեղծված համատեղ կազմակերպությունն իսկապես լինի կոոպերատիվ. ինչն է տարբերում կոոպերատիվը մասնավոր արտադրական և առևտրային հիմնարկներից, որոնց հետ, ցավոք, հաճախ այն շփոթում են:
Կոոպերատիվը, նախևառաջ, տնտեսությունների միություն է, և նման միությունում ընդգրկված տնտեսությունները դրանից չեն վերանում՝ շարունակելով գործառնել որպես փոքրիկ աշխատանքային տնտեսություններ: Գյուղատնտեսական կոոպերատիվը փոխլրացնում է ինքնուրույն գյուղական տնտեսական միավորը, այն ծառայում է այդ գյուղական տնտեսական միավորին և առանց վերջինիս անիմաստ է:
Կոոպերացիայի էությունը ավելի պարզ ընկալելու համար համեմատենք կարագ արտադրող երկու գործարան, որոնցից մեկը կոոպերատիվ է՝ ստեղծված անասնապահ գյուղացիների կողմից իրենց կարիքները հոգալու համար, մյուսը՝ մասնավոր, որի սեփականատերը գործարար կապիտալիստ է:
Կարճ դիտարկումն էլ բավական է համոզվելու համար, որ մասնավոր գործարանը ձգտելու է շրջանառության մեջ ներդրված կապիտալի շահույթների: Նրա գլխավոր խնդիրը լինելու է ամբողջ գործը կառուցել այնպես, որ տվյալ ներդրումը առավելագույն մաքուր շահույթ բերի:
Կոոպերատիվ գործարանի աշխատանքում պատկերն այլ է: Նրա գործունեության համար գյուղացիները նույն չափով ներդրում են արել, որքան մասնավոր գործարարը, սակայն այդ ներդրման՝ առավելագույն մաքուր շահույթ ստանալու խնդիրը տվյալ պարագայում երկրորդական է: Այս նախաձեռնության էությունը այն գյուղացիների շահերն են, որոնք համատեղ ջանքերով ստեղծել են այդ գործարանը՝ իրենց տնտեսություններին ծառայեցնելու նպատակով: Կոոպերատիվ գործարանը կարող է որևէ շահույթ չտալ իր գործունեության համար ներդրված կապիտալն ավելացնելու հարցում, սակայն այն շահավետ է լինելու գյուղացիների համար, եթե այդ գործարանի շնորհիվ իրենք մատակարարվող կաթի համար զգալիորեն ավելի մեծ գումար ստանան, քան կարող էին ստանալ կաթն ուրիշին վաճառելու պարագայում:
Դիտարկենք սպառողական կոոպերացիայի կառուցվածքը, որում գյուղացիները միավորվում են իրենց առօրյայում անհրաժեշտ մթերքները գնելու համար: Այստեղ կարող ենք մեծ տարբերություն նկատել գյուղատնտեսական մթերքով կրպակից. սրանք այն նույն տարբերություններն են, որոնք առկա էին նաև գործարանի պարագայում:
Կապիտալի շահերը չէ, որ կառավարում են գործը, այլ այն սպառողների և գյուղական տնտեսությունների շահերը, որոնք միահամուռ ջանքերով ստեղծել են իրենց կարիքներին ծառայող սպառողական կրպակը:
Եթե գյուղմթերքի կրպակի գործարար սեփականատիրոջ համար առաջին տեղում իր կապիտալի շահերն են, եթե նա բոլոր միջոցներով, ոտնահարելով գնորդների շահերը, ձգտում է իր առևտրից ստանալ առավելագույն շահույթ, ապա կոոպերատիվ սպառողական կրպակում մաքուր շահույթի ստացման ձգտումը երկրորդ տեղում է: Կապիտալն, անշուշտ, անհրաժեշտ է նաև սպառողների միության համար. առանց դրա տնտեսական շրջանառությունն անհնար է: Սակայն կապիտալի շահերը չէ, որ կառավարում են գործը, այլ այն սպառողների և գյուղական տնտեսությունների շահերը, որոնք միահամուռ ջանքերով ստեղծել են իրենց կարիքներին ծառայող սպառողական կրպակը:
Հասարակ կրպակատիրոջ ուղղակի շահն է վաճառել վատ մթերքները թանկ գնով և մաքուր գերշահույթ ստանալ:
Կոոպերատիվ կրպակում շահույթը կարող է չնչին լինել, սակայն մթերքը պետք է էժան և որակով լինի: Կոոպերատիվի և ոչ մի անդամ չի ցանկանա իր կրպակի շահույթն ավելացնել՝ իր հացի մեջ ավազ և կաթի մեջ ջուր ավելացնելով, քանի որ դրանք սպառողը իրենց սեփական երեխաներն են:
Միություն կազմած և իրենց համար կոոպերատիվ հիմնարկություն ստեղծած տնտեսությունների շահերի գերակայությունը կապիտալի շահերի նկատմամբ կոոպերացիայի ամենակարևոր գործոնն է: Կոոպերացիան միշտ օգտվելու է կապիտալներից և շատ մեծ կապիտալներից, քանի որ առանց դրանց տնտեսությունների կյանքն անհնարին է, սակայն այստեղ կապիտալների շահերը չեն, որ առաջին տեղում են, այլ՝ այն տնտեսությունների, որոնց շահերը սպասարկում են տվյալ կապիտալները:
Կոոպերացիայում կապիտալը ծառան է, այլ ոչ թե տերը. այդ իսկ պատճառով կոոպերատիվի գործերի կառավարումն իրականացվում է այնպես, որ ղեկավարող լինեն ոչ թե կապիտալի ներկայացուցիչները, ոչ թե նրանք, ովքեր շատ փող են տվել կոոպերատիվ առևտրի կամ արտադրության իրականացման համար, այլ այն աշխատանքային տնտեսությունները, որոնց սպասարկելու համար ստեղծվել և գործառնում է կոոպերատիվը: Այսպիսով, պարզ է դառնում, որ գյուղական կոոպերատիվի գործունեությունն ուղղորդվում է գյուղացիների շահերով, և դրա ամբողջ աշխատանքը պայմանավորվում է հենց դրանցով:
Կոոպերատիվ շարժման պատմությունը
Սպառողական կոոպերատիվի հիմքերը՝ սահմանված Ռոչդելի ջուլհակների կողմից:
Կոոպերատիվի պատմության սկիզբ են համարվում նախորդ հարյուրամյակի կեսերը: Ռոչդել փոքրիկ գավառական քաղաքի Ժաբյե նրբանցքում ջուլհակների կողմից հիմնադրված կոոպերատիվն առաջին սպառողական միությունը չէր, սակայն դրանից առաջ բոլոր նմանատիպ նախաձեռնություններն անհաջողության էին մատնվում գործի սխալ կազմակերպման հետևանքով: Միայն աշխատավորների կյանքի բարելավման միջոցների մասին երկար մտածող Ռոչդելի հասարակ ջուլհակներին հաջողվեց գտնել այնպիսի հիմքեր, որոնք թույլ կտային գործին զարգանալ և չձախողվել:
Որո՞նք էին Ռոչդելի ջուլհակների կողմից սահմանված հիմնակետերը
Բոլորին է հայտնի, որ ցանկացած ապրանք մեծածախ ծավալներով գնելիս ավելի էժան և որակյալ է լինում, քան նույն ապրանքը մանրածախ կրպակում գնելու դեպքում: Ինքնին պարզ է, որ ցանկացած սպառող առանձին-առանձին դա չի կարող անել: Սակայն եթե տասնյակ, հարյուրավոր և հազարավոր սպառողներ միանան և միասին գնեն իրենց հարկավոր ապրանքները, ապա նրանք ինքնըստինքյան կդառնան մեկ հզոր մեծածախ գնորդ և հնարավորություն կստանան գնելու մեծ ծավալներով ապրանք: Ձեռքբերված ապրանքները կլինեն էժան և որակով: Այս պարզ գաղափարն, անշուշտ, հայտնի էր նախքան Ժաբյե նրբանցքում ռոչդելյան սպառողական կրպակի հայտնվելը, սակայն, չնայած բազմաթիվ փորձերին, նախկինում այն չէր հաջողվում կյանքի կոչել:
Ո՞րն է խնդիրը
Համատեղ գնումների առաջին անհաջող փորձերի ժամանակ հասարակական կրպակը գնում էր ապրանքը մեծածախ գներով՝ նրա արժեքին ավելացնելով տեղափոխման, կրպակի, պահեստի ապահովման վերադիր ծախսերը, և այդ բոլոր ծախսերը գումարելով՝ վաճառում էր տվյալ ապրանքն իր սպառողներին: Թվում էր, թե միության խնդիրներն իրագործված են. ապրանքը որակյալ էր և շատ ավելի էժան, քան մասնավոր առևտրի դեպքում, սակայն նման միությունները բավականին շուտ սնանկանում էին և վերանում:
Ինքնարժեքով վաճառքի ամենամեծ թերությունն այն էր, որ կոոպերատիվը ոչ մի կերպ չէր կարողանում ավելացնել իր կապիտալը
Էժան հասարակական վաճառքը շարժում էր հարևան կրպակատերերի խանդը, որոնք ներքաշում էին դեռ երիտասարդ ու վերջնականապես չկայացած միությունը կոշտ մրցակցության մեջ՝ իրենց ապրանքների գները սահմանելով ինքնարժեքից էլ ցածր: Չնայած շահութային որոշակի կորուստներին՝ նրանք հասնում էին իրենց նպատակին. օգտվելով գնորդի ցածր մակարդակի գիտակցությունից՝ հրապուրում էին վերջիններիս իրենց ցածր գներով, և ստեղծված կոոպերատիվը փլուզվում էր: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ առևտրականները կոոպերատիվի անբարեխիղճ անդամների միջոցով միությունից ապրանքներ էին ձեռք բերում մատչելի գներով, իսկ հետո վերավաճառում իրենց սեփական կրպակներում:
Ինքնարժեքով վաճառքի ամենամեծ թերությունն այն էր, որ կոոպերատիվը ոչ մի կերպ չէր կարողանում ավելացնել իր կապիտալը: Աղքատիկ բաժնեմասային ներդրումներից գոյացած շրջանառության համար նախատեսված միջոցները զգալի չէին, կոոպերատիվի տնտեսական ուժը՝ չնչին: Առևտրից շահույթ չունենալով՝ կոոպերատիվը չէր կարողանում ավելացնել շրջանառության համար նախատեսված իր միջոցները և չուներ համապատասխան գումար, որպեսզի հարմար պահին գներ էժան և որակով ապրանք: Ցանկացած չնչին կորստի դեպքում կոոպերատիվը ոչնչանում էր:
Նշված անբարենպաստ հետևանքներից խուսափելու համար ռոչդելյան ջուլհակները որոշում կայացրին իրենց սպառողական կրպակում ապրանքները վաճառել ոչ թե ինքնարժեքով, այլ հարևան առևտրականների կողմից սահմանված շուկայական գներով:
Շուկայական գներով առևտուր անելիս դեռևս թույլ կոոպերատիվը չէր ներգրավվում հարուստ առևտրականների հետ իր համար անհաղթահարելի մրցակցության մեջ, իսկ սահմանված գներից ստացված շահույթը զգալիորեն ավելացնում էր նրա տնտեսական հզորությունը և համալրում շրջանառության համար նախատեսված աղքատիկ միջոցները՝ ամրապնդելով կոոպերատիվ միության կենսունակությունը:
Ահա թե ինչու միության անդամների կողմից ապրանքները շուկայական գներով վաճառելու՝ ռոչդելյան ջուլհակների կողմից սահմանված սկզբունքը ճանաչվել է սպառողական կոոպերացիայի հիմնարար սկզբունքներից մեկը:
Սակայն, հարց է առաջանում. ի՞նչ է շահում սպառողը՝ ջանքեր գործադրելով կոոպերատիվ կրպակի ստըեղծման համար, եթե այդ կրպակը մթերքը վաճառելու է նույն գնով, ինչ մասնավոր կրպակատերը:
Այս հարցի պատասխանը մեզ կտա ռոչդելյան ջուլհակների կողմից սահմանված մեկ այլ կանոն, որի համաձայն՝ շուկայական գներով իրականացված առևտրի արդյունքում ստացված շահույթը տարվա վերջում վերադարձվում է սպառողներին:
Յուրաքանչյուր սպառողին իր գնած ապրանքի չափով ստացված շահույթի վերադարձը համարվում է սպառողական կոոպերատիվի երկրորդ հիմնասյուներից մեկը
Ենթադրենք մեր սպառողական կրպակը մեկ տարվա ընթացքում վաճառել է 10.000 դրամի (ռուբլու) ապրանք՝ ստանալով 800 դրամ (ռուբլի) շահույթ: Այս թիվը ստացվել է միության սպառող անդամների միջոցով, և պետք է վերադարձվի նրանց: Կրպակի ապրանքի ամեն դրամի (ռուբլու) շահույթը կազմել է 8 լումա (կոպեկ), իսկ ապրանքի ինքնարժեքը՝ իր վերադիր ծախսերով, կազմել է 92 լումա (կոպեկ): Այսպիսով, եթե ես մեր կրպակից գնել եմ 100 դրամի (ռուբլու) ապրանք, կրպակի շահույթն իմ գնումից եղել է 8 դրամ (ռուբլի), որն էլ տարվա վերջում վերադարձվում է ինձ:
Այսպիսով, մեր կրպակում առևտուր անելով ոչ թե ինքնարժեքով, այլ շուկայական գներով՝ մենք՝ սպառողներս, ոչինչ չենք կորցնում, քանի որ այդ առևտրից ստացված ողջ շահույթը կրպակը տարվա վերջում, միևնույն է, վերադարձնում է մեզ:
Իր դիրքերն ամրապնդելով՝ կրպակը միևնույն ժամանակ կուտակում է մեր գումարները՝ հավաքագրելով և պահելով մեր ամենօրյա շահույթը: Այն յուրօրինակ բանկ է, որը տարեվերջին մեզ կհանձնի այդ ընթացիկ տարում հավաքված գումարը: Այս գումարը մեծ նշանակություն ունի գյուղացու, աշխատավորի և ծառայողի համեստ եկամտի պարագայում:
Սա է պատճառը, որ յուրաքանչյուր սպառողին իր գնած ապրանքի չափով ստացված շահույթի վերադարձը համարվում է սպառողական կոոպերատիվի երկրորդ հիմնասյուներից մեկը:
Սակայն, սովորաբար ողջ շահույթը չեն բաժանում գնորդներին: Նախևառաջ զգալի գումար թողնում են գործի ընդլայնման և կայացման համար՝ ընդգրկելով այդ գումարը հիմնական կամ պահուստային կապիտալում: Ուստի, հենց սպառողի շահերից է բխում ընդլայնել գործը և այնպիսի կապիտալ կուտակել, որ կրպակը երբեք շրջանառության համար նախատեսված միջոցների պակաս չունենա: Բաժնեմասային ներդրումներից նման գումարներ հավաքելը ծանր է հենց միության անդամների համար, և ավելի հեշտ է դրանք ստանալ հենց գործից, այսինքն՝ շահույթի մի մասից:
Կոոպերատիվները զգալի գումարներ են տրամադրում նաև, այսպես կոչված, մշակութային-լուսավորչական նպատակների համար: Որքան շատ անդամ ունենա կոոպերատիվը, այնքան ավելի հզոր կլինի այն, և այնքան ավելի նվիրված կլինեն իրեն անդամները: Ուստի, որքան ավելի տարածված լինեն կոոպերացիայի մասին ճիշտ գիտելիքները, այնքան ավելի ուժեղ և կայուն կլինի կոոպերատիվը: Այս առումով, աշխատելով հասարակական կրթության տեղական բաժինների հետ և նրանց ղեկավարությամբ, կոոպերատիվները ձգտում են իրենց անդամներին ապահովել լավ գրականությամբ այն մասին, թե ինչպես վարել հողային տնտեսությունը և աճեցնել երկու հասկ այնտեղ, որտեղ հողագործի աշխատանքի արդյունքում մեկ հասկ է աճում: Նրանք ձգտում են ստեղծել ժողովրդական թատրոններ, գրադարաններ, մշակույթի տներ և թեյարաններ… Այս ամենի համար խոշոր գումարներ են հարկավոր, և սպառող-կոոպերատորները դրանք պատրաստակամորեն տրամադրում են իրենց եկամուտներից:
Այսպիսով, կոոպերատիվ առևտրից ստացված շահույթի մի մասը վերադարձվում է սպառողին, իսկ մյուս մասը ծախսվում է գործի ընդլայնման և մշակութային-լուսավորչական գործունեության վրա, այսինքն՝ ձևավորում են հասարակական օգտակար կապիտալներ: Նման հասարակական կապիտալների ստեղծումը շահույթի մի մասի հատկացումների միջոցով ոչ միայն սպառողական, այլև՝ ցանկացած բնույթի կոոպերացիայի կարևորագույն հիմքերից է:
Հաջորդ կանոնը, որն այդքան հաճախ մոռանում են ռուս կոոպերատորները, սահմանում է կոոպերատիվ կրպակի ապրանքների վաճառքը բացառապես կանխիկ գումարով: «Կոոպերատիվում անթույլատրելի է պարտքով ապրանք վերցնելը»,-ասում էին կոոպերացիայի հիմնադիրները: Այս պահանջն առաջացնում է կոոպերատիվը հիմնադրող աշխատավոր ժողովրդի տարակուսանքը և առավել դժվար իրականացնելի է թվում: Թվում էր, թե հենց հասարակական կրպակը պետք է օգնության հասնի աշխատավորին, երբ վերջինս առօրյա հացի գումարի պակաս ունի, սակայն ռոչդելյան ջուլհակները համառորեն պահանջում էին պահպանել այդ կանոնը:
Ինչո՞ւ կրպակատերը կարող է իր մթերքները պարտքով վաճառել, իսկ սպառողական միությունը՝ ոչ:
․․․շաունակելի
Հոդվածի մշակումը՝ Լևոն Գյուլխասյան,
Թարգմանիչ՝ Նանա Գնդոյան