«Արարատի մարզի Դարակերտ համայնքը հայտնի է իր ջերմոցներով: 2014 թվականի սեպտեմբերին այստեղ բացվեց Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոնը՝ կահավորված գերժամանակակից լաբորատորիայով: Այժմ ջերմոցագործներն ունեն որակյալ մասնագիտական օգնություն ստանալու հնարավորություն»:

Որակյալ մասնագիտական օգնություն հայ ջերմոցագործին

Հաջողված ձեռնարկ Դարակերտում

Հայաստանի նման սակավահող երկրի համար ջերմոցներն ունեն կարևոր նշանակություն և կարող են դառնալ գյուղատնտեսության զարգացման ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերից մեկը: Այսօր հանրապետությունում ջերմատները սպասարկող քիչ գյուղատնտեսներ կան, իսկ առանց մասնագիտական օգնության գրեթե անհնար է ապահովել բարձր արդյունավետություն:

Դարակերտի նորաբաց «Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոնը» կյանքի կոչվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի միջոցով և ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի ֆինանսավորմամբ: Սա առաջին արձագանքն է մեկ տարի առաջ Հայաստանի կառավարության ընդունած` գյուղացիական տնտեսություններում ջերմատնային տնտեսության խթանման հայեցակարգին: Դրանում առանձնակի կարևորվում է ջերմոցների դերն ու նշանակությունը Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում, քանի որ դրանք տնտեսվարողին հնարավորություն են ընձեռում ամբողջ տարվա ընթացքում, բնակլիմայական պայմանների հետ կապված նվազագույն ռիսկերով, միավոր տարածքից ստանալու կայուն և երաշխավորված բարձր բերք՝ ապահովելով ավելի բարձր եկամտաբերություն:Մեր նպատակն է ջերմատնային տնտեսություններին ցույց տալ գիտական – մասնագիտական օգնություն, որպեսզի ունենան իրենց արտադրության միջոցի՝ հողի բերրիության հստակ պատկերը»,- ասում է կենտրոնի խորհրդական, Ագրոքիմիայի հիմնախնդիրների և հիդրոպոնիկայի ինստիտուտի գիտաշխատող Արմեն Գասպարյանը:

Մշակաբույսի ցանքից մինչև վեգետացիայի վերջը անհրաժեշտ է վերահսկել սննդատարրերի պարունակությունը սուբստրատում, հողում, սննդարար լուծույթում: Բույսերի սնուցումը վերահսկելու համար անհրաժեշտ է պարբերաբար չափել ջրի, հողի (սուբստրատի), սննդարար լուծույթների կարևորագույն ցուցանիշները` թթվայնությունը, աղերի ընդհանուր պարունակությունը, սննդառության առանձին մակրո- և միկրոտարրերի քանակությունը: Լաբորատորիայում ոչ միայն հողի, այլ նաև պարարտանյութերի ագրոքիմիական անալիզներ են արվում, որոշվում է ազդող նյութերի քանակն ու պիտանելիության աստիճանը, նաև որոշում են, թե բույսն իր զարգացման տվյալ փուլում ինչ տարրերի պակաս ունի:

Մասնագետները գնահատում են հողի ներուժը, պարարտանյութերում մատչելի տարրերի քանակությունը և բույսի ֆիզիլոգիական պահանջը, ինչը բավարարում են՝ փոփոխելով կա՛մ պարարտացման, կա՛մ ջրման ռեժիմը: Սպեկտրոմետրով որոշվում է ավելի քան 900 տեսակ բաղադրիչ: Մակրոտարրերը որոշելու համար թթվային լուծույթ են պատրաստում, միկրոտարրերը որոշելու համար՝ ջրային լուծույթ: Կշռում են հողի 100 գրամը այն 1-1.5 ժամ շարունակ 100 աստիճան ջերմությամբ չորացնելուց հետո:

Կենտրոնի բացումից հետո հետզհետե ավելի շատ ֆերմերներ են դիմում մասնագիտական օգնություն ստանալու համար: Կենտրոնին կից գործող ժամանակակից 3 ջերմոցները սեփական օրինակով ցույց են տալիս, թե ինչ արդյունք կարելի է ստանալ՝ աշխատանքները գիտական հենքով կազմակերպելու դեպքում:

 

խոսում են ֆերմերները

Ջերմոցի արդյունավետությունը մոտ 95% է, բայց առանց անալիզների հնարավոր չէ նորմալ ջերմոց պահել ու հնարավորի ընդամենը 40-50%-ը կստացվի: Եթե մարդ չգիտի` երեխային ինչ սնունդ է պետք, բժիշկն է բաժնեչափը գրում, նույնն էլ բույսի դեպքում է: Մի քիչ կոպիտ համեմատություն է՝ երեխան և բույսը, բայց այդպես է: Վեգետացիայի ընթացքում ամիսը մեկ անգամ հողի և տերևի անալիզ ենք անում: Լաբորատորիայի օգուտը զգալու համար պետք է աչքը տեսնի, խոսելով, համոզելով չէ, ու մենք դա ցույց ենք տալիս: Եթե ֆերմերն իր մաշկի վրա զգա, արդեն ինքը կպահանջի:

Վարուժան Խոդեդանյան, ֆերմեր, «Բերքառատ ջերմոց» ՍՊԸի տնօրեն

 

խոսում են ֆերմերները

Մեր ժողովուրդը տեղեկատվության պակաս ունի: Խոշոր ֆերմերները կարդալով, ուսումնասիրելով տիրապետում են գիտելիքների, իսկ փոքրերն այնքան էլ տեղեկացված չեն: Կենտրոնի դերը նաև այն է, որ անվճար խորհրդատվություն է տրամադրում: Եթե չիմանալով շատ պարարտանյութ տվեցին, բույսերը վնասվում ու ոչնչանում են: Հակառակ դեպքում էլ, երբ սնուցումը թերի է, քիչ բերք են ստանում: Այսօր գյուղացին շահագրգռված է, որ  քիչ պարարտանյութ օգտագործի, որպեսզի բերքի ինքնարժեքը ցածր լինի:

Արմեն Սիմոնյան,

Գյուղատնտես/ ֆերմեր

 

Ըստ Արմեն Գասպարյանի՝ հողի ու բույսի պահանջարկը որոշելու դեպքում պարարտանյութերն էլ ճիշտ կկիրառվեն:

  • Ուշադություն ենք դարձնում տարբեր տարրերի, հիմնականում նիտրատների ավելցուկներին, որպեսզի չառաջանան գերկուտակումներ: Դրանց հավելյալ քանակը բույսի մեջ շատ է գերագնահատվում, մինչդեռ բույսը նիտրատների շտեմարան չէ և շատ արագ դրանց վերածում է սպիտակուցների ու ածխաջրերի: Բացի այդ, ներկրվող պարարտանյութերը եվրոպական են և շատ որակյալ: Տարիներ շարունակ Հայաստանում հողերը նորմալ ֆոսֆորական և կալիումական պարարտացում չեն ստացել, ինչը բաց գրունտում բույսի վրա հստակ երևում է¦:

Հայրենի ֆերմերները կամացկամաց անցնում են նոր տեխնոլոգիաների, քանի որ հներն արդեն շահավետ չեն

Հայաստանում շահագործվում է ավելի քան 145 հեկտար ջերմատուն: Հիմնական և ժամանակավոր կառուցված, ապակեպատ և թաղանթապատ ջերմատների ու ջերմոցների ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 500 հեկտար: Այլ երկրների համեմատ սա շատ փոքր ցուցանիշ է: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում ջերմատների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 2000, Լեհաստանում` 6300, Հոլանդիայում` 10000, Թուրքիայում` 41000, Չինաստանում` 1,7 մլն հեկտար: Իսկ թե Հայաստանի ջերմատներից որքա՞նն է համապատասխանում ժամանակակից չափորոշիչներին, պարզ չէ. նման վիճակագրություն չկա: Սակայն այսօր մեր երկրում նոր կառուցվող ջերմատներից շատերը ոչնչով չեն զիջում զարգացած երկրների ջերմատներին: Ֆերմերները նշում են, որ խորհրդային ժամանակաշրջանի ջերմոցների համեմատ այսօր մեծ տարբերություն կա, օրինակ, դրանց բարձրության առումով. նախկիններն ունեին 2.3-2.8մ բարձրություն, բայց հետո ապացուցվեց, որ ինչքան ջերմոցը բարձր է, այնքան բերքատվությունն ավելանում է՝ օդի մաքրության հաշվին: Եվրոպական ջերմոցները 6մ բարձրություն ունեն:

«Հայրենի ֆերմերները կամաց-կամաց անցնում են նոր տեխնոլոգիաների, քանի որ հներն արդեն ձեռնտու չեն: Սա 135քմ տարածք ունի, իսրայելական նախագծով է,- ցույց տալով կենտրոնին կից գործող ջերմոցը` ասում է Վարուժան Խոդեդանյանը: – Սա շատ մատչելի է փոքր տնտեսություն վարող սուբյեկտների համար, որովհետև գինը շատ էժան է: Թաղանթապատ է ու հասարակ կառուցվածք ունի, արդյունքում` ինքնարժեքը ցածր է¦:

Մեծ ու միջին տնտեսությունների համար նպատակահարմար են ճակատային մասը պոլիկարբոնատե պատերով և ջերմամեկուսիչ երկշերտ թաղանթով պատված ջերմատները: Լավագույն ջերմատուն կառուցելու համար ներդրումների ծավալը կախված է ջերմատան տարածքից և չափսից: Ավելի մեծ ջերմատներն ավելի մատչելի են. օրինակ՝400քմ մակերեսով ջերմատան 1քմ-ի արժեքը մոտ 80 դոլար է, բայց նույնից 2 հեկտար մակերեսով կառուցելու դեպքում 1քմ կարժենա 65 դոլար:   Վ.Խոդեդանյանը համոզված է, որ նման ներդրումը կարելի է հետ բերել բավականին կարճ`մինչև 2 տարի  ժամանակահատվածում:

Ջերմոցի կամ ջերմատան տիպի ընտրության ժամանակ կարևոր է ջեռուցման համակարգի ճիշտ ընտրությունը, քանի որ բերքի ինքնարժեքի մոտ 80%-ը կազմում են էներգակիրները: Տարբերությունն արտադրանքի մեջ կարող է լինել 1 կիլոգրամում 70-100դրամ, բայց դա կարող է որոշիչ լինել շուկայում մրցունակության տեսանկյունից:

Ձմռան ամիսներին հանրապետություն ներկրված բանջարեղենի ինքնարժեքն ավելի ցածր է հայրենական արտադրության բանջարեղենի ինքնարժեքից, ինչի արդյունքում տեղական արտադրության բանջարեղենը ներքին շուկայում մրցունակ չէ ներկրվածի համեմատ: Պատճառը արտահանողի, օրինակ` Թուրքիայի, բարենպաստ կլիմայական պայմաններն են. այդ դեպքում էներգակիրներ չեն օգտագործվում` հակառակ Հայաստանի խստաշունչ ձմեռների, ինչի պատճառով տնտեսվարողը ստիպված է ավելի շատ ջեռուցել ջերմոցները:

«Այսօր Հայաստանում եղած ջերմատնային տնտեսությունները բավարարում են ներքին պահանջարկը: Սակայն հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)` հարկավոր է արագացված տեմպերով ավելացնել ջերմատների քանակը արդեն ԵՏՄ երկրների մեծ շուկա դուրս գալու համար:Ռուսաստանում միշտ են բարձր գնահատել հայկական միրգն ու բանջարեղենը»,- ամփոփում է «Բերքառատ ջերմոց» ՍՊԸ-ի տնօրենը:

 

Հեղինակ՝ Գայանե Խաչատրյան