Բնական աղետներից պաշտպանվելուն նվիրված հարցազրույցների և թոք-շոուների ժամանակ կարծիք են հայտնում, որ հակակարկտային ցանցը թանկ հաճույք է այգեգործի համար: Հաճախ այս կարծիքը հնչում է պաշտոնյա այրերի շուրթերից՝ տեղիք չտալով լսողին կասկածելու փաստարկի ճշմարտության մասին:  Մինչդեռ, ցանցերի կիրառման դրական փորձը արտերկրում և, մասնավորապես, Հայաստանում խոսում է այլ բանի մասին…

Կարկուտից պաշտպանվելու արդյունավետ միջոց

Գրեթե յուրաքանչյուր տարի  գյուղատնտեսական ցանքատարածությունները և բազմամյա տնկարկները տուժում են կարկուտից: Երկրագնդի վրա կլիմայի գլոբալ փոփոխության պատճառով անոմալ օդերևութաբանական երևույթները հանդիպում են ավելի հաճախ և առավել խոցելի դարձնում գյուղատնտեսական մթերքների արտադրության գործընթացը: Այս առումով կարկուտը դասվում է գյուղատնտեսությանը առավել վնաս հասցնող բնական աղետների դասին, ինչի դեմ հարկավոր է և հնարավոր է կազմակերպել արդյունավետ պայքար:

Ընդհանուր առմամբ հայտնի են կարկուտի դեմ պայքարի հետևյալ եղանակները.

  • հրետանային արկերի և հրթիռների   – արդյունավետությունը՝ 70 – 95%;
  • ինքնաթիռային – արդյունավետությունը՝ մինչև 50 %;
  • գազագեներատորային – արդյունավետությունը՝ մինչև 45 %;
  • էլեկտրաֆիզիկական – բավարար փորձարկված չէ;
  • իոնային եղանակ –լայն տարածում չունի;
  • հակակարկտային ցանցեր – արդյունավետությունը՝ մինչև 100 %:

Այս եղանակները, նրանց իրագործման տեխնոլոգիաները և տեխնիկական միջոցները մեկը մյուսից տարբերվում են բնությանը հասցրած էկոլոգիական վնասի չափերով, ակտիվ ներգործության ֆիզիկական և գիտական հիմնավորումներով, տեխնիկական միջոցների մատչելիությամբ, ծախսվող ազդանյութերի տեսակով և քանակով, ինչպես նաև արդյունավետությամբ։

Ներկայումս, նշված բոլոր մեթոդներից, Հայաստանի տարածքում կիրառվում է գազագեներատորային եղանակը, որը մեծ տարածում գտնելու պարագայում ունի մի շարք թերություններ. մեկ հակակարկտային կայանը սպասարկում է մոտ 80 հա տարածք, այն արդյունավետ է միայն ճիշտ պահին գործարկելու դեպքում, իսկ արդյունավետության առավելագույն աստիճանը կազմում է 45 %: Մինչդեռ, ներկայումս գոյություն ունեցող տեխնոլոգիաները թույլ են տալիս կարկտահարության դեմ պայքարի այս ցուցանիշը հասցնել մինչև 100 %-ի:

Զարգացած գյուղատնտեսական արտադրոթյուն ունեցող երկրներում կարկտահարությունից պաշտպանվելու լավագույն միջոց համարվում են հակակարկտային ցանցերը, որոնք դեռևս լայն տարածում չեն գտել մեր հանրապետությունում և հանդիպում են միայն փորձացուցադրական փոքր տարածքներում:

Հակակարկտային ցանցերը լինում են տարբեր տեսակի, չափի, խտության և նշանակության: Կարող են կիրառվել ինչպես ամբողջական մակերեսների, օրինակ՝ այգու, այնպես էլ առանձին շարքերի և նույնիսկ առանձին բույսերի պաշտպանության համար:

Կախված մշակաբույսերի առանձնհատկություններից և տեղանքից կարող են կիրառվել հակակարկտային ցանցերի վրանաձև, հարթ, ճկուն և այլ կառուցվածքային տիպի կոնստրուկցիաներ:

Վերջին տարիներին խաղողի այգիներում լայն տարածում է գտել հակակարկտային ցանցերի ուղղահայաց դիրքով կիրառումը, ինչը ենթադրում է ավելի երկար շահագործում, հեշտ տեղադրում և արդյունավետ պաշտպանություն: Նմանատիպ ցանցեր փորձարկվել են Հայաստանի տարբեր մարզերում և ապահովել բարձր արդյունավետություն: 2013 թվականին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (CARD)  «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի,  «Միացյալ ազգերի զարգացման ծրագրի» (UNDP) և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի» համատեղ ջանքներով նմանատիպ փորձարկում է իրականացվել նաև Մեղրիի տարածաշրջանի Ալվանք համայնքում, որտեղ ցանցապատվել է  400 ք.մ. խաղողի լարային այգի:

Հակակարկտաին ցանցերի ուղղահայաց կիրառումը հնարավոր է միայն խաղողի լարային այգիներում, քանի որ որպես հենակներ օգտագործվում են այգու հենասյուները: Այս մոտեցումը հեշտացնում և ավելի մատչելի է դարձնում ցանցի մոնտաժման աշխատանքը, ինչպես նաև ավելացնում է ցանցի օգտագործման ժամկետը:

Ցանցերն ունեն բավականին շատ առավելություներ: Նրանց կարելի է օգտագործել երկար ժամանակ և չնայած այն հանգամանքին, որ գործարանային երաշխիքը տրվում է 10 տարվա համար, գործնականում լիարժեք կարելի է կիրառել նույնիսկ մինչև 15 տարի: Ուղղահայաց ցանցերն աչքի են ընկնում մատչելի և դյուրին մոնտաժման աշխատանքներով, ինչը  չի պահանջում հատուկ մասնագիտական հմտություն: Ուղղահայաց դիրքի շնորհիվ նրանք չեն խանգարում այգում իրականացվող ագրոտեխնիկական աշխատանքներին, լինի դա էտ, շվատում, բուժման աշխատանքներ, թե բերքահավաք:

Պպտուղների մինչև 15% ստվերացման դեպքում վերջիններս ավելի լավ են պահպանվում արևի ճառագայթներից:  Ցանցը պահպանում է մրրկալից քամիներից, թռյուններից և վնասատուներից, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել բույսերին և պտուղներին:

Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ հակակարկտային ցանցերի տեղադրման համար ծախսվող գումարը միանգամայն արդարացված է և համարվում է որակյալ բարձր բերքի ստացման կայուն երաշխիք:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակակարկտային ցանցերը մեծ հետաքրքրություն են վայելում ոչ միայն գյուղատնտեսական ներդրանքներ ներկրող կազմակերպությունների, այլև տեղական արտադրողների շրջանում, վստահ կարելի է ասել, որ նման ցացները մոտ ապագայում կլինեն անհամեմատ ավելի մատչելի և մեծ տարածում կգտնեն Հայաստանի գյուղարտադրության ոլորտում:

ՑԱՆՑՈ՞Վ, ԹԵ՞ ԱՌԱՆՑ ՑԱՆՑ

Հաշվարկը կատարված է 1000 ք.մ.  ուղղահայաց ցանցապատված «Արևիկ» սորտի խաղողի այգու օրինակով: Որպես ցանցի պիտանի ժամկետ, վերցրել ենք 10 տարի երաշխիքային ժանկետը (չնայած ցանցը կարող է հաջողությամբ ծառայել մինչև 15 տարի): Փորձարկված տարում այգիներին հասցրած կարկուտի վնասի տվյալների հիման վրա այն ընդունվել է տարեկան 45%: Հակակարկտային ցանցի տնտեսական արդյունավետությունը հաշվարկելու համար դիտարկենք երեք տարբերակ՝

  1. երբ այգին պատվել է ցանցով,
  2. երբ այգին ցանցապատ չէ, իսկ կարկուտը տեղում է յուրաքանչյուր տարի,
  3. երբ այգին ցանցապատ չէ, և կարկուտը տեղում է 3 տարում 2 անգամ:

Տարբերակ 1. Այգում տեղադրված է հակակարկտային ցանց

Այս տարբերակով ֆերմերը գնում է հակակարկտային ցանց, լիովին ապահովագրելով իրեն բերքի կորստից:

 

Ցանցի գնման/տեղադրման ծախսերը.

  • հակակարկտային ցանց – 1400 մ x 360 դր/մ=504,000 դրամ;
  • ցանցի ամրացման մետաղական հենակներ – 26 կոմպլեկտ x 5000 դր/հատ = 130, 000 դր;
  • ցանցի ամրացման ցինկապատ ճոպան 800մ x 73.8 դր/մ = 59,040 դր;
  • ճոպանի ձգման հարմարանք 26 հատ x 230 դր/հատ = 5,980 դր;
  • ցանցի անցկացման աշխատանք 7 մարդ /օր x 5000դր = 35,000 դր:

Ընդհանուր ծախսը կազմում է 734,020 դրամ:

Եկամուտը խաղողի վաճառքից.

«Արևիկ» սորտի 15 տ/հա միջին բերքատվության դեպքում փորձնական 1000 ք.մ. մակերեսից ստացվում է 1.5տ խաղող, ինչը 200 դր/կգ վաճառքի գնի դեպքում կազմում է 300 000 դրամ: Հակակարկտային ցանցի շնորհիվ, 100%-ով պաշտպանված լինելով կարկուտից, բերքի կորուստ չի արձանագրվում: Եկամուտը խաղողի վաճառքից կազմում է 300 000 դրամ տարեկան

Քանի որ ցանցն ունի 10 տարի երաշխիքային ժամկետ, ունենալով տարեկան 300 000 դրամ խաղողի վաճառքից, այդ ժամանակահատվածում խաղողագործը կստանա 3 000 000 դրամ եկամուտ, որ գերազանցում է ցանցի ձեռքբերման ծախսերը ավելի քան 4 անգամ:

 

Տարբերակ 2. Առանց ցանցի՝ ամենամյա կարկտահարություն դեպքում

Կարկուտը ոչնչացնում է բերքի 45% և ֆերմերի եկամուտը 300 000 –ից նվազում է 135 000 դրամով: Այս կորցրած եկամուտը 1.8 անգամ ավելին է, քան տարեկան 73 402 դրամը, որը ֆերմերին բաժին ընկնող տարեկան  ծախսն է,  եթե 10 տարի օգտագործելու նպատակով 734,020 արժողությամբ ցանց գնի: Այսինքն՝ ցանցի գինը համարյա կրկնակի քիչ է պատճառած վնասից:

Տարբերակ 3. Առանց ցանցի՝ երբ կարկուտ է տեղում 3 տարում 2 անգամ

Վերջին տարիներն ապացուցեցին, որ այս կանխատեսումը շատ իրատեսական է: Հաշվենք, որ տարածքը կարկտահարվել է երեք տարում երկու անգամ՝ առաջին եւ երրորդ տարիներում ունենալով 45% բերքի կորուստ, իսկ երկրորդ տարում չտուժելով կարկուտից: Այս դեպքում միջին վնասը կազմում է 45% + 45% + 0% / 3 տարիների ընթացքում = 30 % տարեկան.  Այսինքն, կարկտահարվելու դեպքում  բերքի միջին կորուստը կազմում է տարեկան 30% և ֆերմերի եկամուտը նվազում է 90 000 դրամով: Այս կորցրած եկամուտը 22% ավելին է, քան այն 73 402 դրամը, որ ֆերմերի տարեկան ծախսերի բաժնեմասն է, եթե 10 տարի օգտագործելու միտումով գներ 734,020 արժողությամբ ցանց: Ստացվում է, որ այս տարբերակում ցանցի ծախսերը նույնպես ավելի քիչ են, քան բերքի վնասը:

Ինչպես նշված է խորագրում, այս հաշվարկը պարզեցված է. մեր խնդիրն է կոտրել այգեգործի մոտ ձևավորված ցանցի անմատչելիության մասին կարծրատիպը: Մենք միտումնավոր կենտրոնացել ենք հիմնական ցուցանիշների վրա և բաց ենք թողել ոչ այնքան կարևորները: Օրինակ՝  ինչպես ցույց տվեց մեր փորձը, ցանցի տեղադրումը խաղողի այգում հնարավոր է իրականացնել ավելի քիչ ծախսերով՝ օգտագործելով ավելի քիչ աշխատուժ, քան նշված է հաշվարկում: Նաև, պետք է հաշվի առնել, որ կարկուտից  վնասվում է ոչ միայն բերքը, այլև խաղողի վազը, որի վերականգնման համար ֆերմերը պետք է կատարի հավելյալ ծախս պարարտանյութի, թունաքիմիկատների և աշխատանքի տեսքով: Մյուս կողմից, հաշվարկները հիմնված են ֆերմերի եկամուտի, այլ ոչ թե շահույթի վրա, որը եկամուտի և կատարված ծախսի տարբերությունն է:

 

Հոդվածի հեղինակ` Արմեն Զաքարյան «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրի գյուղատնտեսության գծով փորձագետ