Հնուց ի վեր այծի կաթը հայտնի է իր բուժիչ հատկություններով: Մարդիկ այն համարում են կենսատու ըմպելիք, հրաշագործ միջոց, որն ի զորու է բուժելու բազմաթիվ ծանր հիվանդություններ: Ավիցենան և Հիպոկրատը կարևորում էին սննդակարգում այծի կաթի ներառումը:

Այծի կաթն ունի հաճելի համ, բավարար կալորիականություն, իսկ որոշ ցուցանիշներով գերազանցում է կովի կաթին: Այն համատեղելի է մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հետ: Ճարպերի և սպիտակուցների կառուցվածքով այն մոտ է մայրական կաթին: Այծի կաթի ճարպային գնդիկները փոքր տրամագծի շնորհիվ դյուրամարս են և չեն ծանրաբեռնում մարսողական համակարգը, ինչը շատ կարևոր է մանկական աճող օրգանիզմի և տարեց մարդկանց համար:

Այծի կաթն ունի բուժկանխարգելիչ հատկություններ և անփոխարինելի է տևական ծանր հիվանդություններից ապաքինման շրջանում: Այն արդյունավետ միջոց է մարսողական օրգանների տարբեր ախտահարումների, աթերոսկլերոզի և սրտանոթային համակարգի հիվանդությունների բուժման համար:

Այծի կաթը հատկապես անփոխարինելի է կովի կաթի սպիտակուցների նկատմամբ ալերգիայով տառապող մարդկանց համար. սպիտակուցը չի պարունակում ալֆա-1S-կազեին, ինչը բնորոշ է կովի կաթին, ուստի չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ և մարսողության խանգարում: Հիմնական կազեինային ֆրակցիան բետակազեինն է, որի շնորհիվ այծի կաթի յուրացման ընթացքում մարդու ստամոքսում ձևավորվող թանձրուկն անհամեմատ ավելի փոքր չափի է, առավել փափուկ և հեշտությամբ է քայքայվում պրոտեոլիտիկ ֆերմենտների կողմից:

Այծի կաթի շիճուկային սպիտակուցների մեծ մասը կազմում է ալֆա-լակտալբումինը, իսկ կովի կաթինը` բետալակտալբումինը: Տարբեր է նաև դրանց լիպիդային կազմը: Այծի կաթը հարուստ է գլիցերաեթերներով, որոնք շատ կարևոր են նորա­ծինների մարսողության համար:

Այծի կաթը և դրա վերամշակման արդյունքում ստացված մթերքը մեծ պահանջարկ են վայելում բնակչության շրջանում (անկախ բարձր գնից): Կովերի համեմատությամբ այծերն ավելի քիչ խնամք են պահանջում, ուստի դրանց կաթն ավելի էժան է, թեև վաճառքի գինը մի քանի անգամ բարձր է կովի կաթի համեմատությամբ: Այծի կաթի արտադրությունը տնտեսապես ավելի ձեռնտու է. դրա ինքնարժեքը գրեթե կրկնապատիկ ցածր է կովի կաթից, բայց շատ ավելի բարձր է շահութաբերությունը:

Հայաստանում այծի կաթն ավանդաբար օգտագործում են աղաջրային պանրի արտադրությունում (հիմնականում՝ կովի կամ ոչխարի կաթի հետ խառնուրդի տեսքով):

1999 թվականից Հայաստանում մեկնարկել և ԱՄՆ Գյուղդեպարտամենտի աջակցությամբ, ինչպես նաև §ԱՐԻԴ¦ այծաբուծական սպառողական կոոպերատիվի  մասնագետների մասնակցությամբ իրականացվում է §Կաթնատու այծաբուծության զարգացման ծրագիրը¦:

Այս ծրագրի շնորհիվ բարելավվել են տեղական այծերի կաթնային մթերատվությունն ու կաթի բաղադրիչների պարունակությունը: Այծաբուծական շատ տնտեսություններում, որոնցում հաջողությամբ իրականացվում են տեղական այծերի և ԱՄՆ-ից ներկրված ալպյան, զաանենյան, թոգենբուրգյան, նուբյան բարձրկաթնատու ցեղերի այծերի տրամախաչումներ, տարբեր խառնածինների հոտի միջին կաթնատվությունը լակտացիայի 150 օրերի հաշվով կազմում է 250-300 լ, իսկ նախկինում այդ ցուցանիշը կազմել է 110-130 լ:

  • ԱՐԻԴ¦ այծաբուծական սպառողական կոոպերատիվը մշտապես կապ է պահպանում երկրի այծաբույծներից շատերի հետ, տեղյակ է նրանց նվաճումներին և հիմնախնդիրներին: Կենտրոնը հնարավորինս աջակցում է նրանց. ծանոթացնում է արտասահմանյան առաջավոր փորձին, օգնում ձեռք բերելու բարձրմթերատու տոհմային այծեր, անցկացնում խորհրդատվություն տոհմային գործի կազմակերպման, այծերի արհեստական բեղմնավորման և կերարտադրության հարցերի շուրջ, ներկայացնում այծի պանրի արտադրության տեխնոլոգիաներ:

Այծաբուծության զարգացման ծրագրի նպատակն է նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով Հայաստանի գյուղատնտեսությանն աջակցել տնտեսապես հուսալի արտադրանք ստանալու, հումքը վերամշակելու և մարկետինգը զարգացնելու գործում:

  • ԱՐԻԴ¦ այծաբուծական սպառողական կոոպերատիվի այծաբուծության զարգացման ծրագրով նախատեսված հաջորդական տրամախաչումների միջոցով բարելավվում են Հայաստանում բուծվող տեղական ցեղերի գենետիկական հատկանիշները, ինչն ապահովում է բարձրակիթ ցեղատեսակների ստացումը: Արդյունքում, ֆերմերները խոտանում են ցածր կաթնատվությամբ տեղական այծերը և հոտը համալրում բարելավված կաթնատու հատկանիշներ ունեցող այծերով: Կաթի հավաքման կենտրոնները ֆերմերներից գնած կաթը վաճառում են պանրագործարաններին:

Հայաստանում կաթնային այծաբուծության զարգացման ծրագրի արդյունավետությունը նպաստեց այծի կաթի վերամշակմամբ մասնագիտացող ֆերմերային պանրագործարանների ստեղծմանը:

Հեղինակ՝ Անդրեյ Արաքսյանց