Մութ և ցուրտ օր էր Վայոց Ձորում: 1994 թվականն էր

Եղեգնաձորի շրջանի գյուղվարչության աշխատակիցները և ACDI/VOCA-ի տնօրեն Պոլ Սոմերսը Վայոց ձորի Արենի գլուղում էին:

Արենի գյուղի շրջակայքում նկատեցին մի փոքրիկ հին սեղանիկ, որի վրա պլաստմասե  շշերով վաճառքի գինի էր ցուցադրված:

Մեքենան կանգնեցրին և տաղավարի մոտ կանգնած ֆերմերի հետ սրտամոտ զրույցից հետո տնային պայմաններում պատրաստած գինի գնեցին նրանից:

Հետագայում շարունակվեցին քննարկումներըու համտեսների, գնահատման արդյունքում  եզրահանգեցին, որ գյուղում §Արենի¦ խաղողից ստացվող գինու  փոքրիկ արտադրության կազմակերպումը կարող է շահութաբեր լինել ու դառնալ օրինակելի նաև ուրիշ ներդրողների համար

Այսպես, Արենի գյուղում կյանքի կոչվեց գինու առաջին մասնավոր, ընտանեկան արտադրամասի մեկնարկի գաղափարը, որը ֆինանսավորեց և մասնագիտական աջակցություն ցուցաբերեց ԱՄՆի գյուղդեպարտամենտի մարքեթինգի աջակցության ծրագիրը: Նախաձեռնության իրականացմամբ Վայոց Ձորում սկիզբ դրվեց բազմաթիվ հաջողված ընտանեկան գինեգործական ծրագրերի և ներդրումների իրագործմանը:

Հետագա ծրագրերից մեկը, որը ԱՄՆի գյուղդեպարտամենտը նախաձեռնեց 2004 թվականի աշնանը, §Արենի գինու համազգային առաջին փառատոնն¦ էր, որի ընթացքում  կազմակերպվեց գինու համտես, արվեստների ցուցադրություն, խաղողի ճզմման արարողություն, տեղական գինիների և  մրգերի վաճառք:

Այսօր արդեն փառատոնը դարձել է ամենամյա: Բազմաթիվ հյուրեր են գալիս ամբողջ աշխարհից՝ փառատոնին մասնակցելու նպատակով: Ավելին, ընդօրինակելով Արենի գյուղի արձանագրած հաջողությունը՝ շատ համայնքներ և ֆինանսավորող կառույցներ սկսեցին նմանատիպ փառատոններ կազմակերպել

Փառատոնը նոր էջ բացեց  գյուղի  համար՝ ևս մեկ անգամ համախմբելով կենսախինդ  և աշխատասեր արենցիներին:

Նաիրա Մկրտչյան

Արևաշատ, գինեհամ Արենին պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառի հին ու նշանավոր բնակավայրերից է, ճանապարհային հանգույց և Շարուրի դաշտավայրից Վայոց ձոր մտնող կիրճը փակող ռազմական կետ: 13-րդ դարում Օրբելյան Տարսայիճ իշխանն այստեղ կառուցել է ապարանք և Արենին դարձրել §նստոց¦ բերդ՝ Եղեգիսից այստեղ փոխադրելով Սյունիքի իշխանանիստ կենտրոնը:

Պատմական Արենին գտնվել է  բլրի վրա, որտեղ մինչև օրս կանգուն է Մոմիկ ճարտարապետի կողմից 1321 թվականին սրբատաշ քարով կառուցված Սուրբ Աստվածածին վեհաշուք եկեղեցին` ներդաշնակ համաչափություններով, կենտրոնագմբեթ հորինվածքով: Մինչև 1946 թվականը գյուղն Արփա է կոչվել, իսկ 1946 թվականին ՀԽՍՀ  Գերագույն խորհրդի 10/9 հրամանագրով Արփան վերանվանվել է Արենի: Արենի անվանումը ծագել է արյուն բառից՝ §արէնի¦ արիւն բառի գրաբարի սեռական հոլովաձևն է` այստեղ աճող արնագույն խաղողի գույնից: Գյուղը հայտնի է հնավայրերով, բազմաթիվ խաչքարերով, արձանագրություններով, հոյակապ քարայրներով: Այստեղ են գտնվում նաև Մագելի և Թռչունների քարանձավները, որտեղ իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվեցին պղնձի և քարի դարի ժամանակաշրջանին պատկանող նյութական մշակույթի մնացորդներ: 2010թ.-ին հնագետները հենց այս քարանձավում հայտնաբերեցին ավելի քան 6000 տարվա պատմութուն ունեցող կոշիկը, կնոջ հագուստը և գինու հնձանը:

Արենին հայտնի է իր պատմական ժառանգությամբ, գեղատեսիլ բնությամբ և հատկապես խաղողագործության և գինեգործության հազարամյա ավանդույթներով, նյութական և ոչ նյութական մշակութային արժեքներով, իր հյուրընկալ մարդկանցով:

Արենիում, որն ունի մոտ 2000 բնակիչ և տարածաշրջանում ու արտերկրում առավել ճանաչված է որպես գինեգործության ավանդույթներով հարուստ համայնք, կլիմայական պայմանները կատարյալ են խաղող մշակելու համար: Գինին այս եզերքի ինքնության, մշակույթի, նրա բնակիչների կենցաղի անբաժանելի մասն է կազմել դարեր շարունակ: Պատահական չէ, որ Արենին համարվում է հայկական ամենահամեղ գինու օրրանը: Արենցու տանը մինչև ամառ թանկագին հյուրի կամ լավ առիթի համար պահված գինի կա:  Խոսք կա, թե դեռևս 1321 թ.-ին հռչակավոր Մոմիկ ճարտարապետի կողմից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ միասին մի բան միայն դիմացավ ամայացած երկրում՝ խաղողի ամենադիմացկուն տեսակը՝ §Արենին¦: Կարելի է ասել, որ այն Արենի գյուղի այցեքարտն է:

Արևմտյան Հայաստանում և ՀՀ հնավայրերում հայտնաբերված ածխացած կորիզները, ինչպես նաև Արենիի հնագիտական հայտնագործությունները վկայում են այս տարածաշրջանում զարգացած գինեգործության մասին: Գյուղում աճեցվող արևահամ խաղողի տեսակներից առավել հայտնին §Արենի¦ տեսակի խաղողն է, որից ծնունդ է առնում համանուն գինին, տարեկան ավելի քան 300 տոննա, և իրացվում ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:

Գյուղապետարանի տվյալները վկայում են, որ խորհրդային տարիներին Արենիի խաղողի առատ բերքը մթերում էր Գետափի գինու գործարանը, որը միակն էր այս շրջանում: Արենցիները տարեկան մոտ 450 տոննա խաղող էին հանձնում գործարանին: Այսօր Արենիում գործում է գինու չորս գործարան: Դրանցից մեկը §Արենիի գինու գործարանն» է, որին կից գործում է համտեսի սրահը, ուր հյուրերը կարող են համտեսել գինու տարբեր տեսակներ, հաղորդակցվել գինեգործության հինավուրց ավանդույթներին, պատմությանը: Թեև գործարանների հիմնումը խթանեց գյուղում ժամանակակից գինեգործության զարգացմանը, սակայն գյուղի բնակիչները դեռևս նախընտրում են սեփական այգու խաղողից տնային պայմաններում գինի պատրաստել: Շահավետ է: Գործարանները խաղողը մթերում են ցածր գնով, և գյուղացին խաղողը մթերելու այլընտրանքային ճանապարհ է փնտրում: Արդյունքում, գինին վաճառվում է գինու համար չնախատեսված, պլաստմասե  տարաներով: Այս հանգամանքը մեկն է այն խնդիրներից, որը կարող է վտանգել շրջանում զբոսաշրջության զարգացումը:

Չնայած այս ամենին՝ այսօր գինեգործության բնագավառում համայնքը մրցակցում է մարզի, հանրապետության և տարածաշրջանի այլ համայնքների հետ: Մրցակցության մեջ հաջողությունների ձեռքբերումը հնարավոր է խաղողագործության, խաղողի մթերման, գինու արտադրության, փաթեթավորման, արտադրանքի իրացման գործընթացի ճիշտ պլանավորման և իրականացման պարագայում: Խրախուսվում է նաև այլընտրանքային նորարարական մեխանիզմների կիրառումը:

Արենի գյուղը հայտնի է իր հյուրընկալ և աշխատասեր բնակիչներով: Համայնքի զարգացման գերակա ուղղություններից մեկը պտղաբուծությունն է, որի շնորհիվ համայնքում համեմատաբար  բարձր է բնակչության զբաղվածությունը: Սա նպաստում է արտագաղթի կանխմանը: Արենիի բնակիչները ամուր կառչած են իրենց հողին: Շատ քիչ են այն ընտանիքները, որոնք ընդմիշտ հեռանում են գյուղից: Այդ մասին են վկայում արտագաղթի վերաբերյալ տվյալները: 10 տարվա ընթացքում Արենիում արտագաղթը աճել է ընդամենը 1%-ով: Սոցիալական պայմաններից դրդված՝ այսօր այդ 1%-ը մեկնում է արտերկիր աշխատելու, սակայն աշնանը վերադառնում է գյուղ:

Արենին ունի ևս մեկ հետաքրքիր առանձնահատկություն: Գյուղում դեռևս հնարավոր է գտնել բնիկ արենցիների շառավիղները, ովքեր շարունակում են ապրել և արարել իրենց պապերի հողում: Այս հողին արենցիներին կապում է Արենիի խորհրդանիշ Մեծ սարը, որն իր խոյանքով ասես գյուղի պաշտպանը լինի: Բնակիչները պնդում են, թե արտերկրում ամենից շատ հենց այս սարն են կարոտում:

Արենիի բնակիչներն ունեն իրենց բնավորության յուրահատուկ գծերը, որոնք արմատավորվել են դարերի ընթացքում: Չկա գեթ մեկ արենցի, որ չսիրի հողը: Հարևան գյուղացիները կատակում են, թե վաղ գարնանից արենցիների դուռ ու լուսամուտը բաց են, բայց տանը ոչ ոք չկա. բոլորը հողամասում են: Արենցիներն իսկապես  շատ աշխատասեր են: Ըստ գյուղապետարանի տվյալների՝ խորհրդային տարիներին գյուղը աշխատանքային 11 հերոս է ունեցել, ովքեր պատերազմի ժամանակ աշխատել են Արենիի ծխախոտի դաշտերում: Ծխախոտի բարձր բերք ստանալու համար նրանց շնորհվել է սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում:

Արենցիները կյանքի առաջադեմ հայացքների կրողներ են: Ցանկացած նորարարություն գյուղում ընդունվում է մեծ պատրաստակամությամբ: Նրանք պատրաստ են գյուղի առաջադիմությանն ու զարգացմանն ուղղված ցանկացած գործի իրենց աջակցությունը ցուցաբերել: Դրա ապացույցը գինու ամենամյա փառատոնի կազմակերպումն է: Լինելով առաջինը իր տեսակի մեջ՝ Հայաստանում այն իհարկե իրականանում է հովանավորների ու պատրաստակամ անձանց աջակցությամբ,  սակայն,  եթե չլինեին գյուղացիների խանդավառությունն ու գյուղի հանդեպ մեծ սերը, դժվար թե փառատոնն այդպիսի շուքով իրականանար:

Գինուն նվիրված ծիսական ավանդույթներն ու քրիստոնեական տոնակատարությունները գինեգործության բնօրրան Արենիում նորովի հնչեղություն են ստացել: Յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին այստեղ կազմակերպվող գինու և բերքի փառատոնին համայնքի բնակչությունը ներկայացնում և իրացնում է սեփական աշխատանքի պտուղները: Փառատոնը մեծ հնարավորություն է ընձեռում բացահայտելու Հայաստան աշխարհի մի ուրույն անկյունը. տոնակատարությունն ուղեկցվում է ազգային երգ ու պարով, ավանդական կերակրատեսակների ցուցահանդես-վաճառքով: Յուրաքանչյուր ոք, ով նույնիսկ մեկ անգամ մասնակցում է Արենիի գինու փառատոնին, տպավորվում է, ծանոթանում  հայոց ծիսակարգերին: Փառատոնը հնարավորություն է ընձեռում բնակիչներին ոչ միայն ցուցադրելու սեփական այգու բարիքները, այլև տեղում իրացնելու դրանք: Փառատոնն ընդլայնվելու հնարավորություն ունի, քանի որ տարեցտարի մեծանում է թե՛ դրա նկատմամբ հետաքրքրությունը, թե՛ տոնախմբության մասնակիցների թիվը:

Արենի գյուղը հայտնի է նաև սպորտի բնագավառում ձեռք բերած հաջողություններով: 2010 թվականին §Լավագույն գյուղական մարզական համայնք¦ հանրապետական ստուգատեսում համայնքը գրավեց պատվավոր 3-րդ տեղը: Գյուղում կառուցվել է մարզադահլիճ, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս մարզվելու, պատրաստվելու այս կամ այն մարզական միջոցառմանը:

Մեծ է նաև Արենիի միջնակարգ դպրոցի դերը, որը հայտնի է իր ձեռքբերումներով. ուսուցչական անձնակազմի և աշակերտների եռանդի շնորհիվ 2009 թվականին §Հայ ասպետ¦ մրցույթում դպրոցը զբաղեցրեց պատվավոր երկրորդ հորիզոնականը, 2012-13 թվականներին Հանրապետական դպրոցական ռազմամարզական խաղերում՝ առաջին տեղը, 2010 թ.-ին՝ Կոկա-կոլայի գավաթի մանկապատանեկան ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում՝ առաջին տեղը:

Փաստորեն, Արենին այն համայնքն է, որը ոչ միայն խոսքով, այլև գործով է ապացուցել համայնքի զարգացման իր հնարավորությունները: Այժմ  մշակվում է ռազմավարություն, ըստ որի Արենին պետք է ավելի մեծ թափով զարգանա որպես գինեգործության ազգային ավանդույթների պահպանման և զարգացման  կենտրոն, պատմական, մշակութային և բնական միջավայրի յուրահատուկ մի բնակավայր, ուր  տարվա բոլոր եղանակներին ակտիվորեն պիտի գործի էկո և արկածային զբոսաշրջությունը: Այս ամենը կարող է համայնքի բնակչության համար եկամտի հավելյալ աղբյուր ծառայել, ավելի  բարելավել համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը: Գյուղի զարգացման այս ռազմավարության իրականացման հաջողությունն առաջին հերթին պայմանավորված է համայնքի ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև սերտ և արդյունավետ համագործակցությամբ:

Հեղինակ՝ Անի Ասատրյան