Գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցումը ծածկած գրունտի պայմաններում ունի բավականին հին պատմություն և կիրառվել է հնագույն ժամանակներում: Համաձայն պատմաբանների հիշատակումների՝ ծածկի տակ գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման առաջին փորձերն արվել են հին Հռոմում դեռևս առաջին և երկրորդ դարերում: Ավելի ուշ՝ 13-րդ դարում, Եվրոպայում ջերմատներն օգտագործվում էին արևելյան երկրներից ներկրվող էկզոտիկ բույսեր, բանջարեղեն և հատապտուղ աճեցնելու համար: Սրանք կոչվում էին §բուսաբանական այգիներ¦: Շուտով այս ջերմատները մեծ ճանաչում ստացան Նիդերլանդներում և Անգլիայում:

Առաջին ժամանակակից ջերմատների մասին գրառումներն արձանագրվել են 1800-ական թվականներին, կրկին Նիդերլանդներում: Սա ջերմոցների ոսկե դարաշրջանն էր: Դրանք հիմնականում նախատեսված էին արևադարձային դեղաբույսեր աճեցնելու համար:

Աշխարհում ջերմատների լայնածավալ կիրառումը սկսվել է 1960-ական թվականներին, երբ առավել հասանելի դարձան պոլիէթիլենային թաղանթները: Այսօր ջերմատնային տնտեսությունները զբաղեցնում են հսկայական տարածքներ և համարվում են գյուղատնտեսական արտադրության ամենազարգացող ճյուղերից մեկը:

Մեր օրերում փակ գրունտն առավել հաճախ օգտագործվում է բանջարեղեն, ծաղիկներ և հատապտուղներ աճեցնելու համար և նվազեցնում է մթերքի արտադրության կախվածությունը բնակլիմայական պայմաններից:

Վերջին տասնամյակի ընթացքում կլիմայի կտրուկ փոփոխությունն ամբողջ աշխարհում մասնագետներին ստիպում է նորովի դիտարկել գյուղատնտեսական արտադրության հիմնախնդիրները և պայքարել նորագույն մոտեցումներ ցուցաբերել բնակլիմայական այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են կարկուտը, ջերմաստիճանային կտրուկ տատանումները, երաշտը, քամիները և այլն: Այս տեսանկյունից փակ գրունտի կիրառումը գյուղատնտեսական մթերքների արտադրության համար բավական հեռանկարային է:

Մի շարք երկրներում ջերմատները լայնորեն օգտագործում են այնպիսի պտղատեսակների մշակության համար, որոնք նախկինում մշակվել են միայն բաց գրունտում: Մասնավորապես մշակվում են վաղահաս մրգեր, ինչպիսիք են կեռասը, ծիրանը, դեղձը, թուզը, խաղողը և այլն: Դրանք բարձր գին ունեն շուկայում:

Այս առումով համաշխարհային առաջատարը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն է, որտեղ ջերմատնային տնտեսությունների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2.7 մլն հա, իսկ 2011 թվականի տվյալներով մրգերի արտադրությունը ծածկած գրունտի պայմաններում կազմում էր 80 000 հա:

Փակ գրունտի պայմաններում համաշխարհային պտղաբուծության զարգացումը սկսել է 1980-ական թվականներից և լայն տարածում գտել 1990-ական թվականների վերջին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Փակ գրունտի մեթոդը հիմնականում կիրառվում է հետևյալ տեխնոլոգիայով՝

  • արագացված արտադրություն
  • դանդաղեցված արտադրություն
  • տանիք (պաշտպանություն անձրևից և կարկուտից)

Արագացված արտադրության ժամանակ ջերմատունը ծածկվում է պոլիմերային թաղանթով և բացվում այնպես, որ բույսերի ծաղկումն ու բերքի հասունացումը, կախված պտղատեսակից, արագանա 30-90 օրով: Օրինակ՝ եթե բաց գրունտի պայմաններում նեկտարենին ծաղկում է ապրիլի վերջին, իսկ բերքը հասունանում է հունիս, հուլիս ամիսներին, ապա փակ գրունտի պայմաններում ծառերը ծաղկում են դեկտեմբերի վերջին, իսկ պտուղները՝ հասունանում ապրիլի սկզբին: Խաղողի պարագայում ծաղկումը տեղի է ունենում մայիսին, իսկ պտուղների հասունացումը՝ օգոստոսին: Փակ գրունտի պայմաններում ժամկետները կրճատվում են, համապատասխանաբար՝ փետրվարի երկրորդ տասնօրյակին և ապրիլի վերջին:

Դանդաղեցված արտադրության դեպքում ջերմատունը ծածկվում է բոլորովին այլ ժամկետներում: Հովացնող համակարգերի կիրառման արդյունքում հնարավոր է լինում հետաձգել բույսերի ծաղկման և բերքատվության պրոցեսները, ինչի շնորհիվ բերքը ստացվում է ավանդական ժամկետներից ավելի ուշ, երբ շուկայում տվյալ ապրանքը ունենում է ավելի բարձր գին: Քանի որ խախողի վազը առավել լավ է հարմարվում դանդաղեցված արտադրության տեխնոլոգիային, այս տարբերակը հիմնականում կիրառվում է հենց խաղողագործության բնագավառում:

Տանիքը իրենից ներկայացնում է պոլիմերային որևէ թաղանթով պարզագույն ծածկ, որը պաշտպանում է ծառերը անձրևից և կարկուտից: Այս տեխնոլոգիան հիմնականում կիրառվում է օդի բարձր հարաբերական խոնավություն և հաճախակի տեղումներ ունեցող պետություններում:

Պտղաբուծությունը ծածկած գրունտում ունի նաև բնապահպանական նշանակություն: Ջերմատներում ծառերը ավելի քիչ են ենթարկվում վնասակար միջատների և հիվանդությունների ազդեցությանը, ինչը բերում է բուժումների թվաքանակի նվազեցման:

Չինաստանում մի շարք մշակաբույսերի համար ծածկած գրունտի պայմաններում մշակությունը լավ ուսումնասիրված և դրված է ամուր հիմքերի վրա: Այդ մշակաբույսերից են խաղողը, դեղձը, հատապտուղներից՝ ելակը: Այլ պտղատեսակների համար արտադրության տեխնոլոգիան դեռ գտնվում է հետազոտման փուլում և կարիք ունի բարելավման:

Փակ գրունտում պտղաբուծության հիմնական առանձնահատկությունները

Ջերմատների կառուցվածքային առանձնահատկությունները

Համեմատած բանջարաբուծության ոլորտի հետ՝ պտղատու ծառերի աճեցումը ջերմատներում ենթադրում է տեխնիկական այլ պահանջներ՝ մասնավորապես ջերմատան ընդհանուր բարձրության և տանիքի կորության հարցում: Ինչպես հայտնում է Չինաստանի Շանդոնգ նահանգի ֆերմեր Յու Ցզին, 1980-ական թվականներին Չինաստանում շահագործվում էին 4,5մ բարձրությամբ ծառերի աճեցման համար նախատեսված ջերմատներ: Այսօր ամենատարածված ջերմատները ունեն 6 մ բարձրություն: Նոր սերնդի ջերմատների տանիքի բարձրությունը արդեն կազմում է 8մ: Այսպիսի ջերմատների հիմնական առանձնահատկությունը տանիքի թույլ կորացող կառուցվածքն է, որտեղ տանիքի կողային հատվածների բարձրությունը շատ չի տարբերվում միջնամասի բարձրությունից:

Պատով ջերմատներ

Գոյություն ունեն տարբեր տիպի ջերմատներ: Պարզագույն կառուցվածքով տարբերակը, որը մեծ տարածում ունի Չինաստանի հյուսիսային շրջաններում, մեկ կողմից փակված է պատով, իսկ դիմային մասով ուղղված է դեպի հարավ: Այս կառուցվածքը և դիրքադրումը հնարավորություն է տալիս առավելագույնս օգտագործել արևի ճառագայթները: Ջերմատան հետին պատը ոչ միայն ամրություն է հաղորդում կառույցին, այլև պաշտպանում է ձմռան խիստ ցրտերից: Նման ջերմատները, որոնք աչքի չեն ընկնում իրենց մեծ չափսերով, հիմնականում օգտագործում են ցածրաճ ծառատեսակներ  աճեցնելու համար: Այդ ջերմատները սովորաբար ունենում են 4-4,5մ բարձրություն և 6-8մ լայնություն: Պատով ջերմատներում ջեռուցման համակարգեր սովորաբար չեն կիրառվում: Խիստ ցրտերից պաշտպանելու համար ջերմատան պոլիէթիլենային տանիքը ծածկվում է նաև ծղոտի շերտով կամ հատուկ գործվածքով: Վերջին տարիներին օգտագործում են նաև արհեստական գործվածքներ, որոնք ջրակայուն են և հեշտ գործածելի:

Բարձր ջերմատներ

Ի տարբերություն պատով ջերմատների՝ բարձր ջերմատները չունեն պատեր, ինչը ավելացնում է կառույցի լուսավորությունը և ջերմության կլանումը (նկար 2): Ջերմատների ջերմամեկուսացումը ապահովելու պարագայում կարելի է կրճատել պտուղների հասունացման ժամկետները մինչև 30 օր:

Որոշ երկրներում փայտը կամ բամբուկը փոխարինում են մետաղական կոնստրուկցիաներին, ինչը նվազեցնում է ջերմատան կառուցման համար ներդրումների քանակը:

Տեսակների և սորտերի ճիշտ ընտրությունը

Փորձը ցույց է տալիս, որ պտղատու ծառերի ոչ բոլոր տեսակները /սորտերը/ կարող են ադապտացվել, աճել ու պտղաբերել փակ գրունտի պայմաններում: Հետևաբար համապատասխան սորտերի ընտրությունը առաջնահերթ և կարևորագույն խնդիր է: Սորտերի ընտրության ընթացքում հաշվի են առնում հետևյալ առանձնահատկությունները.

  • հարկավոր է ընտրել հնարավորին չափ վաղահաս սորտեր,
  • ընտրել ինքնափոշոտվող տեսակներ, որոնք աչքի կընկնեն ծաղկափոշու առատ պաշարով,
  • վերցնել գերթզուկ, թզուկ և, հազվադեպ, միջին աճ ապահովող պատվաստակալների վրա պատվաստված տնկիներ:

Արտադրության ընթացքում ծագող հիմնական խնդիրները

Գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են ներկայացված տեխնոլոգիայի արագ զարգացմանը և տարածմանը: Մասնավորապես՝ փակ գրունտի պայմաններում աճեցված մրգերը աչքի են ընկնում շաքարների սակավ պարունակությամբ: Որպես կանոն այդպիսի մրգերը զիջում են նաև համային հատկանիշով և պտուղների գունավորությամբ: Սակայն քանի որ ջերմատնային տնտեսություններում արտադրվող մրգերի հասունացման ժամանակ շուկայում պահանջարկը գերակշռում է առաջարկին, նշված թերությունները մթերքի սպառման վրա բացասական ազդեցություն չեն ունենում: Փակ գրունտում պտղաբուծության զարգացման և ջերմատնային տնտեսությունների մակերեսների կտրուկ աճի պարագայում պտուղների ապրանքային տեսքը և համային հատկանիշները որոշիչ կլինեն: Այդ իսկ պատճառով զարգացած երկրներում սելեկցիոն աշխատանքներ են իրականացվում նոր սորտերի ստեղծման ուղղությամբ, որոնք փակ գրունտի պայմաններում կապահովեն բարձր որակական հատկանիշներով աչքի ընկնող արտադրանք:

Փակ գրունտի պայմաններում որոշ մշակաբույսերի դեպքում նկատվում է պտղաբերման պարբերականություն, երբ ծառը մի տարի բերք է տալիս, իսկ հաջորդ տարի՝ հանգստանում: Սա առավել նկատելի է խաղողի մշակության ժամանակ: Ծիրանի, դեղձի և սալորի պարագայում ավելի քիչ է նկատվում: Ծառի գագաթային ճյուղերը պտուղ հիմնականում չեն գոյացնում: Իսկ կեռասը պտղաբերման պարբերականություն գրեթե չի ունենում, սակայն երբեմն նկատվում է տերևների վաղաժամ ծերացում և տերևաթափ (օգոստոսի վերջին կամ սեպտեմբերին), ինչի արդյունքում ծառի նոր բողբոջների հիմնադրման գործընթացն ավելի շուտ է սկսվում:

Ջերմատնային պայմաններում պտղատու ծառերի մշակության արդյունքում առավել քանակությամբ բերք ստանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել ծառերի փոշոտման առանձնահատկությունները: Խաչաձև փոշոտվող տեսակների և սորտերի մշակության դեպքում տնկման ժամանակ պետք է ապահովել փոշոտիչ սորտերի առկայությունը: Սովորաբար զանգվածային և համաչափ փոշոտման համար կիրառվում են հատուկ իշամեղուներ, որոնք ապահովում են փոշոտման գործընթացը նույնիսկ հարաբերական ցածր ջերմաստիճանի և ամպամած օրվա պայմաններում: Սովորաբար իշամեղուները վաճառվում են հատուկ ստվարաթղթե փեթակներով, որոնք տեղադրվում են ջերմատան ներսում: Իշամեղուները ունեն կյանքի շատ կարճ տևողություն: Փոշոտման գործընթացից հետո վերջիններս մահանում են: Քանի որ համեմատած բաց գրունտի պայմանների հետ ջերմատան ներսում լույսը պակաս է լինում 30-40%-ով, պտուղների գույնը և որակը բարելավելու նպատակով ջերմատան հատակը ծածկում են լույսը անդրադարձնող պոլիմերային թաղանթով՝ պատված փայլուն (արծաթագույն) մակերեսով:

Չնայած թվարկված բոլոր դժվարություններին՝ փակ գրունտի պայմաններում պտղաբուծությունը համարվում է հեռանկարային և խիստ եկամտաբեր ուղղություն: Այն սպառողին առաջարկում է թարմ միրգ և հատապտուղ ամբողջ տարվա ընթացքում, միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում կտրուկ նվազեցնել բնակլիմայական անբարենպաստ պայմանների ազդեցությունը արտադրության գործընթացի վրա:

Պտղատու ծառերի մշակությունը փակ գրունտի պայմաններում արդեն հասանելի Է Հայատանում

Ծածկած գրունտը Հայաստանի Հանրապետությունում հիմնականում օգտագործվում է բանջարեղեն, որոշ հատապտուղներ և ծաղիկներ աճեցնելու նպատակով: Բացառիկ դեպքերում ջերմատներն օգտագործվում են մերձարևադարձային դեկորատիվ և պտղատու ծառատեսակների կամ թփերի աճեցման համար: Պտղատուներից հիմնականում մշակվում են կիտրոն, նարինջ և այլ էկզոտիկ ծառատեսակներ, որոնց աճեցումը սիրողական բնույթ է կրում և արտադրական նշանակություն չունի:

2015 թվականին §CARD¦ հիմնադրամը §Շուկաներ Մեղրիի համար¦ ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ներդրեց փակ գրունտի պայմաններում կեռասի արտադրության տեխնոլոգիան: Ծրագրում կիրառվող պոլիմերային ծածկով ջերմատները և ցածրաճ §թզուկային¦ տնկիները թույլ են տալիս փակ գրունտի պայմաններում պտղաբուծության զարգացումը դնել արտադրական լուրջ հիմքերի վրա:

Ստեղծվել են փորձացուցադրական երկու ջերմատուն ֆերմերներ Անդրանիկ Մարտիրոսյանի և Վազգեն Բալասանյանի տնտեսություններում, որտեղ տնկվել են վաղահաս կեռասի համապատասխանաբար 125 և 65 տնկիներ: Ներկայացված տեխնոլոգիան թույլ կտա կեռասի բերք ստանալ վաղ գարնանը՝ մարտի երրորդ տասնօրյակում և վաճառել այն առավելագույն բարձր գնով: Արտադրական բերքի անցնելուց հետո յուրաքանչյուր ծառից 10 կգ արտադրողականության պարագայում կարելի է համապատասխանաբար ստանալ 1250 և 650 կգ կեռասի բերք ընդամենը 234 և 135 մ2 մակերես ունեցող ջերմատներից:

Այս տեխնոլոգիան թույլ կտա լավագույն կերպով օգտագործել սահմանափակ հողային ռեսուրսները և միավոր մակերեսից ստանալ մեծ եկամուտ՝ առավելագույնս ապահովագրելով բերքը ձմեռային և վաղ գարնանաին ցրտահարություններից, ինչպես նաև կարկուտից:

 

Հեղինակ՝ Արմեն Զաքարյան՝ §Շուկաներ Մեղրիի համար¦ ծրագրի գյուղատնտեսության գծով փորձագետ