Օրգանական պարարտանյութերը ոչ միայն բարձրացնում են հողի որակը եւ բույսերի դիմացկունությունը, այլև ապահովում են էկոլոգիապես անվտանգ և մաքուր բերք

«Պարարտանյութ տերմինն ակտիվորեն սկսել է օգտագործվել XIX դարի կեսերից, երբ գերմանացի հանրահայտ քիմիկոս Յուստուս Լիբիխն առաջարկեց պարարտացնել հողը անօրգանական աղերով: Այնուամենայնիվ պարարտացում բառի իմաստն էլ ավելի ընկալելի դարձավ XX դարի ռուս մեծ գիտնական Դ.Ն. Պրյանիշնիկովի կողմից առաջարկված §հողբարելավիչ¦ տերմինի ներմուծմամբ¦

 

Կենսահումուսի արտադրությունը Հայաստանի Հանրապետությունում ունի առնվազն քառորդ դարի պատմություն: 90-ականներին ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի մի խումբ կենսաբաններ, անձրևաորդից և կալիֆորնիական որդից հայկական հիբրիդ ստացան, իսկ երիտասարդ գործարար Արմեն Պողոսյանը կարճ ժամանակում կազմակերպեց դրա բազմացումը ինչպես նաև կենսահումուսի լայնամաշտաբ արտադրությունն ու արտահանումը Միացյալ Արաբական Էմիրություններ: Դժբախտ պատահարն ընդհատեց նրա աննախադեպ նախաձեռնությունը, սակայն մեկ ուրիշ նվիրյալի` նշանավոր այգեգործ և մեղվաբույծ, պոլիտեխնիկավարտ Վանիկ Ստեփանյանի շնորհիվ 95 թվականին այն նոր թափ առավ. այժմ վերջինս իր որդու` Գևորգ Ստեփանյանի, հետ համատեղ իրականացնում է լայնամաշտաբ արտադրություն՝ հանրապետության տարբեր մարզերին մատակարարելով, երկրից արտահանելով որդեր և կենսահումուս: 1993 թվականից գյուղատնտեսության բնագավառում խորհրդատվություն մատուցող Ագրոգիտասփյուռ պետական ձեռնարկությունը 1995 թվականից սկսեց հանրապետության համայնքներում հիմնել կենսահումուսի արտադրման և մատակարարման կետեր, տրամադրել անվճար որդեր, խորհրդատվություն և տեղեկատվական թերթիկներ՝ հավատացած լինելով, որ գյուղացու համար ավելի նպատակահարմար է, ինքնուրույն բազմացնել որդերը, քան կենսահումուս գնել: Իսկ 1998 թվականին ակադեմիկոս Վ.Ա.Ավագյանի և կենսաբանական գիտությունների թեկնածու Վարդան Հայկազյանի կողմից հրատարակվեց որդերի բազմացման, կենսահումուսի ստացման և նրա կիրառման առանձնահատկություների վերաբերյալ գրքույկ, որը դարձավ իր տեսակի մեջ հազվագյուտ բիբլիոգրաֆական ձեռնարկ:

Վ.Ավագյանը մինչև իր կյանքի ավարտը տարբեր պայմաններում կենսահումուսի կիրառման գիտական փորձեր էր իրականացնում, որոնք հավասարապես արժեքավոր էին թե՛ բերրիության, թե՛ շրջապատի պահպանման տեսանկյունից:

Ինչպես է լինում, որ կենսահումուսը, որն ընդամենը մի քանի տոկոս ազոտ, ֆոսֆոր և կալիում է պարունակում, կարողանում է բերքի շոշափելի հավելում ապահովել: Բանն այն է, որ կենսահումուսը ոչ այդքան սննդանյութերի շտեմարան է, որքան մշտապես սննդատարրերով ապահովող էակների աղբյուր, որի համար այժմ §պարարտանյութ¦ և §հողի բարելավիչ¦ տերմինների հետ համահավասար առաջավոր միջազգային գրականությունում հանդիպում ենք նաև §հողի բնակեցում¦ հասկացությունը:

Վարդան Հայկազյան

Կենսաբանական գիտությունների թեկնածու

Պարարտանյութերի մոգական ազդեցությունը

Մարդը, որ մեր մոլորակի  էկոլոգիական համակարգի շղթայի օղակներից մեկն է, իր գործունեությամբ ազդում է շրջակա միջավայրի վրա, շատ հաճախ՝ բացասաբար: Ողջ կյանքի ընթացքում, օգտագործելով և սպառելով տարբեր նյութեր` սնունդ, պլաստմասե շշեր, պոլիեթիլենային տոպրակներ հանքային պարարտանյութեր, մենք թափոնների գոյացման պատճառ ենք դառնում:  Հարկավոր է հնարավորինս նվազեցնել արհեստածին ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և փորձել անթափոն դարձնել մեր կյանքը՝ վերստին շրջանառության մեջ դնելով առաջացած թափոնները:

Այս գաղափարախոսությամբ է առաջնորդվում հայ-նորվեգական «ՕՌՎԱԿՕ» ընկերությունը, որը 2011թ.-ից սկսած զբաղվում է օրգանական թափոնների վերամշակմամբ` փոխակերպելով դրանք արժեքավոր օրգանական պարարտանյութերի:

Հայ հողագործները հիմնականում օգտագործում են հանքային պարարտանյութեր: Սակայն ոչ բոլոր երկրագործներն են դրանք գործածում գրագիտորեն: Հանքային պարարտանյութերի մեծ չափաբաժիններով կիրառումը կարող է հանգեցնել հողի բերրիության անկման, հողի, ջրի, օդի, սննդամթերքի՝ նիտրատներով, ծանր մետաղներով աղտոտման, որոնք ի վերջո մարդկանց մոտ կարող են քաղցկեղածին հիվանդություններ և մահ առաջացնել:

Թեև այսօր անհնար է պատկերացնել գյուղատնտեսությունն առանց պարարտանյութերի օգտագործման, ՕՌՎԱԿՕ ընկերությունն առաջարկում է այլընտրանք` օրգանական պարարտանյութերի տեսքով, որը չի թողնում որևէ բացասական հետևանք թե՛ հողի և թե՛ բույսերի վրա: Հակառակը, բարձրացնում է հողի բերրիությունը, վերացնում աղակալումը և ալկալիացումը և այլն:

Այսօր գյուղացիներն իրականացնում են միակողմանի ազոտական պարարտացում: Նրանցից շատերը պարարտանյութ ասելով պատկերացնում են միայն սելիտրան՝ ազոտական պարարտանյութը: Սա քիմիական ճանապարհով ազոտի ներմուծումն է հողի մեջ, որը շատ մեծ նշանակություն ունի բույսի աճի և զարգացման գործում: Սակայն միայն սելիտրայի գործածումը դեռևս բավարար չէ, քանի որ այն հողն ու բույսը հարստացնում է միայն ազոտով։ Փոխարենը կարելի է ընտրել օրգանական թափոններից ստացված կենսահումուս կամ այլ պարարտանյութեր, որոնք ոչ միայն պարարտացնում, այլև կենդանացնում են հողը՝ դրան տալով մակրո և միկրո-տարրեր, որոնք անհրաժեշտ են բույսի նորմալ աճի և զարգացման համար:

Իսկ եթե ակնկալում եք մեծ շահույթ ստանալ, ապա պետք չէ արհեստականորեն ավելացնել սելիտրայի չափաբաժինը: Սա հանգեցնում է գյուղմթերքներում նիտրատների կուտակման, ինչը, ի դեպ, քաղցկեղածին է։

փաստեր

  • ՕՌՎԱԿՕ¦ ՓԲԸ-ն (www.orwaco.am) §Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի¦ ՀԿ-ի հետ համատեղ կատարել է ուսումնասիրություն և պարզել, որ եղել են դեպքեր, երբ, օրինակ, ձմերուկում նիտրատների քանակը հասել է մինչև 300 մգ/կգ-ի, մինչդեռ սահմանային թույլատրելի խտությունը 60 մգ/կգ է: Սակայն սելիտրան կարելի է փոխարինել կենսահումուսով, որը մինչև 15 օր կարող է կրճատել վեգետացիայի տևողությունը: Արդյունքում գյուղացին իր բերքը շուկա կարող է մտցնել 15 օր շուտ` ունենալով ավելի մեծ շահույթ, միևնույն ժամանակ չվնասելով հողը, բույսը և, իհարկե, մարդուն:

Փորձերը կատարել են տարբեր մարզերում, տարբեր մշակաբույսերի վրա: Հայկանուշ Ենոքյանը կենսահումուսը փորձարկել է պոմիդորի վրա եւ նկատել, որ նախկինում բույսերը փոքր էին ու աճում էին շատ դանդաղ,  սակայն, կենսահումուսն օգտագործելուց հետո առատ աճ նկատվեց, բույսերն ավելի արագ սկսեցին հասունանալ: Եթե արդյունքում հանքային պարարտանյութերի հետ համեմատելիս տարբերություն չկա, ապա գերադասելի են օրգանական պարարտանյութերը, քանի որ սրանք քիմիա չեն պարունակում: §Իսկ մենք ինչ ստեղծում ենք, մարդու համար ենք ստեղծում ու չենք ուզում վնաս հասցնել նրան: Բացի այդ, նկատվում է նաև բերքատվության աճ¦, ասում է Հայկանուշ Ենոքյանը:

Կոտայքի մարզի Սոլակ գյուղում ՕՌՎԱԿՕ ընկերության օգնությամբ գյուղացիները պատրաստեցին կենսահումուսի արտադրության փոքրիկ կույտեր և պատրաստի կենսահումուսը փորձարկեցին տարբեր մշակաբույսերի վրա: §Կայուն երկրագործության աջակցության կենտրոնի¦ համակարգող Ռաիսա Խաչատրյանի դիտարկումների համաձայն, բերքատվությունն ավելացել է կրկնակի անգամ: §Նկատվում են միրգ-բանջարեղենի դրական համային փոփոխություններ: Մշակաբույսերի մի մասը ընդհանրապես չի պարարտացվել, իսկ մյուս մասը պարարտացվել  է կենսահումուսով: Երկու դեպքում էլ մշակաբույսերը լավ արդյունք են ապահովել: Եթե կտրենք կարտոֆիլը, կտեսնեք, որ այն բացարձակապես վնասված չէ: Լոբին առանց պարարտացման, ճիշտ է, մանր է, սակայն որակապես լավն է: Իսկ կենսահումուսով պարատացվելու դեպքում այն թե՛ խոշոր է, թե՛ շատ: Քիմիա, թունաքիմիկատներ չի օգտագործվում՝ սա փորձ է զարգացնել  օրգանական գյուղատնտեսությունը»:

Կենսահումուսը ոչ միայն պարարտացնում, այլև կենդանացնում են հողը     

Կենսահումուսով պարարտացման արդյունքների մասին մեզ հետ կիսվեց նաև Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի ծիրանի այգիների գլխավոր գյուղատնտես Արամ Կարապետյանը.

«Մեզ մոտ բերքատվությունը նախորդ տարիներին կազմում էր 9-12 տոննա, այժմ այն դարձել է 70-80 տոննա, այսինքն 7-8 անգամ բարձրացել է, բացի այդ որակն էլ է բարձրացել, ինչի շնորհիվ շատ հեշտ կարողանում ենք վաճառել բերքը¦:

  • Արեւոտ Կալիֆորնիայի որդին¦

Կենսահումուսը գոյություն ունեցող լավագույն, արժեքավոր օրգանական պարարտանյութն է: Այն ստացվում է որդակոմպոստացման արդյունքում: 1959 թ.-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում որդերի տրամախաչման արդյունքում ստացել են անձրևաորդի մի տեսակ, որին §կալիֆորնիական կարմիր որդ» անվանումն են տվել: Այն ունակ է ուտել մեծաքանակ օրգանական թափոններ: Օրգանական թափոնն, անցնելով որդի օրգանիզմով, վերածվում է օրգանական պարարտանյութի: Որդի աղիքով անցնելիս հողը ձեռք է բերում հատուկ կառուցվածք, գնդիկայնություն: Արդյունքում հողի  մի շարք ֆիզիկական հատկանիշներ բարելավվում են. այն դառնում է ավելի օդաթափանց, ավելի ջրապահունակ և ավելի արժեքավոր:

Ֆերմերները հաճախ որպես օրգանական պարարտանյութ օգտագործում են գոմաղբը:  Սակայն գոմաղբը ևս պետք է ենթարկել նախնական մշակման՝ կոմպոստացման: Թարմ գոմաղբի օգտագործման դեպքում կա մոլախոտերով և վնասատուներով հողը վարակելու վտանգ։ Կենսահումուսի օգտագործման դեպքում այդ վտանգը նվազեցված է, քանի որ հումքը ենթարկվում է ջերմային մշակման: ՕՌՎԱԿՕ-ում դա կատարվում է հատուկ սարքերի միջոցով։

  • Մենք կենսահումուսը ստանում ենք ստերիլ հումքից և օգտագործում ենք սնկարդյունաբերության ժամանակ առաջացած օրգանական թափոնները՝ այն ծղոտը և պարկերը, որոնք օգտագործվում են սունկը բուծելու նպատակով¦,-ասում է ՕՌՎԱԿՕ ընկերության գործադիր տնօրեն Լուսինե Նալբանդյանը:

Բացի կենսահումուսից, այստեղ արտադրում են պարարտանյութի այլ  տեսակներ` կենսահեղուկ, որը կենսահումուսի հեղուկ քաշվածքն է, տորֆ և խառնուրդային պարարտանյութ` օրգանոմիքս, որն իրենից ներկայացնում է տորֆի, կենսահումուսի և կոմպոստների խառնուրդ: Մոտ ապագայում շուկա կհանվի նաև հողախառնուրդ, որն իր եզակի բաղադրությամբ  կտարբերվի վաճառքում գտնվող մյուս բոլոր հողախառնուրդներից:

«Կենսահեղուկը մեր ընկերության նոր արտադրատեսակներից է: Հեղուկ պարարտանյութ ունենալու անհրաժեշտությունն առաջացավ այն ժամանակ, երբ բազմաթիվ ջերմոցատերերից ստացանք առաջարկներ` մշակել այնպիսի պարարտանյութ, որը հարմար լինի կաթիլային ոռոգման ժամանակ կիրառելու  համար: Այն օգտագործվում է նաև արտարմատային սնուցման եղանակով: Այս պարարտանյութի շնորհիվ բարձրանում է բույսերի բերքատվությունը, տերևակալումը, ավելանում է ծաղիկների քանակը: Այն նվազեցնում է բազմաթիվ վնասատուների  (տիզ, ալրային որդեր, կանաչ տիզ, սովորական սարդանման տիզ և այլն) և հիվանդությունների, տերևային և արմատային պաթոգենների (ասկոմիցետ սունկ, օօմիցետ, որոնք առաջացնում են սերմերի բորբոս, կարտոֆիլի սև բորբոս և այլն) հասցրած վնասը:  Ինչպես մեր մյուս պարարտանյութերը, կենսահեղուկը ևս շատ մատչելի է գնի տեսանկյունից: 1լ կենսահեղուկը կիրառելիս անհրաժեշտ է լուծել այն 10 լիտր ջրում: Սակայն ավելի մեծ քանակությամբ ջրում լուծելու դեպքում կենսահեղուկը, միևնույն է, չի կորցնի իր դրական հատկանիշները:

Նոր արտադրանքը արդեն մեծ տարածում է գտել, փորձարկվել է և՛ պտուղ-բանջարեղենի, և՛ ծաղիկների վրա, հիմնականում ջերմատներում»:

Վկայում է մասնագետը

Արարատի մարզի գյուղերից մեկում կենսահեղուկով փորձնական կաթիլային ոռոգման միջոցով պարարտացրեցինք  300 մ2 տարածք, որպեսզի տեսնենք տարբերությունը հանքային կոմպլեքս պարարտանյութերի համեմատ: Ջերմոցատերը երկու շաբաթ անց կրկին ցանկացավ գնել և այդ պարարտանյութով պարարտացնել արդեն բոլոր բույսերը: Երբ հարցրեցինք տարբերություն կա, թե ոչ, նա պատասխանեց, որ բույսերն ավելի փարթամ են դարձել, պտուղների համը նույնպես դրականորեն փոխվել է: Չնայած տեսքից տարբերություն գրեթե չի նկատվում: Ինչո՞ւ վճարել կրկնակի, եթե կարելի է մատչելի գնով այս միջոցն օգտագործել

ՕՌՎԱԿՕ ընկերության գործադիր տնօրեն Լուսինե Նալբանդյան

 Օրգանոմիքսը նույնպես էկոլոգիապես մաքուր, կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է: Այն նպաստում է հողի հատկությունների բարելավմանը, բարձրացնում է հողի բերրիությունը, բերքատվությունը և այլն: Հիմնական սննդատարրերի պարունակությամբ 1տ օրգանոմիքսը համարժեք է 2-3 տ գոմաղբի:

Այսպիսով, վերը նշված բոլոր օրգանական պարարտանյութերը ոչ միայն բարձրացնում են հողի բերրիությունը, բերքի քանակը և որակը, բույսերի դիմացկունությունը ցրտի, վնասատուների և հիվանդությունների նկատմամբ, այլև դրանց շնորհիվ ստացվում է էկոլոգիապես անվտանգ և մաքուր բերք:

Չնայած այս ամենին, մեր գյուղացիներից շատերն, այնուամենայնիվ,  օգտագործում են միայն քիմիական պարարտանյութեր: Մենք համատարած սելիտրա սպառող գյուղատնտեսություն ունենք քանի որ օրգանական պարարտանյութը առերևույթ ավելի թանկ արժե, քան սելիտրան: Օրգանական պարարտանյութը գյուղացու համար կարող է երբեմն մատչելի չլինել, իսկ սելիտրան հասանելի է, հատկապես, երբ վերջինս պետական սուբսիդավորմամբ հատկացվում է Հայաստանի գրեթե բոլոր շրջաններին: ՕՌՎԱԿՕ-ի արտադրանքը, որը 100-ավոր տոննաների է հասնում և կարող է բավարարել նույնիսկ ամենախստապահանջ գնորդին, շատ ավելի մատչելի է, քանի որ այն ներառում է կոմպլեքս օրգանական պարարտանյութեր և, բացի ազոտից, պարունակում է նաև ֆոսֆոր, կալիում, անհրաժեշտ բոլոր մակրո և միկրոտարրերը, վիտամին C, հումինաթթուներ, ֆուլվոթթուներ և այլն։ Կա մեկ այլ խնդիր ևս. գյուղերում չկան մասնագետներ,  ինչպես նաև բացակայում է համակարգված խորհրդատվությունը:

  • Թեև ՕՌՎԱԿՕ ընկերությունը ձեռնարկում է որոշակի քայլեր այս ուղղությամբ, սակայն այս խնդիրը միայն մեր հոգածությամբ չի կարող լուծվել: Պետք է վարել ճիշտ, ագրոքիմիկատներից հնարավորինս զերծ գյուղատնտեսություն, անհրաժեշտ է ճիշտ սնել հողը, որպեսզի վերջինս հետագայում սնի մեզ¦,- համոզված է Լուսինե Նալբանդյանը: Oրգանական պարարտանյութերի կիրառման արդյունքում հայ երկրագործները կշարունակեն հպարտանալ իրենց աճեցրած անուշաբույր և անվտանգ պտուղ-բանջարեղենով, որն, անշուշտ, մեր երկրի գրավչության անբաժանելի մասն է կազմում:

 

 Հեղինակ՝ Սեդա Խաչատրյան