Մորեխները վաղուց ի վեր չարիք են դարձել մարդկության համար: Քրտնաջան աշխատանքի արդյունքում ստացված բերքը կարող է ոչնչանալ բառացիորեն րոպեների ընթացքում:

Որտեղի՞ց է հայտնվում այս անհագ միջատների անհամար բազմությունը, ինչպե՞ս պետք է պայքարել դրանց դեմ… Հանելուկ թվացող այս հարցերի պատասխանը գտավ ռուս միջատաբան Բորիս Պետրովիչ Ուվարովը:

Աշխարհահռչակ մորեխագետը

Ապագա աշխարհահռչակ գիտնականը ծնվել է 1888 թվականին Ուրալսկ կոչվող փոքրիկ քաղաքում: Նրա ծնողները, որոնց սերը բնության նկատմամբ անսահման էր, կարողանում են նույն ոգով դաստիարակել իրենց զավակներին: Նրանցից ամենակրտսերը` Բորիսը, ուներ մորեխների հավաքածու: Դա զարմանալի չէր.  մերձուրալյան տափաստանների միջատների աշխարհն անչափ հարուստ էր ու  բազմագույն:

Երկրագնդի վրա կա միջատների մի քանի միլիոն տեսակ. դրանք կենդանիների ամենամեծաթիվ դասն են: Միջատների ընդհանուր զանգվածը կազմում է երկու միլիարդ տոննա, ինչը տասն անգամ գերազանցում է բոլոր կենդանիների զանգվածը միասին վերցրած: 100 քառակուսի մետրանոց բացատի վրա ավելի շատ միջատ է բնակվում, քան ամբողջ երկրագնդի վրա` մարդ:

Մանուկ հասակի հետաքրքրությունը երիտասարդ Բորիս Ուվարովի համար դառնում է մասնագիտություն: Նա ընդունվում է Սանկտ-Պետերբուրգի համալսարան և դառնում է միջատաբան:

Ուվարովը չի ցանկանում մնալ համալսարանում: 1910 թվականին մեկնում է հեռավոր Թուրքմենիա` ուսումնասիրելու բամբակագործությանը անասելի վնաս հասցնող մորեխներին: Մեկ տարի անց նա հայտնվում է Հյուսիսային Կովկասում: Այս անգամ նա պետք է փրկեր Ստավրոպոլի գյուղատնտեսական դաշտերը մորեխների ներխուժումից:

Ե՞րբ և ինչո՞ւ է հանկարծ գոյանում անհագ միջատների հսկա բանակը:

Հին ձեռագրերը վկայում են, որ հազարավոր տարիներ առաջ տարբեր երկրներ` Եգիպտոսից մինչև Ռուսաստան, նույնպես տառապում էին թևավոր գիշատիչներից: Մորեխների հարձակումը, իրոք, անչափ վտանգավոր է: Ուսումնասիրությունների ժամանակ Ուվարովը բացահայտում է մի արտասովոր երևույթ: Գիշատիչ մորեխի են վերակերպվում սովորական մորեխները, ավելի ճիշտ` Locusta migratoria  տեսակի նստակյաց առանձնյակները: Նրանց ձվերից դուրս են գալիս թռչող և ագրեսիվ քոչվոր մորեխները: Անհագ միջատների մեծաթիվ խումբը մեկ օրում կարող է հաղթահարել մինչև հարյուր կիլոմետր:

− Իսկ ինչպե՞ս են սովորական մորեխներն առանց պատճառի դառնում գիշատիչ:

− Մանրազնին ուսումնասիրության և բազմաթիվ փորձերի հիման վրա Ուվարովն առաջ քաշեց տեսություն, համաձայն որի սովորական և նստակյաց մորեխները, հայտնվելով գերբնակվածության պայմաններում, սկսում են արտասովոր ձվեր ածել, որոնցից էլ դուրս են գալիս գիշատիչ մորեխները:

1915 թվականին Ուվարովը տեղափոխվում է Վրաստան, որտեղ շարունակում է հետազոտությունները: 1918 թվականի նոյեմբերին երկիր է մտնում անգլիական զորքը, իսկ 1920-ի սկզբին Անտանտի Գերագույն խորհուրդը ճանաչում է Վրաստանի դե-ֆակտո անկախությունը: Երկիրը լքելուց առաջ անգլիացիները ճանաչված միջատաբանին առաջարկում են տեղափոխվել Մեծ Բրիտանիա: Ուվարովն ընդունում է հրավերը:

Լոնդոնում 32-ամյա գիտնականի համար սկսվում է նոր կյանք: Ուվարովը շատ է աշխատում. ուսումնասիրում է տարբեր երկրներից Անգլիա ուղարկված միջատները, հրապարակում է հոդվածներ և գրքեր, գիտելիք և փորձ կուտակում:

1929 թվականին շատ երկրներ, այդ թվում` անգլիական գաղութները, ենթարկվում են մորեխների դաժան հարձակման, և Ուվարովն անցնում է գործնական աշխատանքի: Նա գլխավորում է մորեխի դեմ պայքարի մեթոդներ մշակող գիտնականների խումբը,  որի կազմում էին ֆրանսիացի, բելգիացի, եգիպտացի, հնդիկ և հարավաֆրիկացի միջատաբանները: Հավաքելով և մշակելով տվյալները մորեխների բազմացման վայրերի մասին` գիտնականները բացահայտում են սավաննաներում, սարերում և հովիտներում այդ միջատի բազմացման օջախները: Մորեխի ծագման աշխարհագրական կետերը և դրա առաջացման միջավայրը որոշելուց հետո միջատաբանները Ուվարովի ղեկավարությամբ ձեռնարկում են տարբեր միջոցառումներ, որոնք թույլ  են տալիս արագորեն մարել միջատների բազմացման բռնկումները և նույնիսկ կանխել մորեխների ապագա հարձակումները: Դա մեծագույն նվաճում էր: Սակայն սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, և գիտնականները ստիպված են լինում   դադարեցնել աշխատանքները…

1957 թվականին թևավոր ավազակների ավերիչ հարձակման է ենթարկվում Աֆրիկայի արևելքում գտնվող Սոմալիի Հանրապետությունը: Երկրի վրա էր հարձակվել 16 միլիարդ առանձնյակ` 50 հազար տոննա ընդհանուր քաշով: Ի դեպ, յուրաքանչյուր մորեխ օրվա ընթացքում ուտում է այնքան, որքան իր սեփական քաշն է…

Ուվարովը պայքարում էր մորեխների դեմ իսկական զորավարի նման: Նա մարտի դաշտ էր հանում մոտորացված մեծ միավորումներ` բեռնատարներ և տրակտորներ: Նրա հետ աշխատում էին տասնյակ հազարավոր բանվորներ և մասնագետներ: Նա §զորքն¦ արագ տեղափոխում էր ռազմաճակատի ամենապատասխանատու հատվածները, իրականացնում շրջանցման զորաշարժեր, կատարում խորագնաց մարտարշավ դեպի թշնամու թիկունք… Շուտով նա հասկանում է, որ թևավոր թշնամու դեմ պետք է պայքարել թռչող մեքենաների օգնությամբ: Եվ այդժամ երկինք են բարձրանում կարմիր թևերով տասնյակ ինքնաթիռներ: Դրանք շրջան են կատարում այն վայրի շուրջ, որտեղ նկատվում էր հերթական բռնկումը, և ցած են թափում թունաքիմիկատներ: Թունավոր ամպն իջնում էր ներքև և ոչնչացնում մորեխներին: Այդ ամենից հետո մոտակա բլուրների հետևից լսվում էր տարօրինակ մռնչոց… Դիզելային շարժիչների հռնդյունն էր: Մորեխներին ընդառաջ էին գնում շղթա կազմած տրակտորները. հարձակվում էր Բորիս Ուվարովի մեքենայացված բանակը:

Այդ ամենի համար Ուվարովին պարգևատրում են Բելգիայի §Առյուծի¦ և Ֆրանսիայի բարձրագույն՝ Պատվավոր լեգեոնի շքանշաններով: Իսկ Մեծ Բրիտանիայում նրան շնորհում են ասպետի ազնվական կոչում և պարգևատրում Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշաններով: Անգլիացիները նրան մեծարանքով դիմում էին §սըր Բորիս Ուվարով¦:

Իսկ նա շարունակում էր մնալ սովորական գիտնական, իսկական հետազոտող, ով հայտնաբերել և նկարագրել էր միջատների մոտ հազար նոր տեսակ և ենթատեսակ, սահմանել դրանց երկու հարյուրից ավելի նոր ցեղ…

 

Թարգմանիչ՝ Ցողիկ Պողոսյան
Աղբյուր՝ §Наука и жизнь¦
Հեղինակ՝ Նիկոլայ Գորկավիյ