Գյուղատնտեսությունը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող և մշտական ուշադրություն պահանջող ոլորտ է։ Կարևորելով գյուղատնտեսության դերը յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում և հիմք ընդունելով տարիներ ի վեր Հայաստանի հետ հաստատված համագործակցությունը, Ավստրիայի կառավարությունը բազմիցս հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով և զարգացման ծրագրերով: 2011 թվականից ի վեր ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) միջև ծավալված համագործակցության շրջանակներում իրականացվել են գյուղատնտեսության զարգացմանը նպաստող մի շարք ծրագրեր, որոնցից  է տարածաշրջանային նշանակություն ունեցող §Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում և Վրաստանում¦ ծրագիրը, որն իրականացվում է (CARD) հիմնադրամի կողմից: Անասնաբուժական ծառայությունների կարողությունների բարելավման միջոցով  ծրագիրն ուղղված է աջակցելու Հայաստանի և Վրաստանի գյուղացիական տնտեսություններին կենդանիների առողջության բարելավման, կենդանիների հիվանդությունների կանխարգելման և պահվածքի արդյունավետության բարձրացման հարցում:

Ծրագրի նշանակալի հաջողություններից մեկը, թերևս, կարելի է համարել Խոզերի գենետիկական կենտրոնի հիմնումը Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում: Տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի կենտրոնի նպատակն է Վրաստանում, Հայաստանում, ինչպես նաև Արցախի հանրապետությունում խոզաբուծությամբ զբաղվող տնտեսություններին բարձրարժեք գենետիկական հատկանիշներով օժտված տոհմանյութի մատակարարումը և խոզերի արհեստական սերմնավորման աշխատանքների կազմակերպումը:

Խոզաբուծությունը  Հայաստանում գյուղատնտեսական կարևոր ճյուղերից մեկն է հանդիսանում, իսկ տեղական ցեղատեսակների գենետիկական բարելավումը ոլորտի զարգացման կարևոր նախապայմաններից մեկն է։ Ուստի առավել քան պատեհաժամ էր կենտրոնի հիմնումը, և առավել քան տեղին էր Նոր Գյուղ համայնքի ընտրությունը։ «Իրականացվել է ուսումնասիրություն, և խոզերի գլխաքանակը ավելի շատ է եղել այս տարածքում։ Բացի այդ, Նոր Գյուղը կենտրոնական դիրք է զբաղեցնում Հայաստանի քարտեզում՝ հասանելի լինելով տարածաշրջանում բոլոր տնտեսվարողների համար»,- նշում է CARD հիմնադրամի Անասնաբուժության և Անասնաբուծության դեպարտամենտի տնօրեն՝ Արման Օհանյանը:

Հուլիսի 8-ին Հայաստան են բերվել ոլորտում առաջատար համարվող Topigs Norsvin հոլանդական կազմակերպության Dyuroc տոհմային մաքրացեղ վարազներ՝ ընդհանուր առմամբ 6 գլուխ։ Հաջող փորձաշրջան և կարանտին անցնելուց հետո  2017 թվականի օգոստոսի երկրորդ կեսից սկսվել է տոհմանյութի արտադրությունը։ Արդեն իսկ սպասարկվել է 150 և ավել տնտեսություն, կատարվել է մոտ 1500 խոզամայրի արհեստական սերմնավորում։ §Այստեղ ներկայացված են կլասիկ ցեղեր,  ամբողջ աշխարհն է այս ցեղերը նախընտրում և կիրառում: Այս սերունդով գյուղացին առաջընթաց է ունենալու թե՛ քանակի, թե արտադրվող մսի որակի, թե՛ առողջ խոճկորներ ստանալու, և թե՛ բարձր մսատվության հարցում¦։

Գենետիկական կենտրոնին պատկանող լաբորատորիայում նախ վարազներից ստացվում է սերմնահեղուկը, այնուհետև իրականացվում է ստացված սերմնահեղուկի որակական և քանակական գնահատում, սերմնահեղուկի նոսրացում և դոզավորում, իսկ վերջում՝ պիտակավորում և փաթեթավորում:

Քաղաքի աղմուկից հեռու գտնվող Նոր գյուղ համայնքում՝ մոտ 2800 քմ տարածքում, գենետիկական կենտրոնին կից գործում է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնը։ Կենտրոնում ֆերմերները կարող են ստանալ խորհրդատվություն, ձեռք բերել անհրաժեշտ դեղորայք և կերեր։ Այստեղ գյուղացիների համար պարբերաբար կազմակերպվում են նաև սեմինարներ, որոնք վարում են տեղի և արտասահմանից հրավիրված մասնագետները։ Վարազների սերմնահեղուկի վաճառքը ևս իրականացվում է հենց այս կենտրոնում, որը Հայաստանի մարզերում ԱՄՆ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից կառուցված 18 նման կենտրոններից մեկն է:

  • Պատրաստի սերմնահեղուկն արժե 5000 դրամ, իսկ ծառայությունն ամբողջությամբ մինչև 15.000 դրամ՝ կախված հեռավորությունից¦,-ասում է Սպասարկման կենտրոնի տնօրեն Աղասի Քինակցյանը և հավելում,- մենք իրականացնում ենք նաև կերակրման, զոոհիգիենայի, արդյունավետ տնտեսության վարման խորհրդատվություն: Աղասի Քինակցյանի խոսքերով հաճախորդների պակաս չի լինում, օրական միջինում 6 հաճախորդ են ունենում։ Իրենք էլ անկախ ուշ ժամից պատրաստ են սպասարկել մինչև վերջին այցելուն։

Գենետիկական կենտրոնի գործունեության առաջին ամսում Հայաստանի ամբողջ տարածքում և Արցախում կատարվել է շուրջ 1500 գլուխ խոզերի արհեստական սերմնավորում:

Թվով ամենաշատ սերմնավորումներն արվել են Շիրակի մարզում: Ազատանի Գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի տնօրեն Վարդան Պապոյանն ասում է, որ 300 գլուխ խոզի արհեստական սերմնավորում է կատարվել, իսկ նոյեմբերին արդեն կստանան առաջին խոճկորները:

Միայն Ազատանի Կենտրոնը նախատեսում  է տարեկանց 700-800գլուխ խոզի սերմնավորում իրականացնել: Կենտրոնի տնօրենը դրական է գնահատում նոր ցեղատեսակի ներդնումը, քանի որ ստացված խոզերի միսը ավելի որակով և պակաս ճարպոտ է լինելու:

Բացի այդ մենք ունենք հատուկ կերեր, որոնք ապահովում են բարձր քաշաճ։ Գյուղացին խոճկորին 12-15 –րդ օրվանից կերակրել է մեր առաջարկած կերով և 93-րդ օրում՝ սպանդից ստացել 48 կգ միս: Նախկինում այս ցուցանիշին հասնում էին 6-7 ամսում¦,-ասում է Վարդան Պապոյանը,-նոր ցեղատեսակի պարագայում այս արդյունքը անշուշտ կբարելավվի,-հավելում է նա:

Ասվածից հետևում է, որ գյուղացիները հավատով են վերաբերվում կենտրոնի աշխատանքին ու աջակցությանը։ Եվ իրենց վստահության արդյունքը նրանք կստանան հունվար ամսին, երբ  կծնվեն նոր ցեղատեսակի առաջին  խոճկորները՝ խթանելով ավելի շատ տնտեսությունների ներգրավումը։

Կենտրոնի շարունակական խորհրդատվության ու աջակցության արդյունքում գյուղացին հնարավորություն կունենա ավելի կիրթ տնտեսավարման արդյունքում ստանալ ավելի բարձր եկամուտ։

Հեղինակներ՝ Ազատուհի Խաչատրյան

Լիլիթ Լալայան