Սովորաբար, այս երկիր այցելած զբոսաշրջիկները հիանում են քաղաքների ու գյուղերի մաքրությամբ, բայց հազվադեպ են հետաքրքրվում, թե մարդիկ ինչի շնորհիվ են դրան հասել: Աշխարհի շատ երկրներում է կիրառվում աղբի տեսակավորման համակարգը, սակայն այստեղ այն հասցված է ծայրահեղության, գրեթե` անհեթեթության:

Այդ երկիրը Շվեյցարիան է:

Այստեղ տեսակավորում են այն ամենը, ինչը ենթակա է տեսակավորման: Համակարգը բացառություններ չի ընդունում. բոլոր մարդիկ պարտավոր են աղբը լցնել համապատասխան աղբարկղերի մեջ: Սա լիակատար ժողովրդավարություն է, որին մասնակից են դառնում բոլորը, սակայն միաժամանակ`  ժողովրդավարության լիակատար բացակայություն, երբ հաշվի չեն առնվում առարկություններն ու քննարկումները: Համաձայն չես` տուգանք վճարիր: Աղբի օգտահանման վերաբերյալ նման մոտեցումը հնարավոր է միայն Հելվետիկե Կոնֆեդերացիայում: Այդպիսին է այս երկրի մենթալիտետը: Բոլորին է դուր գալիս մաքուր ապրելը:

Հարուստ լինել չի նշանակում` օրենքից վեր դասվել: Հաճախ կարելի է տեսնել Porshe-ից դուրս եկող մարդու, ով առանց կաշկանդվելու դատարկ շշեր է տեղափոխում ընդումնան կետ:

Աշխարհում Շվեյցարիան առաջատար դիրք է զբաղեցնում օգտահանվող դատարկ շշերի քանակությամբ. տարայի 90 %-ից ավելին վերադարձվում է ապակու երկրորդական մշակման գործարաններ: Օգտագործված ապակու ընդունման և վերամշակման ծրագիրը սկսել է գործել 1972 թվից, և հաջողությամբ իրականացվում է մինչ օրս:

Որոշակի տեսակի գարեջրի շշեր վերադարձնելուց հետո միայն կարելի է խանութից հետ ստանալ կանխավճարը: Մնացած դեպքերում նրանք, ովքեր վերադարձնում են շշերը, դրա դիմաց ոչինչ չեն ստանում: Ընդ որում` մարդիկ պարտավոր են առանձնացնել կափարիչները և շշերն ու բանկաները տեսակավորել ըստ ապակու գույնի: Սպիտակը, դարչնագույնը, կանաչը` յուրաքանչյուրն անաձին-առանձին:

Թուղթը և ստվարաթուղթն առանձնացվում են, քանի որ վերջինիս վարամշակումն ավելի թանկ է: Երկրում լույս տեսնող տպագիր արտադրանքի գրեթե մեկ երրորդը վերադարձվում է երկրորդային հումքի վերամշակման կետեր:

Մարդկանց մտքով անգամ չի անցնում դեն գցել օգտագործված մարտկոցները: Այդ է պատճառը, որ Շվեյցարիայում վաճառվող բոլոր մարտկոցների 60 %-ը վերադարձվում է և չի հայտնվում աղբամանում:

Առանձին են հանձնվում PET շշերը, առանձին` էլեկտրական հին սարքերը և կենցաղային տեխնիկան, առանձին` ցերեկային լուսավորության լամպերը, առանձին` պահածոների տուփերը (հանձնողները մագնիսական մամլիչի օգնությամբ ինքնուրույն պետք է մամլեն թիթեղը), առանձին` կենդանիների դիակները (դրա դիմաց պետք է վճարել, սակայն թաղելն արգելվում է), առանձին` բուսական յուղի, առանձին` մեքենայի յուղի մնացորդները (սեփական մեքենայի յուղն ինքնուրույն փոխելը խստիվ արգելվում է. ձեր փոխարեն դա կանեն տեխսպասարկման կայաններում 50 ֆրանկի դիմաց): Տեսակավորման ենթակա առարկաների ցանկից միայն կարելի է սարսափել…

Հնարավոր է մտածել`այս գործողությունների փոխարեն կարելի է պարզապես ամեն ինչ նետել աղբամանը: Իհարկե կարելի է: Սակայն այդ դեպքում ստիպված կլինեք վճարել հարկ, որը հաշվարկում են ըստ յուրաքանչյուր կիլոգրամ թափոնի: Աղբի պարկի վրա կպցնում են դրոշմանիշ, որը վկայում է վճարված հարկի մասին: Հինգ կիլոգրամ աղբի դիմաց պետք է մուծել 2-3 ֆրանկ (գինը տատանվում է ըստ կանտոնի): Այդ է պատճառը, որ տեղացիների մեծ մասը երկրորդային հումքի հանձնման կետեր է տանում ձեռքի տակ ընկած օգտագործված ցանկացած իր, օրինակ` համակարգիչ կամ մանկասայլակ:

Նույնիսկ գոյություն ունի չափազանցված օրինակ, թե ինչպես պետք է դեն նետել թեյի օգտագործված փաթեթը. պիտակը` ստվարաթղթի համար նախատեսված աղբարկղը, տոպրակը` հին թղթի, օգտագործված թեյը` կոմպոստի, ամրակը` օգտագործված մետաղի աղբարկղը, իսկ թելը` աղբի դրոշմանշված տոպրակի մեջ: Հավանաբար, սա կընկալվեր որպես զավեշտ…, սակայն ոչ Շվեյցարիայում:

Նախկինում կային և հիմա էլ քիչ չեն §ճարպիկներ¦, ովքեր ցանկանում են ազատվել թափոններից առանց փաթեթը դրոշմանշելու: Սակայն նմանների հարցը լուծում են աղբահանությունը վերահսկող ոստիկանության օգնությամբ: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ մասնագետները գտնում են աղբը սահմանված տեղում չթափող կամ հարկ չվճարող կարգազանցներին (սա կատակ չէ) և տուգանում նրանց: Տուգանքները բարձր են: §Նոր Ցյուրիխյան թերթ¦-ը գրել էր այն մասին, որ աշխատանքի գնալու ճանապարհին մի մարդ մեքենայի պատուհանից պարզապես դուրս էր նետել կենցաղային աղբով լի թղթե տոպրակը: Եվ ի՞նչ: Ոստիկանությունը գտել էր նրան:

Օրինախախտին դատեցին և տուգանեցին. 6000 ֆրանկ` աղբն օգտահանելու և մայրուղին մաքրելու, 3000 ֆրանկ` օրենքը խախտելու համար: Դատարանի ծախսերը կազմեցին 530 ֆրանկ: Ընդհանուր առմամբ` կատարված զանցանքը գնահատվեց 9530 ֆրանկ: Շվեյցարական չափանիշներով` սա շատ խիստ պատիժ է,  քանի որ այստեղ ընդունված է մանրախնդրորեն հաշվել յուրաքանչյուր ռապենը:

80-ական թվերին, երբ աղբի դրոշմանշումը կիրառվում էր միայն երկրի հարավ-արևելքում, լայն տարածում ստացավ, այսպես կոչված, աղբային զբոսաշրջությունը: Հանգստյան օրերին մարդիկ մեքենաների բեռնախցիկներում տեղավորում էին շաբաթվա ընթացքում կուտակված աղբը և ուղևորվում երկրի մեկ այլ հատված: Ե՛վ երկրի տեսարժան վայրերին էին ծանոթանում, և՛ անվճար ազատվում աղբից:

Միայն Ցյուրիխ օրական տեղափոխվում էր 3000 տոննայից ավելի §ոչ օրինական¦ պարկ: Այդ պատճառով բոլոր կանտոններրն ու համայնքները ստիպված եղան աղբի համար հարկ սահմանել:

Դեռևս 20-րդ դարի 80-ականներին Շվեյցարիայում էկոլոգիական իրավիճակն աղետալի էր: Բոլոր գետերն ու լճերն աղտոտված էին ֆոսֆատներով և նիտրատներով, հողը` ծանր մետաղներով, կենսաբազմազանությունը սրընթաց նվազում էր, իսկ սպառող հասարակության աճի հետ զուգընթաց կուտակվում էր մեծ քանակությամբ աղբ: Կարճ շամանակ անց մարդիկ սկսեցին շնչահեղձ լինել սեփական աղբից, արտադրական և գյուղատնտեսական աղտոտումներից: Նման փոքր տարածք ունեցող երկրում հնարավոր չէր ինչ-որ տեղ կուտակել թափոնները և մոռանալ դրանց մասին:

Հրատապորեն հարց բարձրացվեց էկոլոգիական նոր քաղաքականություն մշակելու մասին, որը սկսեցին իրականացնել ծայրահեղ բծախնդրությամբ: Պահանջվեց երկու տասնամյակ, սակայն արդյունքը գերազանցեց բոլոր սպասումները: Ներկայումս Շվեյցարիան աշխարհի էկոլոգիապես մաքուր երկրներից մեկն է` զարգացած հասարակական տրանսպորտով և հիասքանչ լեռնային օդով: Ցանկացած լճից և, բնականաբար, ծորակից կարելի է ջուր խմել` չվտանգելով առողջությունը:

Ո՞րն է նման հաջողության պատճառը: Գաղտնիքն այն է, որ պետությունը մարդիկ են: Շվեյցարացիներն իրենք իրենց հրամայեցին մաքրել սեփական երկիրը և մեծագույն հաջողության հասան: Մնացյալն արդեն ժամանակի խնդիր էր:

Եզրակացությունը պարզ է… մարդիկ ցանկացան` մարդիկ արեցին:

Այս ամենի մասին պատմեք ձեր ընկերներին, էկոլոգիական խմբեր կազմեք և սկսեք սեփական աղբը վերացնելուց:

Չալարե՛ք: Աղբավայրում ապրելն անպատվաբեր է: Ի գո՛րծ։

Նյութը տրամադրեց Շուշան Գյուլխասյանը