Առաջին մասնագիտությամբ՝ կենսաբան, իսկ ներկայում որպես բիզնես վերլուծաբան մասնագիտացող Ռուզաննա Քարտաշյանն ու իր ամուսինը ճակատագրի բերումով սեփական մաշկի վրա են զգացել բնության կենարար ուժն ու կազդուրիչ հատկությունները։ Առողջական լուրջ խնդիրներն ավանդական բժշկության օգնությամբ հաղթահարելուց հետո օրգանիզմի մաքրման, ֆունկցիայի վերականգնման և դիմադրողականության բարձրացման նպատակով նրանք դիմել են բույսերի օգնությանը և հասել աննկարագրելի արդյունքների: Սեփական հաջողությամբ ոգեշնչված՝ որոշել են կիսվել իրենց փորձով և բուսական միջոցները հասանելի դարձնել նաև հանրությանը՝ ներկայանալով հայկական խոտաբույսերի յուրահատուկ համային հատկանիշներով ու օգտակար հատկություններով օժտված թեյերով։ §Եթե բժիշկն օգնում է, որ հիվանդը բուժվի, կենսաբանն օգնում է, որ չհիվանդանա։ Հիմա մենք ոչ թե բուժում ենք, այլ օգնում ենք  կանխել հիվանդությունը¦, – նշում է Ռուզաննան։ 

Ամեն ինչ սկսվեց ընկերական մտերմիկ մթնորտում կազմակերպվող հանդիպումներից և թեյախմություններից։ Ամուսինները պարզապես հավաքում էին խոտաբույսեր, չորացնում և հյուրասիրում իրենց ընկերներին։ Ստացված  կարծիքներն ու արձագանքները ոգևորրիչ էին, և նրանք  որոշում են ընդլայնել գաղափարն ու  սկիզբ դնել թեյերի արտադրությանը։  Եվ այսպես, 2014 թվականին հիմնադրվեց Էդնա ընկերությունը, որը շուկայում ներկայանում է ԴԱՐՄԱՆ ապրանքանիշի արտադրանքով։

Հատկանշական է անվան ընտրությունը՝ ԴԱՐՄԱՆ, այսինքն՝ դեղ, դեղամիջոց։ Պատահական չէ նաև արտադրության տեղակայումը։ Ծագումով Տավուշից ամուսինները որոշում են իրենց թեյերում ներառել բացառապես Տավուշի մարզից հավաքված բույսերը, ինչը պայմանավորված է ոչ միայն վերջիններիս յուրօրինակ համային հատկանիշներով,  այլև այն փաստով, որ Տավուշը համարվում է Հայաստանի էկոլոգիապես ամենամաքուր շրջանը, որտեղ բացակայում են գործարանները, և նույնիսկ անտառներն են կուսական՝ մարդու գործունեությունից հեռու։ Իսկ գրեթե 2900 մ բարձրության վրա աճող բույսերի յուրահատուկ համի մասին կարելի է դատել՝ համտեսելով §Դարման¦ թեյերը։ Տեսնելով շուկայում առկա բուսական թեյերի բազմազանությունը՝ ամուսինները որոշում են տարբերվել և յուրովի ներկայանալ։ Ինչպես նշում է Ռուզաննան, §Ցանկացած գործ սկսելիս, իհարկե, պետք է լինի ընդհանրություն, սակայն պետք է առաջարկես նաև ինչ-որ բան ավելին։ Մենք որոշեցինք ներկայանալ նոր փաթեթավորմամբ՝ թեյերի հավաքածուով, որը ներառում է 4 տեսակ խոտաբույսեր՝ փոքր փաթեթներով։ Այսինքն՝ հավաքածուի գաղափարն էր նոր։ Նաև ցանկանում էինք ստանալ այնպիսի բան, որ ներկայանալի տեսք ունենար, և մարդիկ ցանկանային այն նվիրել միմյանց՝ որպես հայկական արտադրատեսակ։ Մենք նաև որոշեցինք որակով առանձնանալ և լինել եթե ոչ լավագույնը, ապա լավագույններից¦։Դարման¦ թեյերն աչքի են ընկնում որակական բարձր հատկանիշներով, քանզի ընկերությունը հումքային տեսանկյունից ևս նոր լուծումներ առաջարկեց։ §Դարման»¦ թեյը ներառում է միայն ամբողջական տերևներ ու ծաղիկներ, այսինքն՝բույսերը մաքրված են ցողունային հատվածից։ Քանի որ ցողունային հատվածը գրեթե զերծ է օգտակար հատկություններից ու եթերային յուղերից և ընդամենը քաշ է ավելացնում թեյին՝ նույնիսկ ազդելով վերջինիս մաքրության վրա, ուստի §Դարման¦ ընկերության հիմնադիրները որոշեցին ձերբազատվել ցողուններից և պահպանել ամբողջական տերևի գաղափարը՝ նպատակ ունենալով հնարավորինս օգտակար հատկություններ հասցնել սպառողին։ Ընկերությունն այս պահին ունի մոտ 20 աշխատող։ Արտադրական գործընթացը կատարվում է ձեռքով, առանց քիմիական նյութերի կիրառման։ Հավաքն իրականացվում է հիմնականում ամռան շրջանում։ Ընկերությունը բավականին խիստ է մոտենում հումքի ընդունման հարցին՝ ընդունելով միայն համապատասխան չափորոշիչներին համապատասխանող հումքը։ Մաքրումը հիմնականում իրականացվում է սեպտեմբերից հետո, որպեսզի ամռան շրջանում բոլոր ջանքերն ուղղված լինեն պատշաճ հավաքման գործընթացին։ Երբ ընկերությունը դեռևս տարածքի խնդիր ուներ, հավաքն իրականացնելու հետ մեկտեղ սեփական տներում բնակվող աշխատակիցներն իրենք իրականացնում էին նաև չորացման գործընթացը։ Այս պահին ընկերությունն արդեն ձեռք է բերել  պահանջվող բոլոր չափորոշիչներին համապատասխանող արտադրական տարածք, որտեղ նախատեսում է  իրականացնել նաև չորացման գործընթացը, և ինչի միջոցով կապահովվի  է՛լ ավելի համակարգված և մեկտեղված հսկողություն արտադրական ողջ գործընթացի նկատմամբ։

Մեզ մոտ առաջին տարին փորձաշրջանային տարի էր։ Մենք սահմանափակ արտադրաքանակ թողարկեցինք, երկրորդ տարին ծավալը մեծացրինք, և, կախված շուկայի կայունությունից, կարծում եմ, հաջողության դեպքում ծավալները աստիճանաբար կմեծանան¦։ Չնայած ընկերության կայացման գործընթացը բավականին բարդ և խոչընդոտներով լի է եղել, Ռուզաննան չցանկացավ խոսել դժվարությունների մասին. §Ես սովորություն ունեմ դժվարությունների մասին մոռանալ։ Եթե դժվարությունը հաղթահարելի է, այն դժվարություն չէ¦։

Դարման¦ թեյերը ներկայացված են Երևանի բազմաթիվ խանութներում։ Իհարկե, սուպերմարկետներում էլ կան, սակայն առավել մեծ քանակությամբ և տեսականիով վերջիններս ներկայացված են հուշանվերների և թեյերի մասնագիտացված խանութներում, քանզի դասվում են հայաստանյան հուշանվերների շարքին։ Արտերկում բնակվող մեր հայրենակիցների համար հայրենիքի բույրով հագեցած թեյերը բազում հիշողությունների, կարոտի և սիրո հիմք են հանդիսանում՝ արթնացնելով հույզեր, և, ինչու չէ, ստիպելով վերադառնալ և վայելել հայաստանյան բնության հարստությունը։

Այս պահին ընկերությունը մտածում է նաև արտահանման մասին։  Հայաստանյան շուկան համարվում է շատ փոքր, իսկ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  խոտաբույսային թեյերը գնալով ավելի հայտնի են դառնում եվրոպական, ռուսական, ամերիկյան շուկաներում։ Տվյալ պահին ֆիզիկական անձանց միջոցով §Դարման¦ թեյերն արտահանվում են Ֆրանսիա, Ռուսաստան, որոշ չափով՝ ԱՄՆ, սակայն հետագայում ընկերությունը նախատեսում է ավելի լուրջ ծավալներով ներկայանալ արտերկրյա շուկաներում։

Նախանձել կարելի է Ռուզաննայի լավատեսությանն ու կամքի ուժին, և, ինչպես ինքն է նշում, §ցանկացած գործում կա ռիսկ, սակայն եթե գործին նվիրվում ես, սիրում ես, ռիսկերը կառավարելի են¦: Համոզված ենք, որ այդ սիրո և նվիրվածության շնորհիվ  նրանց դեռ մեծ հաջողություններ են սպասվում։

 

Հեղինակ՝ Քնարիկ Սերոբյան