Աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկի օրինակով կարելի է տեսնել, որ հրաշքներ երբեմն լինում են: Աղքատ և ոչ մի բնական պաշար չունեցող Հարավային Կորեան, հիմնվելով իր իսկ ազգային մտածելակերպի վրա, կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները և դասվել ամենահզոր տնտեսություն ունեցող երկրների թվին:

Ներկայիս բնակչության թիվը կազմում է 50 միլիոն, որից 10 միլիոնը տեղակայված է մայրաքաղաք Սեուլում (Սեուլ թարգմանաբար նշանակում է մայրաքաղաք)։  Այստեղ ժամանակակից շինությունները պահպանել են ազգային ճարտարապետության դիմագիծը: Հարավային Կորեան դասվում է բարձր կենսամակարդակ ունեցող զարգացած երկրների թվին:

Կորեացիներն իրենց երկիրն անվանում են §առավոտյան գեղեցկություն¦ կամ §առավոտյան զովության երկիր¦:

Տնտեսությունը, որտեղ գերակշիռ մաս են կազմում էլեկտրոնիկան, ավտոմեքենաների արտադրությունը, նավաշինությունը (համաշխարհային շուկայի 45% մասնաբաժնով) և մեքենաշինությունը,աշխարհում զբաղեցնում է տասնհինգերորդ տեղը համախառն ներքին արդյունքով: 2004 թվականին Հարավային Կորեայի համախառն ներքին արդյունքը հատել է մեկ տրիլիոն ԱՄՆ դոլարի սահմանագիծը: Երկրի բնական ռեսուրսներից են ածուխը, վոլֆրամը, գրաֆիտը, մոլիբդենը և կապարը: Հարավային Կորեան ունի ճյուղավորված գետային ցանց, որը լայնորեն օգտագործվում է ոռոգման և էներգետիկ նպատակներով:

Կորեան կարելի է անվանել կանաչ երկիր, քանի որ այն ունի բավականին հարուստ բուսական աշխարհ (մոտ 30 հազար տեսակ բույսեր): Կլիման տաք է և խոնավ, հողը՝ բերրի, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում բրնձի մշակության համար:

Հարավային Կորեայի գյուղատնտեսությունն ունի մոտ 5000 տարվա պատմություն: Գյուղատնտեսության մեջ գերակշռում է մանր հողատիրությունը, արտադրվում և արտահանվում են մեծ քանակությամբ բամբակ և հացահատիկ: Երկրի տարածքը կազմում է 10,000,000 հա, որից 1,698,000 հա-ը կամ 17%-ը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Մեկ ընտանիքին բաժին է ընկնում 1.46 հա, ինչը շատ փոքր ցուցանիշ է այլ երկրների հետ համեմատած: Այստեղ հողատարածքները բաժանվում են երկու խմբի՝ բրնձի դաշտեր և լեռնային հողատարածքներ: Արևմտյան ծովափի հարթավայրերը հացահատիկի արտադրության գլխավոր շրջաններն են: Գյուղացիները մշակում են յուրաքանչյուր պիտանի հողակտոր և ստանում են բանջարեղենի և ընդավորների առատ բերք: Սոյայի արտադրությունը նույնպես զարգացած է: Այն օգտագործվում է ամենօրյա սննդամթերքի և ձեթի արտադրության մեջ: Իսկ անասնապահությունը համեմատաբար թույլ է զարգացած: Բնակչությունը սպառում է մեծ քանակությամբ ծովամթերք:

Երկրորդ համաշխարհային պատերազմում, Ճապոնիայի պարտությունից հետո Խորհրդային բանակը մուտք է գործում Կորեա: 1945թ-ից Կորեայում ստեղծվում է 2 գոտի, որոնցից մեկը հայտնվում է Մոսկվայի Կրեմլի, իսկ մյուսը՝ ամերիկյան ազդեցության տակ: Այդ ժամանակ հարավային մասը հյուսիսից ավելի աղքատ էր, քանի որ այն ավելի շատ գյուղատնտեսական երկիր էր: Բայց աղքատ հարավը զարգացավ, իսկ հյուսիսն առանձնացավ աշխարհից և գնալով ավելի աղքատացավ:

Այս պետության օրինակով կարելի է հասկանալ, որ երբեմն հրաշքներ լինում են: Մինչև 20-րդ դարի վերջը այստեղ իշխել են զինվորական բռնապետերը: Սակայն 1945 թվականի անկախացումից հետո իրականացվեցին բարեփոխումներ, որոնց արդյունքում Կորեան բռնեց զարգացման, հզոր երկիր դառնալու ուղին: Ծրագիրը հետևյալն էր. նախկին հողատերերից վերցնել հողերը, բաժանել գյուղացիներին, որի մշակության արդյունքում ստացված բերքի հասույթը հարկի տեսքով պետք է տրվեր պետությանը: Երկրի բնակչության 75%-ը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, իսկ բնակչության 63-%-ն ապրում էր գյուղական շրջաններում:

Ժամանակին սնանկ երկրի տնտեսության զարգացումը սկսվել է հայրենասեր և ազգասեր գեներալ Պակ Չոն Հինի կառավարմամբ: 1961 թվականին ԱՄՆ-ի միջնորդությամբ նա փոխում է երկրի զարգացման ուղին: Պակը հասկացել էր, որ իր երկրի միակ ռեսուրսը աշխատասեր ժողովուրդն է: Նա  մի առիթով ասել է. §Առանց գյուղացիների կամավոր նախաձեռնության հասարակությունը չի կարող ոտքի կանգնել, և եթե նրանք ունեն ինքնավստահ ոգի, ապա, պետությունից ունենալով նվազագույն օգնություն, կարող են դառնալ անկախ¦: Պակը Հարավային Կորեան համեմատում էր սնանկացող ընկերության հետ, և իր սերն այնքան մեծ էր այդ ընկերության հանդեպ, որ նա երդվեց ամեն գնով այն դարձնել ուժեղագույնը: Առաջին նախաձեռնությունը, որ կատարվեց պետության կողմից, յուրաքանչյուր գյուղին 330 պարկ ցեմենտի և երկաթի տրամադրումն էր:

Գեներալ Պակի տնտեսական մոդելի գաղտնիքը հետևյալն էր. օտարերկրյա ներդրումների շնորհիվ Կորեայում կառուցել մեծ գործարաններ, հումքը գնել դրսից, մարդկանց ապահովել աշխատանքով, իսկ արդեն պատրաստի արտադրանքն արտահանել Կորեայից: Որակյալ կադրերի պակասի պատճառով շեշտը դրվեց թեթև արդյունաբերության վրա: Մարդիկ աշխատում էին օրական 12-14 ժամ: Պետությունը ցածր էր պահում հարկերը, ինչը թույլ էր տալիս զարգացնել փոքր և միջին բիզնեսը:  Պետությունն իր ընկերություններին տրամադրում էր հսկայական քանակությամբ վարկեր, և հաճախ պարզապես զիջում էր դրանք: Այդ ընկերությունները կոչվում են Չեյբոլներ, իսկ մեզ ամենահայտնի Չեյբոլներն են` Samsung, Kia, Hyundai, Daewoo, LG և այլ ընկերություններ: Արտադրությունում շեշտը հատկապես դրվում էր որակի վրա: Ընկերությունների ղեկավարներն ավելի քան ուշադիր էին որակի պահպանմանը, քանի որ դա գեներալ Պակի հրամանն էր, և նրանցից յուրաքանչյուրը գիտակցում էր, որ Պակի խոսքն անտեսելը  կարող էր պաշտոնանկության պատճառ դառնալ:

Բոլոր նախաձեռնությունների հիմքում ընկած էր ազգային և պետական մտածելակերպը: Կորեական ավագ սերունդը 1961 թվականի  նախագահական ընտրություններում ընտրեց մի մարդու, ով փոխեց երկրի զարգացվածության ուղին, իսկ 2012 թվականի 11-րդ նախագահական ընտրությունների ժամանակ կորեացիներն ավելի կողմնակից եղան դինաստիական հաջորդականության և իրենց նախագահ ընտրեցին գեներալ Պակի աղջկան՝ Փակ Կըն Հյենին, ով ներկայումս օգտագործում է իր հոր կառավարման տեխնիկան և շարունակում է նրա գործերը: Մոր մահվանից հետո Փակ Կըն Հյեն կատարել է առաջին տիկնոջ դերը  հոր կառավարման ժամանակ: Նա Հարավային Կորեայի պատմության մեջ ընտրված առաջին կին նախագահն է:

Ըստ Forbes-ի տրամադրած տվյալների՝ աշխարհի ամենաշատ աշխատող ազգը կորեացիներն են` տարեկան 2357 ժամ: Աշխատասիրությունը նրանց գլխավոր արժանիքներից է: Ներկայումս աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմում է 4,628 ԱՄՆ դոլար, իսկ նվազագույն աշխատավարձը 802 ԱՄՆ դոլար է:

Ներկայումս Հարավային Կորեայի գյուղատնտեսությունն ունի կառավարման նոր միտումներ.

  • Էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանք
  • ապրանքանիշի ազդեցության ռազմավարություն
  • ինտերնետային առևտրի ակտիվացում
  • գյուղատնտեսական տուրիզմի խթանում
  • կորեական գյուղատնտեսության մրցակցության բարելավում` գյուղատնտեսական արտահանումների ընդլայնումների շնորհիվ

Ստորև բերված է կորեական գյուղական համայնքի նկարագիր.

Տարի 1980 2010
Տիպիկ գյուղական համայնք Տիպիկ գյուղական համայնք

 

Բնակչություն 360 243

 

Վարելահող 40 հա 50 հա

 

Յուրաքանչուր ընտանիքի միջին տարեկան եկամուտ $ 2,000 $ 70,000

 

Արտադրանք բրինձ, բանջարեղեն և կարտոֆիլ Անժելիկա, ծաղիկներ

 

 

Տեսանելի է, որ գյուղական համայնքները փոքրացել են, սակայն ընդլայնվել է մեկ ընտանիքին բաժին ընկնող վարելահողի չափը։ Եթե նախկինում գյուղացիները մշակում էին ցածր եկամտաբերություն ունեցող բանջարեղեն, ապա այժմ նախընտրում են մշակել ավելի բարձր եկամուտ ապահովող գյուղատնտեսական կուլտուրաներ:

Կորեացիները վստահ են, որ ստանդարտ և ավանդական հողագործությունը կարող է §աղքատացնել¦ նույնիսկ զարգացած երկիրը :

Կորեական քաղաքներում և հատկապես մայրաքաղաքում կա մի հետաքրքիր սովորույթ` շենքի տանիքներում կառուցել բանջարեղենային այգիներ:

Ներկայումս Հարավային Կորեայում կան շատ կրթական հաստատություններ, որոնց գերնպատակն է պատրաստել առաջնորդներ, քանի որ կորեացիները հասկանում են, որ պետության զարգացման նախադրյալներից է հասարակությանը ճիշտ կրթելը  (բարձրակարգ կրթական համակարգը): Նպատակ ունենալով արմատախիլ անել աղքատությունը և հասնել կայուն զարգացման՝ նախ և առաջ փոխվեց մարդկանց մտածելակերպը․ սա իր հերթին կփոխեր նաև տունը, աշխատավայրը, հասարակությունը, ինչը կհանգեցներ ցանկալի արդյունքին: Մարդկանց մտածելակերպը փոխվեց հետևյալ կերպ.

  • սկզբում պետք է ես փոխեմ իմ մտածելակերպը
  • պետք է փոխել այն հենց հիմա
  • պետք է փոխել այն հենց այստեղ
  • պետք է սկզբում փոխել մանրուքները

Այս մոդելը կորեացիների հոգևոր կրթության մի մասն է կազմում: Առավոտյան արևը դեռ չբացված՝ կորեացիները արթնանում են և անցնում իրենց ամենօրյա աշխատանքին ու չեն մոռանում կրկնել վերը նշված կետերը:

Հայրենասեր ղեկավարի և կառավարման ճիշտ մոդելի շնորհիվ Հարավային Կորեան դարձավ ամենահզոր տնտեսություն ունեցող երկներից մեկը: Պարզապես պետք է ունենալ արժեքներ և սկզբունքներ: Սրանք ամենաարդյունավետ ներդրումներն են, որոնք նպաստում են պետության ներդաշնակ զարգացմանը:

 

Հեղինակ՝ Անի Հովհաննիսյան հետգործառնական մասնագետ ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ